Սպարտակ Գինոսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ է։
Այժմ աշխատում է «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում՝ որպես գործընկեր։ Մասնագիտացած է քաղաքացիական և վարչական իրավունքում։ Նրա աշխատանքում առանձնահատուկ տեղ ունեն գործարքների անվավերության և հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման վերաբերյալ գործերը։
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ»-ը նրա երկրորդ մագիստրոսական ծրագիրն է։ Հայաստանում ֆրանսիական և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանները ավարտելով՝ ստացել է բակալավրի աստիճան, ապա ավարտելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի իրավագիտության ֆակուլտետը՝ ստացել է մագիստրոսի աստիճան։ Նա ստացել է նաև ռազմական կրթություն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
Մագիստրոսական ծրագրում ստացած գիտելիքները նա հնարավորություն է ունեցել կիրառելու իր աշխատանքում, մասնավորապես սեփականության իրավունքի ոլորտին առնչվող հարցերի և խնդիրների ժամանակ։ Նշվածը հնարավոր դարձավ՝ շնորհիվ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ խորացված դասընթացների, որն ուսումնասիրել են մագիստրոսական ծրագրի շրջանակում։
Ծրագրի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ նա ուզում էր հասկանալ, թե ինչպես է այսօր «գործում» միջազգային իրավունքը, մասնավորապես՝ միջազգային հանրային իրավունքը։ Միևնույն ժամանակ, միջազգային իրավունքը՝ որպես իրավունքի ճյուղ, նրան այդքան էլ չի հետաքրքրել մինչև 2020 թվականի Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմը։ Այն շրջադարձային դարձավ Սպարտակ համար՝ վճռականորեն որոշելու, որ կանի հնարավորը՝ օգնելու իր երկրին լուծել հակամարտությունները «իրավունքի ուժով», այլ ոչ թե «զենքի ուժով»։
Ծրագրում նրան ամենաշատը դուր է եկել այն, որ դասընթացները վարում են արհեստավարժ, գիտակ և փորձառու մասնագետներ, որոնցից իսկապես հնարավոր է արժեքավոր գիտելիքներ ստանալ։ Բացի դրանից՝ դասընթացներն ամբողջությամբ անցկացվում են անգլերենով, որոշ առարկաներ դասավանդում են հրավիրյալ արտասահմանցի մասնագետներ, որոնք աշխատում և դասավանդում են արտերկրում։
Սպարտակը նպատակ ունի օգտագործելու և խորացնելու ստացած գիտելիքներն ու հմտությունները՝ սեփականության իրավունքի պաշտպանության վերազգային և միջազգային մեխանիզմները առավել արդյունավետ հասկանալու համար։