Ընդհանուր տվյալներ
ՌԵԿՏՈՐԱՏԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Սույն կանոնակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) ռեկտորատի ձևավորման և գործունեության կարգը, իրավասությունը, նիստերի անցկացման կարգն ու պայմանները:
2. ԵՊՀ ռեկտորատը ռեկտորին;կից խորհրդակցական մարմին է, որը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում քննարկում է ԵՊՀ գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր և ռեկտորին ներկայացնում է խորհրդատվական բնույթի առաջարկություններ:
3. Ռեկտորատի անվանական կազմը հաստատվում է ԵՊՀ ռեկտորի հրամանով:
2. ՌԵԿՏՈՐԱՏԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
4. Ռեկտորատը, սույն կանոնակարգով սահմանված կարգով քննարկում և խորհրդատվական բնույթի առաջարկություններ է ներկայացնում ԵՊՀ ռեկտորին, ներքոհիշյալ հարցերով՝
1) ԵՊՀ ուսանողների ազատման (հեռացման), ուսումնառության դադարեցման, ուսանողական իրավունքների վերականգնման, ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման հարցեր,
2) ԵՊՀ աշխատողների և սովորողների համար առողջապահական, սոցիալական, մշակութային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր,
3) ԵՊՀ ռազմավարական ծրագրի իրականացման ընթացիկ գործողությունների և միջոցառումների արդյունավետության գնահատման վերաբերյալ հարցեր,
4) ԵՊՀ ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ հարցեր,
5) ռեկտորի ներկայացմամբ՝ ԵՊՀ ընթացիկ գործունեությանը վերաբերող այլ հարցեր:
3. ՌԵԿՏՈՐԱՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
5. Ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ռեկտորի աշխատակազմի ղեկավարը, ռեկտորի խորհրդականները, օգնականները, արհեստակցական կազմակերպության նախագահը (համաձայնությամբ), Իջևանի մասնաճյուղի տնօրենը, ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գիտական և կրթական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների ղեկավարները և ուսանողական խորհրդի նախագահը:
6. Ռեկտորի հրավերով ռեկտորատի նիստերին կարող են մասնակցել նաև կոնկրետ բնագավառի հատուկ որակավորում ունեցող արտահամալսարանական մասնագետներ:
7. Ռեկտորատի նիստերը նախագահում է ռեկտորը:
8. Ռեկտորատի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, ռեկտորի կողմից սահմանված ժամկետներում և օրակարգով:
9. Ռեկտորատում քննարկվող հարցերի վերաբերյալ առաջարկությունները հաստատվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ:
10. Ռեկտորատի նիստն արձանագրվում է: Արձանագրությունը վարում է ռեկտորի օգնականը:
Ռեկտորատի նիստի արձանագրության մեջ նշվում է նիստի անցկացման ամսաթիվը, նիստին ներկա անձանց անվանացանկը, օրակարգը, հարցերի վերաբերյալ ընդունված խորհրդատվական բնույթի առաջարկությունները և այլ տեղեկություններ:
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
11. Սույն կանոնակարգում փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ գիտական խորհրդի կողմից՝ ԵՊՀ կանոնադրությամբ ու ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
12. Սույն կանոնակարգը հրապարակվում է ԵՊՀ պաշտոնական կայքում: