- Main
- Node
- Դասավանդումը՝ որպես պատասխանատվություն․ ԵՊՀ դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի մոտեցումը կրթությանն ու դասախոսի առաքելությանը
August 31, 2026 | 14:00
Կրթություն
Հասարակություն
Դասավանդումը՝ որպես պատասխանատվություն․ ԵՊՀ դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի մոտեցումը կրթությանն ու դասախոսի առաքելությանը
«Հարգելի՛ ուսանողներ»․ այս բառերն են ամենահաճախը հնչում Հովհաննես Հովհաննիսյանի գրեթե յուրաքանչյուր դասի ընթացքում։ Ավելի քան երեք տասնամյակ անցկացնելով համալսարանում՝ դասավանդումը նրա համար վերածվել է ոչ միայն մասնագիտական աշխատանքի, այլև մտածողության, պատասխանատվության և մշտապես սովորելու ճանապարհի։
ԵՊՀ «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հասարակագիտական անվանակարգում դասավանդման գերազանցության մրցանակի արժանացած դասախոսը պատմում է դասախոսական աշխատանքի, լսարանի հանդեպ պատասխանատվության և այն արժեքների մասին, որոնք ցանկանում է փոխանցել ուսանողներին։
Դասախոսի դիմանկարը
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի մասնագիտական ուղին սկսվել է դեռ համալսարանական տարիներից՝ ուսումնառությանը զուգահեռ աշխատանքի փորձով։ Նա աշխատել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում, ինչպես նաև մի շարք գիտահետազոտական և կրթական կառույցներում՝ միաժամանակ դասախոսություններ կարդալով ուսումնական տարբեր հաստատություններում։
ԵՊՀ-ում նրա կանոնավոր դասավանդումը սկսվել է 1996 թվականից՝ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո։ Այդ փուլից սկսած՝ լսարանը դարձել է նրա գիտական և մարդկային ինքնադրսևորման հիմնական հարթակը։
- Պարո՛ն Հովհաննիսյան, հիշո՞ւմ եք Ձեր առաջին դասը որպես դասախոս։ Ի՞նչ զգացողություններ ունեիք։ Տարիների ընթացքում ինչպե՞ս է փոխվել Ձեր վերաբերմունքը դասավանդման նկատմամբ։
- ԵՊՀ-ում 1-ին դասն անցկացրել եմ, երբ 5-րդ կուրսի ուսանող էի։ Փոխարինեցի դասախոսիս, որը հարգելի պատճառով այդ օրը բացակայում էր․․․ Հաջող անցավ։
Մշտապես պատրաստվել եմ և հիմա էլ պատրաստվում եմ լսարան մտնելուց առաջ։ Սակայն երբ նոր էի սկսել դասավանդել, առավել ինքնավստահ ու համարձակ էի։ Տարիների ընթացքում երիտասարդական ինքնավստահությանն ու հավակնոտությանը փոխարինելու են եկել կամ, գուցե, գերակա դարձել խորաթափանցությունն ու խոհական մոտեցումը գործին։
- Ի՞նչն է Ձեզ մինչ օրս պահում լսարանում։
- Գիտակցումը, որ կրթությունը ապագայի դարբնոցն է։ Այն, ինչ ունենք կրթական համակարգում, տարիներ անց ունենալու ենք կյանքում։ Այդ իմաստով շատ եմ կարևորում դասախոսի և ուսուցչի աշխատանքը։ Նաև բավականություն եմ ստանում, երբ կարողանում եմ հետաքրքրություն առաջացնել ուսանողների շրջանում և բավարարել նրանց գիտելիքների պահանջը։
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ է նշանակում լինել լավ դասախոս։ Ձեր կարծիքով՝ ո՞ր հատկանիշն է ամենաշատը անհրաժեշտ ժամանակակից դասախոսին։
- Ունենալ մասնագիտական խոր գիտելիքներ, մանկավարժական ձիրք, լինել բազմահմուտ ավագ բարեկամ և օրինակելի անհատականություն ուսանողի համար։ Ավանդական արժեքները չթերագնահատելով՝ կարևորում եմ ժամանակին համընթաց քայլելը, մասնագիտական և տեխնոլոգիական նորություններին իրազեկ լինելը։
- Ինչպե՞ս եք փորձում գիտական բարդ թեմաները դարձնել հասկանալի և հետաքրքիր ուսանողների համար։
- Երբ բանախոսն ինքը խորապես տիրապետում է թեմային, դժվար չէ այն հասկանալի ու հետաքրքիր դարձնել զրուցակցի համար՝ կոնկրետ օրինակների, պատկերավոր գործիքակազմի, նրա իսկ մասնագիտությունից վերցված հարցադրումների միջոցով։ Բացի դրանից՝ գործն ավելի է շահում, եթե բանախոսը տիրապետում է մտածողության կառուցվածքի և իմացության զարգացման օրինաչափություններին։
- Տարիների ընթացքում ի՞նչ եք սովորել ուսանողներից։
- Երիտասարդ մնալ, չկորցնել անկեղծորեն զարմանալու ունակությունը։
- Երբ հետադարձ հայացք եք գցում անցած ճանապարհին, ո՞ր ձեռքբերումներն եք համարում ամենակարևորը։
- Երեխաներիս, բարեկամներիս, ընկեր-գործընկերներիս, հրատարակածս գործերը, մասնագիտական և հանրային հեղինակությունս։
Մրցանակի հետևում կանգնած դասախոսը
Դասավանդման գերազանցության մրցանակը Հովհաննես Հովհաննիսյանի համար ոչ միայն գնահատանք է, այլև շարունակական պատասխանատվություն՝ սեփական աշխատանքի համար սահմանված նշաձողը բարձր պահելու և անընդհատ զարգացնելու պարտավորություն։ Նրա համոզմամբ՝ այսօրինակ ճանաչումը ոչ թե ավարտական կետ է, այլ նոր փուլ, որտեղ դասախոսի առաքելությունն առավել ընդգծված է դառնում թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային իմաստներով։
- Պարո՛ն Հովհաննիսյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է չափվում դասավանդման գերազանցությունը։
- Ունկնդիրների ինտելեկտուալ բավարարվածությամբ, ստացած գիտելիքներն ավելի խորացնել-զարգացնելու ցանկությամբ։
- Ի՞նչ պատասխանատվություն է Ձեզ համար ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակը։
- Սահմանած նշաձողը չիջեցնելու և ըստ ամենայնի՝ բարձացնելու։
- Ո՞ր սկզբունքները երբեք չեք խախտում լսարանում։
- Լսարանի նկատմամբ հարգանքը, ունկնդիրների մտավոր հետաքրքրությունները կարևորելու սկզբունքը։
- Ինչպե՞ս եք տարիների ընթացքում պահպանում դասավանդման նկատմամբ հետաքրքրությունը։
- Այդ մասին առանձնապես չեմ մտածում։ Հավանաբար գլխավոր գործոնը մասնագիտությունս ու զբաղմունքս սիրելն է։
- Ինչպե՞ս են ժամանակակից տեխնոլոգիաները փոխել դասավանդման գործընթացը։
- Համակարգչային տեխնոլոգիաները, խելացի գրատախտակները, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ցանցերը, ԱԲ գործիքները անասելիորեն ընդլայնել և շարունակում են ընդլայնել և՛ սովորողի, և՛ սովորեցնողի հնարավորությունները։
- Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը որպես դասախոս։
- Տարբեր տարիների ուսանողներս, նրանց շնորհակալական վերաբերմունքը, հարգանքն ու ակնածանքը։ Նաև՝ գործընկերներս։
- Ձեր կարծիքով՝ ո՞րն է դասախոսի ամենակարևոր առաքելությունը համալսարանում։
- Հասարակության բանիմաց և պատասխանատու անդամներ ձևավորելը։
- Եթե ուսանողներին փոխանցեիք միայն մեկ արժեք, ո՞րը կլիներ դա։
- Սեր մարդու և հայրենիքի հանդեպ։ Կարծես թե երկուսը ստացվեց՝ հումանիզմ և հայրենասիրություն։ Բայց ո՛չ, դրանց արմատն իրականում նույնն է։
Մեկ օր Հովհաննես Հովհաննիսյանի հետ
Դասախոսի աշխատանքային առօրյան հաճախ ընկալվում է որպես դասերի հաջորդականություն, սակայն իրականում այն գիտական աշխատանքի, դասավանդման, դասերին նախապատրաստվելու և մարդկային շփումների բարդ համադրություն է։ Հովհաննես Հովհաննիսյանի օրն էլ սկսվում է հենց այդ բազմաշերտ իրականության մեջ, որտեղ յուրաքանչյուր մանրուք ունի իր տեղն ու նշանակությունը։
- Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս է սկսվում Ձեր սովորական աշխատանքային օրը։
- Երեկոյան պատրաստած նյութերը նոթբուքի հետ միասին պայուսակի մեջ տեղավորելով, օրվա գրաֆիկն աչքի անցկացնելով ու աշխատանքի շտապելով։ Ապա՝ ուսանողներիս ու գործընկերներիս փոխադարձ ողջույններն ազդարարում են աշխատանքային օրվա մեկնարկը։
- Ի՞նչն է ամենադժվարը դասախոսական աշխատանքում։
- Գիտական հետազոտությունների, մասնագիտական հետաքրքրությունները լիարժեք բավարարելու համար պատշաճ ժամանակ գտնելը։
- Իսկ ամենահաճելի՞ն։
- Ուսանողներիս հետ շփվելը, գործընկերներիս հետ մասնագիտական թեմաներ քննարկելը։
- Ե՞րբ եք զգում, որ օրը հաջողված է եղել։
- Երբ իրականացնում եմ պլանավորվածը և դեռ մի բան էլ՝ ավելին։
- Օրվա ընթացքում ո՞ր պահերն եք ամենաշատը սիրում համալսարանում։
- Առավոտյան լսարան մտնելը և երեկոյան համալսարանի բակում քայլելը։
- Ի՞նչը երբեք չի փոխվել Ձեր աշխատանքային առօրյայում։
- Ռիթմը և օրվա հագեցած լինելը։
- Ինչպե՞ս եք համատեղում դասավանդումը, գիտական աշխատանքը և անձնական կյանքը։
- Լինում են, իհարկե, իրավիճակներ, երբ ակամա առավել շատ ժամանակ և ուշադրություն եմ հատկացնում դրանցից մեկին՝ ի հաշիվ մյուսների։ Սակայն այդ երեք ոլորտները, որպես կանոն, «ներողամիտ» են միմյանց նկատմամբ և մեկը մյուսին էներգիա փոխանցելու կարողություն ունեն։
- Աշխատանքային օրվանից հետո ինչպե՞ս եք հանգստանում կամ վերականգնում ուժերը։
- Սիրում եմ հանգստանալ ընտանեկան հարկի տակ, հանդիպել հոգեհարազատ ընկերների հետ։ Ժամանակ առ ժամանակ հաջողվում է նաև արվեստի բնագավառում կազմակերպվող միջոցառումների մասնակցել։
- Եթե Ձեր մեկ օրը նկարագրեք երեք բառով, ո՞ր բառերը կընտրեք։
- Ջանք, աշխատանք, բավականություն։
Կարճ հարցեր Հովհաննես Հովհաննիսյանին
- Ամենասիրելի թեման դասավանդման մեջ։
- Արդյունավետ հաղորդակցում։
- Երեք բառ, որոնք բնութագրում են Ձեզ՝ որպես դասախոսի։
- Թերևս՝ բանիմաց, հարգալից, հետաքրքրող։
- Ամենակարևոր խորհուրդը ուսանողներին։
- Չընկրկել դժվարությունների առաջ, անընդհատ սովորել, չմեծամտանալ։
- Ո՞րն է լավ դասախոսի գլխավոր հատկանիշը։
- Մասնագիտական գիտելիքների պաշարն ու խորությունը։ Ապա՝ մանկավարժական որակները։
- Ո՞ր ուսանողական հարցն է Ձեզ ամենից շատ ուրախացնում։
- Ինչպե՞ս հասկանալ հարցը, յուրացնել թեման։
- Ո՞ր բառը կամ արտահայտությունն եք ամենահաճախը կիրառում դասի ընթացքում։
- Հարգելի՛ ուսանողներ։
- Սիրելի վայրը ԵՊՀ-ում։
- Գլխավոր մասնաշենքի և շատրվանների հարակից տարածքը։
- Ո՞ր բառն է լավագույնս նկարագրում ուսանողին։
- Ձգտող։
- Գիրք, որ խորհուրդ կտաք ուսանողներին։
- Իհարկե, առաջին հերթին՝ դասագրքերն ու մասնագիտական ձեռնարկները։ Լրացուցիչ ընթերցանություն համար, օրինակ, Իմանուիլ Կանտի «Ֆակուլտետների բանավեճը»։