Եվրոպայի քոլեջը Նատոլինում (College of Europe in Natolin) ՀՀ քաղաքացիներին առաջարկում է եվրոպական ուսումնասիրությունների միջառարկայական մագիստրոսական ծրագիր՝ ամբողջական կրթաթոշակի տրամադրմամբ։
Երկլեզու ծրագիրը, որի շրջանակում դասավանդում են անվանի մասնագետներ, հնարավորություն է տալիս մասնագիտանալու պատմական և քաղաքակրթական հարցերի, ինչպես նաև Եվրոպական միության առջև ծառացած ժամանակակից մարտահրավերների ուղղությամբ։ Ուսումնական տարվա ավարտին շրջանավարտները սովորաբար շարունակում են իրենց կարիերան ազգային կառավարություններում, միջազգային կառույցներում, ՀԿ-ներում կամ մասնավոր հատվածում։
Եվրոպայի քոլեջը հիմնադրվել է 1949 թ.։ Այն եվրոպական ուսումնասիրությունների ամենահին կրթական հաստատությունն է և ունի մասնաճյուղեր Բրյուգեում (Բելգիա), Նատոլինում (Վարշավա, Լեհաստան) և Տիրանայում (Ալբանիա): Ամեն տարի քոլեջում ուսումնառում են ուսանողներ ավելի քան 50 երկրներից:
Նշենք, որ 2026-2027 ուսումնական տարվա համար Նատոլինում բացվել է նոր մասնագիտացում՝ Եվրոպական անվտանգություն ու ռազմավարություն (European Security and Strategy Study Track)։ Այս նոր ուղղությունը ստեղծվել է՝ նպատակ ունենալով արձագանքելու Եվրոպայում ռազմավարական մտածողության և անվտանգության բազմաչափ ոլորտներում փորձագիտության աճող պահանջին։
ԵՊՀ-ի և Եվրոպայի քոլեջի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունենա առցանց հանդիպում, որի շրջանակում կներկայացվեն քոլեջի ընձեռած հնարավորությունները, մագիստրոսական ծրագրի, կրթաթոշակային փաթեթների, ինչպես նաև դիմումների լրացման հետ կապված մանրամասները։
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հղումով։ Գրանցվելուց հետո արդեն կտրամադրվի հանդիպման հղումը։
Առցանց հանդիպումը տեղի կունենա ս․թ․ նոյեմբերի 12-ին՝ ժամը 19։00-ին։
Խոսնակ` Տաթևիկ Հովհաննիսյան, Եվրոպայի քոլեջի ծրագրերի և հաղորդակցման մասնագետ։