01․09․2025 թ․
Սիրելի՜ համալսարանականներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Սեպտեմբերի 1-ը բոլորիս համար նոր մեկնարկի խորհրդանիշ է։ Այդ մեկնարկը մեզ համար ոչ միայն նոր ուսումնական տարվա սկիզբն է, այլև հնարավորություն՝ վերլուծելու և վերաիմաստավորելու մեր անցած ճանապարհը, սահմանելու նոր նպատակներ և վստահությամբ ու միասնաբար աշխատելու դրանց իրականացման ուղղությամբ։
Երևանի պետական համալսարանը միշտ եղել և մնում է Հայաստանի առաջատար կրթական ու գիտական կենտրոնը, որտեղ յուրաքանչյուր ուսանող, դասախոս, հետազոտող, աշխատակից ու շրջանավարտ իր ներդրումն ունի մեր երկրի զարգացման և առաջընթացի գործում։
Նոր ուսումնական տարում ԵՊՀ-ն շարունակելու է բոլոր ուղղություններով կատարելագործել իր գործունեությունը։ Մենք հետևողականորեն բարելավելու ենք մեր կրթական ծրագրերը միջազգային հավատարմագրման, կրթական ծրագրերի մշտադիտարկման ու բարելավման, դասախոսների վերապատրաստման և այլ ծրագրերի միջոցով` դրանք համապատասխանեցնելով աշխարհի ժամանակակից պահանջներին։ Հետազոտական նոր ծրագրեր նախաձեռնելով և ԵՊՀ գիտաշխատողների համար աշխատանքային լավագույն պայմաններ ստեղծելով` խթանելու ենք գիտահետազոտական նախաձեռնությունները, շարունակաբար համալրելու ենք կրթական ու հետազոտական գործընթացների համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները։ Միևնույն ժամանակ, մեր առաջնահերթություններից են լինելու միջազգային կապերի ընդլայնումը, գրադարանի աշխատանքների կատարելագործումը և ենթակառուցվածքների բարեկարգումը։ Այս ամենը մեկ նպատակ ունի՝ ապահովել այն միջավայրն ու պայմանները, որոնց շնորհիվ ուսանողը, դասախոսը, հետազոտողը, կրթության և գիտության կազմակերպիչն ու շրջանավարտը կկարողանան հասնել լավագույն արդյունքի։
Նոր ուսումնական տարում մեր ուշադրության կենտրոնում շարունակելու ենք պահել նաև բուհ–աշխատաշուկա կապի ամրապնդումը։ Ուսանողի գիտելիքն ու հմտությունները պետք է անմիջականորեն կապված լինեն տնտեսության և աշխատաշուկայի պահանջների հետ։ Այս ուղղությամբ ևս մենք շարունակելու ենք առկա և նոր կապերի հաստատմանը, ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված աշխատանքները։
Սիրելի՛ գործընկերներ, նոր ուսումնական տարում ակնկալվում է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունումը, որին հաջորդելու է բովանդակային փոփոխությունների և օրենսդրական նոր պահանջներին համապատասխանության ապահովման պատասխանատու շրջան։ Երևանի պետական համալսարանը պատրաստ է կատարելու անհրաժեշտ աշխատանք՝ այդ անցումը հնարավորինս անխափան կազմակերպելու և, միաժամանակ, մեր գործընկերներին այս գործընթացում աջակցելու համար։
Համոզված եմ, որ համալսարանական համայնքի համատեղ ջանքերով մենք այս ուսումնական տարին կդարձնենք առաջընթացի, համագործակցության և նոր նվաճումների շրջան։
Սիրելի՛ համալսարանականներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Թող այս ուսումնական տարին լինի արդյունավետ և լի նոր ձեռքբերումներով։
Բարի երթ բոլորիս։