1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) ընդհանուր բաժինը (այսուհետ՝ բաժին) ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում է։
2. Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ և բաժնի լիազորություններին առնչվող այլ իրավական ակտերով։
3. Բաժնի հաստիքացուցակը հաստատվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից ռեկտորի ներկայացմամբ։
4. Բաժինը սահմանված կարգով կարող է ունենալ պաշտոնաթուղթ (բլանկ) և անհատականացման այլ միջոցներ:
2. ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
5. Բաժնի խնդիրներն են ՝
1) սահմանված կարգով վարել ԵՊՀ փաստաթղթաշրջանառությունը (ներառյալ էլեկտրոնային),
2) ապահովել ԵՊՀ ելից և մտից գրությունների առաքումն ու ստացումը, դրանց տեղաբաշխումը,
3) սահմանված կարգով ապահովել ԵՊՀ աշխատողների ու սովորողների վերաբերյալ ընդունված ներքին իրավական ակտերի ծանուցման գործընթացը,
4) վերահսկել ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից փաստաթղթաշրջանառության պատշաճ ու սահմանված ժամկետներում վարման գործընթացը:
6. Բաժնի իրավասությունն է՝
1) փաստաթղթերի ընդունումը, գրանցումը, հաշվառումը, կատարողներին դրանց փոխանցումն ու առաքումը,
2) ելից և մտից փաստաթղթերի ձևակերպումն ու առաքումն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, էլեկտրոնային հասցեով, փոստային ծառայության միջոցով կամ առձեռն,
3) փաստաթղթերի կատարման ժամկետների պահպանման վերահսկումը,
4) փաստաթղթերի սահմանված կարգով արխիվացումը,
5) գործավարության ընթացքում փաստաթղթերի օգտագործման պայմանների պահպանումն ու ապահովումը,
6) կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության պատշաճ իրականացման ուղղությամբ մեթոդական աջակցության տրամադրումը,
7) փոստային և սուրհանդակային ծառայության հետ աշխատանքների կազմակերպումը,
8) ՀՀ զինանշանով ԵՊՀ կնիքի պահպանությունը և սահմանված կարգով կիրառումը,
9) ԵՊՀ դրոշմակնիքների, ձևաթղթերի, ծրարների առաքման, գործուղման հավաստագրերի գրանցման ու հանձման, դրանց օգտագործման ու սպասարկման աշխատանքների կատարումը:
7. Բաժինն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու որոշումներ, եթե դրանք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը և ԵՊՀ ներքին իրավական ակտերին։
3. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
8. Բաժինը ղեկավարում է վարիչը, որին նշանակում և պաշտոնից ազատում է ԵՊՀ ռեկտորը։
9. Բաժնի վարիչը՝
1) կազմակերպում ու վերահսկում է բաժնի գործունեությունը, ապահովում է բաժնի հիմնական գործառույթների իրականացումը, լուծում դրանից բխող հիմնախնդիրները,
2) կատարում է աշխատանքի բաժանում բաժնի աշխատողների միջև, նրանց տալիս է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ,
3) ապահովում է այլ ստորաբաժանումների հետ բաժնի փոխհամագործակցությունը, ներկայացնում է բաժինը ներհամալսարանական ու արտահամալսարանական հարաբերություններում, բաժնի անունից հանդես է գալիս պետական մարմիններում և այլ կազմակերպություններում,
4) վերահսկում է ԵՊՀ-ում ներդրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի պատշաճ կիրարկումը,
5) վավերացնում և հաստատում է ԵՊՀ ռեկտորի ու պրոռեկտորների կողմից ընդունված անհատական իրավական ակտերի և այլ փաստաթղթերի իսկությունը,
6) պատասխանատվություն է կրում ՀՀ զինանշանով ԵՊՀ կնիքի պահպանության, սահմանված կարգին համապատասխան կիրառելու, ԵՊՀ պաշտոնատար անձանց կողմից ստորագրված ու հաստատված փաստաթղթերը կնքելու, ինչպես նաև բաժնի կողմից իրականացվող աշխատանքների որակի և բաժնի առջև դրված խնդիրների պատշաճ ու արդյունավետ լուծման համար,
7) իրականացնում է սույն կանոնադրությունից, աշխատանքային պայմանագրից, պաշտոնի անձնագրից բխող և բաժնի գործունեությանն առնչվող այլ գործառույթներ։
10. Բաժնի աշխատողների աշխատանքային պարտականությունները սահմանվում են աշխատանքային պայմանագրով, պաշտոնի անձնագրով (աշխատանքային նկարագրով), ԵՊՀ ներքին իրավական ակտերով և բաժնի վարիչի հանձնարարականներով։
Աշխատանքային պարտականությունների կատարման արդյունքում ԵՊՀ-ին գույքային (նյութական) վնաս պատճառելու դեպքում աշխատողները կրում են գույքային ու անձնական լիակատար պատասխանատվություն։
11. Բաժնի աշխատողներն ունեն օրենքով, ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում են այդ ակտերով նախատեսված պարտականություններ (սահմանափակումներ):
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
12. Բաժնի վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով։
13. Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ԵՊՀ կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով։
14. Սույն կանոնադրությունը հրապարակվում է ԵՊՀ պաշտոնական կայքում: