Սերգեյ Բերբերյանը ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» («ՄԴԱ») մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ է։
Ներկայում որպես փորձագետ շարունակում է իր մասնագիտական գործունեությունը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչի գրասենյակում՝ մասնագիտանալով միջազգային հանրային իրավունքի, միջազգային քրեական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտներում։
Իրավաբանի բակալավրի աստիճան է ստացել Հայաստանում ֆրանսիական համալսարանում։ ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրում ուսումնառելիս հետաքրքրվել է միջազգային հանրային իրավունքի, միջազգային քրեական իրավունքի և պետությունների կողմից պատժամիջոցների կիրառման ոլորտներով։ Ծրագրի շնորհիվ ձեռք բերած գիտելիքները հնարավորություն են տվել նրան դրանք արդյունավետորեն կիրառելու միջազգային իրավունքի բնագավառում իրավաբանական հետազոտություններ կատարելիս։ Հենց այս մագիստրոսական ծրագրի շնորհիվ նա իր առաջին քայլերն է արել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչի գրասենյակում, որտեղ այժմ կիրառում է թե՛ տեսական, թե՛ գործնական հմտությունները, որոնք ձեռք է բերել ուսման ընթացքում։
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» կրթական ծրագրի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ այն յուրահատուկ կերպով ընդգծում է միջազգային արդարադատության կարևորությունը և առանձնանում է իր գիտակ, փորձառու ու բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմով։ Սերգեյ Բերբերյանն ամենից շատ արժևորում է այն, որ դասընթացները հիմնված են աշխարհում գոյություն ունեցող պրակտիկ խնդիրների վրա։ Բացի դրանից՝ ծրագիրը հնարավորություն է տվել նրան ընդլայնելու մասնագիտական միջավայրը և շփումների շրջանակը։ Նրա խոսքով՝ բոլոր դասախոսները սիրալիր են, ջերմ, անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ և միշտ պատրաստ են պատասխանելու ցանկացած հարցի։
Ստանձնելով իր մասնագիտական ուղու հաջորդ փուլը՝ Սերգեյ Բերբերյանը նպատակ ունի կիրառելու մագիստրոսական ծրագրի շրջանակում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները՝ ավելի խորացնելու մասնագիտական ներգրավվածությունը միջազգային հանրային իրավունքի, միջազգային պայմանագրային իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային քրեական իրավունքի ոլորտներում։