Ընդհանուր տվյալներ
ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
1.Սույն կանոնակարգով սահմանվում է Երևանի պետական համալսարանի (այսուհետ՝ ԵՊՀ) պատվավոր կոչումների և պարգևների շնորհման կարգն ու պայմանները:
2. ԵՊՀ պատվավոր կոչումները և պարգևները շնորհվում են ԵՊՀ ռեկտորի հրամանով կամ ԵՊՀ ռեկտորի ներկայացմամբ՝ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ:
3. ԵՊՀ-ում սահմանվում են հետևյալ պատվավոր կոչումները և պարգևները, որոնք տրվում են սահմանված պահանջները բավարարող անձանց.
3.1) «Երևանի պետական համալսարանի բարձրագույն պարգև»-ը ԵՊՀ ռեկտորի ներկայացմամբ և ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ տրվում է գիտության և կրթության բնագավառում բացառիկ վաստակ և նշանակալի ներդրում ունեցող անձանց:
3.2) «Երևանի պետական համալսարանի Պատվո շքանշան»-ը ԵՊՀ ռեկտորի ներկայացմամբ և ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ տրվում է.
ա. գիտության և կրթության բնագավառում ակնառու նվաճումներ ունեցող անձանց,
բ. ականավոր պետական, հասարակական գործիչներին,
գ. ԵՊՀ մեկենասներին:
3.3) «Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ»-ը ԵՊՀ ռեկտորի նախաձեռնությամբ կամ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ներկայացմամբ ԵՊՀ ռեկտորի հրամանով տրվում է.
ա. ԵՊՀ աշխատողներին՝ բեղմնավոր և արգասաբեր գործունեություն ծավալելու համար, համալսարանական կրթության զարգացման գործում նշանակալի ավանդի, ԵՊՀ հիմնադրման հոբելյանի, ինչպես նաև աշխատողի ծննդյան հոբելյանի կապակցությամբ,
բ. ԵՊՀ բարերարներին,
գ. ԵՊՀ նշանավոր հյուրերին,
դ. ակադեմիական համակարգի հաստատություններին կամ դրանց աշխատողներին՝ գիտության և բարձրագույն կրթության բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար, ինչպես նաև ծննդյան հոբելյանի կապակցությամբ,
ե. միջազգային հեղինակավոր (վարկանիշային) մրցույթներում և առաջնություններում 1-ին տեղ զբաղեցրած ԵՊՀ ուսանողներին:
3.4) «Երևանի պետական համալսարանի արծաթե մեդալ»-ը ԵՊՀ ռեկտորի նախաձեռնությամբ կամ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, կամ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահի ներկայացմամբ ԵՊՀ ռեկտորի հրամանով տրվում է.
ա. ԵՊՀ աշխատողներին՝ անբասիր աշխատանքի, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ներդրած ավանդի համար, ԵՊՀ հիմնադրման հոբելյանի, ինչպես նաև աշխատողի ծննդյան հոբելյանի կապակցությամբ,
բ. ԵՊՀ բարեգործներին,
գ. ակնառու հաջողությունների հասած ԵՊՀ ուսանողներին,
դ. ԵՊՀ ռեկտորի որոշմամբ այլ անձանց:
3.5) «Երևանի պետական համալսարանի բրոնզե մեդալ»-ը ԵՊՀ ռեկտորի նախաձեռնությամբ կամ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, կամ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահի ներկայացմամբ ԵՊՀ ռեկտորի հրամանով տրվում է.
ա. ԵՊՀ աշխատողներին՝ աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար, ԵՊՀ հիմնադրման հոբելյանի, ինչպես նաև աշխատողի ծննդյան հոբելյանի կապակցությամբ,
բ. «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցանակաբաշխության հաղթողներին,
գ. նշանակալի հաջողությունների հասած ԵՊՀ ուսանողներին,
դ. ԵՊՀ ռեկտորի որոշմամբ այլ անձանց:
3.6) «ԵՊՀ պատվավոր պրոֆեսոր» պատվավոր կոչումը ԵՊՀ ռեկտորի ներկայացմամբ և ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ տրվում է.
ա. արտասահմանյան գիտակրթական կենտրոնների պրոֆեսորներին՝ ԵՊՀ-ի հետ երկարատև և բեղմնավոր համագործակցության համար,
բ. ԵՊՀ-ում առնվազն 50 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ ունեցող, առնվազն հինգ գիտությունների թեկնածու պատրաստած աշխատողներին՝ աշխատանքային պարտականությունները վայր դնելու և աշխատանքից ազատվելու կապակցությամբ:
3.7) «ԵՊՀ պատվավոր դոկտոր» պատվավոր կոչումը ԵՊՀ ռեկտորի ներկայացմամբ և ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ տրվում է.
ա. պետական, քաղաքական, հասարակական գործիչներին, ականավոր գիտնականներին և մշակութային գործիչներին (այդ թվում՝ օտարերկրացի)
բ. արտասահմանյան գիտակրթական կենտրոնների գիտնականներին՝ ԵՊՀ-ի հետ երկարատև համագործակցության համար:
3.8) «ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ» պատվավոր կոչումը ԵՊՀ ռեկտորի ներկայացմամբ և ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ տրվում է առնվազն 20 տարի ԵՊՀ-ում ամբիոնի վարիչ աշխատած պրոֆեսորին՝ ամբիոնի վարիչի պարտականությունները վայր դնելու կապակցությամբ, եթե պատրաստել է առնվազն հինգ գիտությունների թեկնածու կամ դոկտոր:
3.9) «ԵՊՀ պրոֆեսոր - էմերիթուս» պատվավոր կոչումը ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման գիտական խորհրդի առաջարկությամբ և ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվում է ԵՊՀ-ում առնվազն 30 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող (որից առնվազն 10 տարին ԵՊՀ-ում նաև վարչական պաշտոն զբաղեցրած), գիտական աստիճան և կոչում ունեցող ԵՊՀ աշխատողին՝ երկարատև աշխատանքի, գործունեության և ԵՊՀ զարգացման գործում նշանակալի ներդրման համար: Սույն կոչումը ստացած աշխատողին յուրաքանչյուր ամիս վճարվում է հավելավճար, որի չափը հաստատվում է ԵՊՀ հաստիքացուցակով:
(3-րդ կետը լրացվել է 3.9. ենթակետով ԵՊՀ գիտական խորհրդի 09.02.2023 թ. թիվ 6/3 որոշմամբ)
4. ԵՊՀ պատվավոր կոչումներ և պարգևներ ստացած անձանց հաշվառումն իրականացնում է ԵՊՀ գիտական քարտուղարը:
5. Սույն կանոնակարգում լրացումները և փոփոխությունները կատարվում են ԵՊՀ ռեկտորի ներկայացմամբ՝ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ: