Ընդհանուր տվյալներ
«ԲԻԶՆԵՍ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Բիզնես ինկուբատորը» (այսուհետ` Ինկուբատոր) «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` ԵՊՀ) կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Ինկուբատորն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կանոնակարգով ու իրավական այլ ակտերով։
3. Ինկուբատորի հաստիքացուցակը հաստատվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից ռեկտորի ներկայացմամբ։
4. Ինկուբատորի գործունեությունը ֆինանսավորվում է ԵՊՀ միջոցներից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ ու ԵՊՀ կանոնադրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
5. Ինկուբատորը սահմանված կարգով կարող է ունենալ պաշտոնաթուղթ (բլանկ) ու անհատականացման այլ միջոցներ:
2. ԻՆԿՈՒԲԱՏՈՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Ինկուբատորի խնդիրներն են.
1) ԵՊՀ ֆակուլտետներում ստեղծվող արդյունքների առևտրայնացման միջավայրի ստեղծումը,
2) նոր գաղափարների գեներացումն ու ակսելերացիան, այդ գաղափարները գիտակրթական, արդյունաբերական, տեխնոլոգիական արդյունքի վերածելը,
3) նորարարական գաղափարների հավաքագրմանն ու զարգացմանը միտված օժանդակությունը,
4) ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և շրջանավարտների շրջանում նորարարության ու ձեռներեցության խթանումը,
5) համագործակցային ու ռեսուրսներով հարուստ միջավայրի ապահովումը, որտեղ նորարար գաղափարները կարող են վերածվել բիզնեսների՝ հիմնված առաջադեմ տեխնոլոգիաների ու լուծումների վրա,
6) ստարտափների ստեղծումն ու կենսունակ ձեռնարկատիրական էկոհամակարգի ձևավորումը,
7) միջգիտակարգային (միջդիսցիպլինար) հետազոտողների հիման վրա նորարարական գաղափարների ու ինժեներական լուծումների ստեղծման խթանումը,
8) հետազոտության արդյունքները տեխնոլոգիաների փոխանցման ու առևտրայնացման համար արդյունաբերական ձեռնարկությունների, ներդրողների և պետական կառույցների հետ համագործակցային կապերի հաստատումը,
9) Ինկուբատորում ստեղծված արդյունքների ինտեգրումը ԵՊՀ կրթական ծրագրերում,
10) ազգային, տարածաշրջանային ու միջազգային բիզնես ինկուբատորների, հետազոտական կենտրոնների և համալսարանների հետ կապերի հաստատումն ու ամրապնդումը:
7. Ինկուբատորի գործառույթներն են.
1) աշխատանքային, գրասենյակային ու լաբորատոր ֆիզիկական համատեղ տարածքների տրամադրումը,
2) դասընթացների ու սեմինարների կազմակերպումը, մենթորական գործունեության համար փորձառու բիզնես խորհրդատուների ու գիտական ղեկավարների ներգրավումը,
3) հրապարակային միջոցառումների կազմակերպումը (գիտաժողովներ, հեկատոններ, մրցույթներ, օլիմպիադաներ և այլն), որոնք կօգնեն ստեղծել գիտահետազոտական արդյունքները տեխնոլոգիական ու ինժեներական լուծումների ձևափոխելուն,
4) ներդրումային առաջարկների նախապատրաստման խորհրդատվությունը, ֆինանսավորման աջակցությունը, վենչուրային ֆոնդերի և այլ ներդրողների հետ համագործակցության աջակցությունը,
5) ստարտափների համար մտավոր սեփականության (IP) կառավարումը,
6) նոր գաղափարներ գեներացնելու ու դրանք առևտրայնացնելու նպատակով գիտական հետազոտությունների կատարումը,
7) բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի մակարդակում կրթական ծրագրերի իրականացումը, որոնց նպատակն է լինելու պատրաստել մասնագետներ տեխնոլոգիական ձեռներեցության, առևտրայնացման և այլ ոլորտների համար,
8) ասպիրանտուրայում կատարվող հետազոտությունների համար հատուկ ծրագրերի մշակումը,
9) ընտրված ոլորտների համար մարքեթինգային հետազոտությունների իրականացումը,
