«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) հանրակացարանում (այսուհետ՝ հանրակացարան) կեցության և սպասարկման վճարովի ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու նպատակով, ղեկավարվելով ԵՊՀ կանոնադրության 57-րդ կետի 10-րդ ենթակետով.
հրամայում եմ
1. Սահմանել, որ.
1.1. հանրակացարանում կեցության և կենցաղի սպասարկման վճարովի ծառայություններ են մատուցվում ԵՊՀ ուսանողներին, այլ բուհերի ուսանողներին, այլ անձանց,
1.2. այլ բուհերի ուսանողներին և այլ անձանց Հանրակացարանում սենյակ հատկացվում է ԵՊՀ ուսանողներին տեղավորելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում,
1.3. հանրակացարանում մեկ անձի կեցության և կենցաղի սպասարկման ամսական վճարը ԵՊՀ ուսանողների համար կազմում է ՝
105 000 ՀՀ դրամ` մեկտեղանոց սենյակում,
65 000 ՀՀ դրամ` երկտեղանոց սենյակում,
60 000 ՀՀ դրամ` երկտեղանոց սենյակում,
50 000 ՀՀ դրամ` երեքտեղանոց սենյակում,
40 000 ՀՀ դրամ` չորստեղանոց սենյակում,
7000 ՀՀ դրամ՝ գիշերակաց՝ մեկտեղանոց սենյակում,
10 000 ՀՀ դրամ՝ գիշերակաց ՝ երկտեղանոց սենյակում:
1.4. հանրակացարանում մեկ անձի կեցության և կենցաղի սպասարկման ամսական վճարը այլ բուհերի ուսանողների և օտարերկրյա ուսանողների (բացառությամբ՝ ԼՂ, Սիրիայի, Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի քաղաքացիների) համար կազմում է սույն հրամանի 1.3 կետով սահմանված վճարներից 20 տոկոս ավելի չափով այլ բուհերի ուսանողների և ՀՀ քաղաքացի այլ անձնց համար և 30 տոկոս ավելի չափով օտարերկրյա ուսանողների համար,
1.5. ուսանողների և այլ անձանց կողմից սենյակներում լրացուցիչ կենցաղային տեխնիկայի համալրման և տեղակայման դեպքում սահմանել ամսական լրացուցիչ վճար 5 000 ՀՀ դրամի չափով,
1.6. հանրակացարանում բնակվելու վերաբերյալ դիմումները ընդունվելու են բացառապես https://e-request.ysu.am էլեկտրոնային հարթակի միջոցով ամեն տարվա հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 10-ը ընկած ժամանակահատվածում: Դիմումները հաստատված անձանց հետ հանրակացարանում կնքվում է պայմանագիր՝ մինչև ուսումնական տարվա ավարտը ժամկետով,
1.7. ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ուսանողների, ինչպես նաև 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողների՝ մինչև նրանց 23 տարին լրանալը, համար սահմանվում է տարբերակված վարձավճար, որը հաշվարկվում է սույն հրամանի 1.3 կետով սահմանված վարձավճարներից 20 (քսան) տոկոսով նվազ չափով։ Կարգավիճակը հաստատող էլեկտրոնային և թղթային հիմնավորող փաստաթղթերը ուսանողը կցում է հանրակացարանում բնակվելու վերաբերյալ դիմումին՝ մինչև պայմանագրի կնքումը։ Եթե սույն կետով նախատեսված կարգավիճակներից որևէ մեկը ուսանողը ձեռք է բերում արդեն կնքված պայմանագրի գործողության ընթացքում, ապա տարբերակված վարձավճարից կարող է օգտվել միայն հաջորդ տարվա կեցության դիմումը ներկայացնելիս,
1.8. պայմանագիրն ուսանողի նախաձեռնությամբ լուծվելու դեպքում ուսանողը պարտավոր է ամբողջությամբ վճարել պայմանագրի լուծման ամսաթիվը ներառող ամսվա ամսական վճարը՝ անկախ ամսվա ամսաթվից,
1.9. սույն հրամանով սահմանված ժամկետում բնակության դիմում չներկայացրած նոր ընդունված ուսանողի համար կեցության և կենցաղի սպասարկման ամսական վճարը գանձվում է ամբողջությամբ՝ անկախ բնակություն հաստատելու ամսաթվից, և պայմանագիրը գործում է մինչև ուսումնական տարվա ավարտը։
2. Գները ներառում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված և կիրառելի հարկերը:
3. Անվավեր ճանաչել ԵՊՀ ռեկտորի 2023 թ. օգոստոսի 15-ի թիվ 147/3-Ա հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ բնակության նպատակով դրանով սահմանված ժամկետում ներկայացված և հաստատված դիմումների հիման վրա կնքված պայմանագրերի վրա:
5. Սույն հրամանի մասին տեղեկացնել հանրակացարանում բնակվող ԵՊՀ ուսանողներին, այլ բուհերի ուսանողներին, այլ անձանց, ԵՊՀ հաշվապահական հաշվառման վարչությանը, Ֆինանսական վերլուծությունների վարչությանը, Իրավաբանական ծառայությանը և ապահովել հրամանով սահմանված իրավական ու ֆինանսական կարգավորումների լիարժեք փաստաթղթավորումը: