
«Սիգման» միջազգային դպրոց-2025
-
«Սիգման» միջազգային դպրոց-2025
-
ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի, «OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության և Բրյուսելի ազատ համալսարանի համատեղ նախաձեռնությամբ ս․թ. հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Երևանում կանցկացվի «Սիգման» միջազգային դպրոց-2025» գիտական միջոցառումը:
«Սիգման» միջազգային դպրոցը մեկշաբաթյա ամենամյա ծրագիր է, որը ուսանողներին հնարավորություն է տալիս խորությամբ ուսումնասիրելու լազերային ֆիզիկայի հիմունքներն ու լազերների կիրառությունները գիտության և տեխնոլոգիաների տարբեր բնագավառներում։ Էնթոնի Սիգմանը, որի անունով է կոչվում դպրոցը, լազերի նախահոր հայտնագործողներից է։ Ավելի քան հիսունամյա գործունեության ընթացքում Սիգմանը եղել է լազերային ֆիզիկայի հիմնադիրներից մեկը և այս բնագավառի բազմաթիվ նորարարությունների հեղինակ է։
«OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության և «IPG Photonics»-ի նախաձեռնությամբ 2014 թվականին Սթենֆորդում անցկացվել է միջազգային առաջին «Սիգման» դպրոցը։ Նախորդ տասը տարիների ընթացքում դպրոցը անցկացվել է Իսպանիայում (ICFO), Գերմանիայում (Max Planck Institute), Մեքսիկայում (CIO), Դանիայում (DTU), ԱՄՆ-ում (University of Rochester, Stanford University), Իռլանդիայում (University College Dublin):
Ամեն տարի շուրջ 100 մագիստրանտներ և ասպիրանտներ հրավիրվում են մասնակցելու մեկշաբաթյա ծրագրին, որի ընթացքում ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականները և արդյունաբերական առաջատար հիմնարկների ներկայացուցիչները հանդես են գալիս դասախոսություններով։ Լազերների «Սիգման» միջազգային դպրոցի ծրագրում ընդգրկված են լազերների նախագծմանը, աշխատանքի սկզբունքներին, տարբեր ծագման ակտիվ միջավայրերի ոչ գծային հատկություններին, տարբեր կիրառություններին և արդի խնդիրներին առնչվող դասախոսություններ։
Ի հավելումն դրան՝ մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու իրենց սեփական հետազոտությունները, գրանցած գիտական արդյունքներն ու եզրակացությունները։