15․05․2025 թ․
Սիրելի՜ համալսարանականներ,

Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ Երևանի պետական համալսարանում։ Շատ կարևոր ու խորհրդանշական է, որ այսօր հավաքվել ենք այստեղ՝ մի վայրում, որն առանձնահատուկ նշանակություն ունի մեզանից շատերի կյանքում ու հիշողությունների ձևավորման գործում։ Ձեր ներկայությամբ համալսարանն այսօր ավելի լիարժեք է, իսկ այս հանդիպումը՝ առավել արժեքավոր։
Շրջանավարտների առաջին այս ֆորումը պատմական իրադարձություն է համալսարանի համար։ Այն շփման, համագործակցության, ինչպես նաև համատեղ պատասխանատվության մի նոր հարթակ է։ Երբ ասում ենք «ԵՊՀ շրջանավարտների ֆորում», շատերն այն ընկալում են որպես հանդիպում անցյալի հետ։ Բայց իրականում սա հանդիպում է ապագայի հետ։ Այո՛, անցյալն այստեղ է՝ մեր հիշողություններում, արժեքներում, այս պատերի ներսում։ Բայց այս միջոցառման նպատակն է նաև, որ մենք ձևավորենք այն ճանապարհը, որով պետք է շարժվենք առաջ։
ԵՊՀ շրջանավարտների մասին խոսելիս սովորաբար պատկերացնում ենք մի մեծ համայնք՝ միավորված ընդհանուր անցյալով։ Բայց ես ուզում եմ, որ այն ընկալվի նաև որպես տարբերություններ ունեցող մարդիկ՝ տարբեր ոլորտներից, տարբեր փորձառությամբ, տարբեր հեռանկարներով։ Եվ հենց այդ տարբերություններն էլ ԵՊՀ իրական հարստությունն են։
Այսօր համալսարանն ավելի քան երբևէ ունի շրջանավարտների ուժեղ, միավորված համայնքի կարիքը։ Մի համայնքի, որն ունի հստակ ձայն հասարակական, տնտեսական, գիտական, կրթական ու մշակութային խնդիրների լուծման վերաբերյալ։ Մի համայնքի, որտեղ աջակցում են միմյանց, բացահայտում ներուժը, միավորում փորձն ու գաղափարները՝ ի նպաստ մեր երկրի, տարածաշրջանի ու աշխարհի։
Այս ֆորումը մեր կողմից հստակ ուղերձ է․ մենք հավատում ենք, որ համալսարանի ամենամեծ ներուժը մարդիկ են։ Եվ եթե մենք ուզում ենք իրական վերափոխում, մեզ պետք է ձեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը՝ գաղափարով, նախաձեռնությամբ, համագործակցությամբ։
Սիրելի՛ ընկերներ, այս ֆորումի նպատակը չի սահմանափակվում միայն երկօրյա հանդիպումներով։ Սա նոր գործընթացի մեկնարկ է։ Մենք ցանկանում ենք, որ այստեղ ձևակերպված գաղափարները, բարձրացված հարցերը, ներկայացվող փորձն ու առաջարկությունները դառնան այն հիմքը, որի վրա կկառուցվի շրջանավարտների համայնքի կայուն, շարունակական ու ազդեցիկ գործունեությունը։
Ահա թե ինչու ֆորումի կառուցվածքն ինքնին արտացոլում է մեր համալսարանական համայնքի գործունեության լայն տիրույթը՝ ֆիզիկական աշխարհից մինչև պատմություն ու ավանդույթներ։ Սա ոչ միայն ճանաչողական տարածք է, այլև մի հարթակ, որտեղ միավորվում են տարբեր սերունդների փորձը, մասնագիտական ներուժը և համատեղ արժեքները՝ ապագային ուղղված համարձակ հարցադրումներ ձևակերպելու և պատասխաններ որոնելու համար։
Մենք ցանկանում ենք, որ այս ֆորումը շարունակություն ունենա տարբեր ձևաչափերով՝ մասնագիտական ցանցերի ձևավորմամբ, լավագույն փորձի փոխանակման ծրագրերով, գործնական աջակցության նախաձեռնություններով։ Մենք պատրաստ ենք լսելու, պատրաստ ենք ընդունելու, պատրաստ ենք միասին կառուցելու։
Սիրելի՜ համալսարանականներ, շնորհակալ եմ ձեր ներկայության, վստահության, ջերմության ու մասնակցության պատրաստակամության համար։ Շնորհակալ եմ նաև այս նախաձեռնությունը կյանքի կոչած թիմին՝ աշխատանքի ու նվիրումի համար։
Թող այս ֆորումը լինի սկիզբ համալսարանի և շրջանավարտների միջև մի նոր, երկարաժամկետ համագործակցության, որի արդյունքում ավելի ամուր կդառնա մեր համալսարանական ինքնությունը, այն ինքնությունը, որը վաղուց հատել է ժամանակի ու տարածության բոլոր սահմանները։
Ես հույս ունեմ, որ այս օրերի ընթացքում յուրաքանչյուրդ կգտնի իրենը․ մի թեմա, մի միտք, մի կապ, մի հնարավորություն, որը շարունակություն կունենա նաև ֆորումից դուրս։ Թող սա լինի այն մեկնակետը, որտեղից ձևավորվում են նոր գաղափարներ, համագործակցություններ ու ընկերություններ՝ ի նպաստ մեր համալսարանի և մեր երկրի ապագայի։
Բարի վերադարձ Երևանի պետական համալսարան։