18․04․2026
Սիրելի՛ համալսարանականներ,
Հարգելի՛ գործընկերներ, հյուրեր,
Ուրախ եմ ողջունելու ձեզ Երևանի պետական համալսարանում՝ «AI Conf Armenia 2026»-ի մեկրանկին։ Այս համաժողովը կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ նվիրված է մեր ժամանակների ամենաարագ փոփոխվող և ամենամեծ ազդեցությունն ունեցող ոլորտներից մեկին, այլ նաև նրա համար, որ մեկ տեղում համախմբվել են բոլոր նրանք, ովքեր այսօր մտածում են Հայաստանի ապագայի մասին՝ գիտության, տեխնոլոգիայի և նորարարության լեզվով։
ԵՊՀ-ի համար սա պարզապես միջոցառում չէ։ Սա օրակարգ է, որտեղ մենք ունենք մեր հստակ տեղը, դերն ու պատասխանատվությունը։ Համալսարանն է պատրաստում մասնագետներ, փորձարկում գաղափարներ և ստեղծում նորարարական մոտեցումներ, որոնք կիրառվում են հասարակության խնդիրների լուծման համար։ Հայաստանում ԱԲ ակնկալվող թռիչքային աճը ԵՊՀ-ի համար ձևակերպում է այս ոլորտի համար որակյալ մասնագետներ պատրաստելու հրամայականը։
Այսօր արդեն ակնհայտ է, որ արհեստական բանականությունը վաղվա թեմա չէ։ Այն այսօրվա իրականությունն է։ Այն փոխում է գիտությունը, կրթությունը, տնտեսությունը, պետական կառավարումը, աշխատանքի բնույթը, նույնիսկ մտածելու ձևը։ Եվ հենց այս փուլում, երբ մեկնարկային հնարավորությունները դեռևս համեմատաբար հավասար են, Հայաստանը իրական հնարավորություն ունի դառնալու ոչ թե հետևորդ, այլ ակտիվ դերակատար։
Վերջին տարում Կառավարության ֆինանսավորմամբ ԵՊՀ-ում տեղակայվեց գերհամակարգիչ՝ համալրված 64 NVIDIA H100 հաշվողական քարտերով։ Սա պարզապես տեխնիկական ռեսուրս չէ․ սա հնարավորություն է՝ նոր որակի հետազոտությունների, նոր կրթական միջավայրի, նոր համագործակցությունների և նոր արդյունքների համար։ Բայց ամենակարևորը՝ սա ազդակ է․ երբ պետությունը նման ներդրում է կատարում, դա նշանակում է, որ գիտությունը, կրթությունն ու տեխնոլոգիան դիտարկվում են որպես ազգային առաջնահերթություն։ Իսկ մեր պարտականությունն է վերածել այդ ենթակառուցվածքը իրական արդյունքների՝ մեր ուսանողներին սովորեցնել աշխատել մեծ տվյալների և մոդելավորման հետ, մեր հետազոտական խմբերին ապահովել միջազգային առաջատար կենտրոնների հետ համեմատելի հաշվողական հնարավորություններով, համագործակցել մասնավոր հատվածի հետ՝ լուծելու կիրառական խնդիրներ, ծառայել պետական համակարգին՝ որոշումների ընդունման համար։ Այսինքն՝ ստեղծել մի ամբողջական էկոհամակարգ։
Հենց այստեղ՝ այս դահլիճում, այսօր նստած են մարդիկ, որոնք կարող են դառնալ այդ էկոհամակարգի հիմքը։ Միջազգային գործընկերներ, որոնք պատրաստ են կիսվելու իրենց փորձով, տեխնոլոգիական ընկերություններ, որոնք փնտրում են լուծումներ, երիտասարդ հետազոտողներ, որոնք կստեղծեն այդ լուծումները։ Եվ ամենակարևորը՝ այստեղ են մեր ուսանողները, որոնք պետք է տեսնեն, որ Հայաստանը կարող է լինել մեծ «խոսակցության մաս», և որ այդ խոսակցությունը տեղի է ունենում հենց այստեղ՝ մեր համալսարանում։
Այս ընթացքում մենք պետք է ավելի հստակ ձևակերպենք մեր ընդհանուր հարցերը՝
Ինչպե՞ս զարգացնել ԱԲ կրթությունը Հայաստանում։
Ինչպե՞ս բարելավել գիտահետազոտական կարողությունները։
Ինչպե՞ս համադրել պետական քաղաքականությունը, համալսարանների ներուժը և մասնավոր հատվածի զարգացումը։
Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս անել, որ այս ամենը ծառայի Հայաստանի զարգացմանը։
ԵՊՀ-ն պատրաստ է շարունակելու իր դերը՝ որպես հարթակ, գործընկեր և պատասխանատու ինստիտուտ։ Մենք համոզված ենք, որ ԱԲ դարաշրջանում մրցունակությունը ձևավորվում է ոչ միայն գաղափարներով, այլև կրթված մարդկային ներուժով, գիտական միջավայրով և հաշվարկային կարողություններով։ Եվ այսօր այդ նախադրյալները հետևողականորեն ձևավորվում են ԵՊՀ-ում։
Հուսով եմ, որ այս համաժողովից հետո մենք որպես արդյունք կստնանանք ոչ միայն նոր գիտելիքներ, այլև՝
նոր կապեր,
նոր համագործակցություններ, և նոր նախաձեռնություններ։
Շնորհակալություն եմ հայտնում այս նախաձեռնության բոլոր հեղինակներին, կազմակերպիչներին և համաժողովի իրականացմանը նպաստած գործընկերներին։ Առանձնահատուկ երախտագիտություն եմ հայտնում միջոցառման գործընկերներին՝ «Krisp», «Eleveight AI», «Firebird», «PMI Science Armenia» և «Formula VC» ընկերություններին, ինչպես նաև համաժողովի իրականացմանն աջակցող բոլոր կառույցներին՝ այս կարևոր նախաձեռնությանը սատարելու, տեխնոլոգիական համայնքի զարգացմանը նպաստելու և Հայաստանի ապագայի համար նշանակալի այս հարթակը հնարավոր դարձնելու համար։
Բարի և արդյունավետ աշխատանք եմ մաղթում բոլորիս։