10) սկսնակ ձեռներեցներին, իրավական, խորհրդատվական ու վարչական աջակցության տրամադրումը,
11) ստարտափների գործունեության մշտադիտարկումն ու գնահատումը:
3. ԻՆԿՈՒԲԱՏՈՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
8. Ինկուբատորը ղեկավարում է Ինկուբատորի տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ԵՊՀ ռեկտորը:
9. Ինկուբատորին կից գործում է խորհրդատուների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ), որի նպատակն է գործունեության զարգացման և կապերի ստեղծման ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը։ Ինկուբատորի գործընթացների կազմակերպման հարցերում խորհուրդն ունի խորհրդատվական իրավասություն:
10. Խորհուրդը ձևավորվում է Ինկուբատորի գործընկերներից, ներդրողներից և ԵՊՀ ներկայացուցիչներից։ Խորհրդի կազմը հաստատում է ԵՊՀ ռեկտորը։
11. Ինկուբատորի տնօրենը յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա մեկնարկին հաջորդ տարվա գործողությունների ծրագրի ու ծախսերի նախահաշվի նախագիծը ներկայացնում է խորհրդին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար:
12. Ինկուբատորի տնօրենն առնվազն տարին մեկ անգամ խորհրդին է ներկայացնում հաշվետու ժամանակաշրջանում ստացված արդյունքների, իրականացված ծախսերի ու ֆինանսական արդյունքների մասին հաղորդում։
13. Ինկուբատորի տնօրենը՝
1) կազմակերպում և վերահսկում է Ինկուբատորի գործունեությունը, ապահովում է հիմնական գործառույթների իրականացումը, լուծում դրանից բխող հիմնախնդիրները,
2) կատարում է աշխատանքի բաժանում Ինկուբատորի աշխատողների միջև, նրանց տալիս է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ,
3) ապահովում է ԵՊՀ ստորաբաժանումների հետ Ինկուբատորի փոխհամագործակցությունը, ներկայացնում է Ինկուբատորը ներհամալսարանական ու արտահամալսարանական հարաբերություններում, Ինկուբատորի անունից հանդես է գալիս պետական մարմիններում և այլ կազմակերպություններում,
4) պատասխանատվություն է կրում Ինկուբատորի կողմից իրականացվող աշխատանքների որակի ու խնդիրների պատշաճ ու արդյունավետ լուծման համար,
5) իրականացնում է սույն կանոնակարգից, աշխատանքային պայմանագրից, պաշտոնի անձնագրից բխող և Ինկուբատորի գործունեությանն առնչվող այլ գործառույթներ,
6) ստորագրում է Ինկուբատորի անունից պատրաստվող փաստաթղթերը, կատարում նշագրումներ, նախապատրաստում զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ, առաջարկություններ, այլ գրություններ ու փաստաթղթեր,
14. Ինկուբատորի աշխատողների աշխատանքային պարտավորությունները սահմանվում են աշխատանքային պայմանագրով, պաշտոնի անձնագրով (աշխատանքային նկարագրով), ԵՊՀ ներքին իրավական ակտերով և Ինկուբատորի տնօրենի հանձնարարականներով: Աշխատանքային պարտականությունների կատարման արդյունքում ԵՊՀ-ին գույքային (նյութական) վնաս պատճառելու դեպքում աշխատողները կրում են գույքային ու անձնական լիակատար պատասխանատվություն։
15. Ինկուբատորի աշխատողներն ունեն օրենքով, ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կանոնակարգով, իրավական այլ ակտերով, ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում են այդ ակտերով նախատեսված պարտականություններ (սահմանափակումներ):
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
16. Ինկուբատորի վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ կանոնադրությամբ ու ներքին իրավական ակտերով սահմանված կարգով։
17. Սույն կանոնակարգում փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ԵՊՀ կանոնադրության և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
18. Սույն կանոնակարգը հրապարակվում է ԵՊՀ պաշտոնական կայքում: