Ընդհանուր տվյալներ
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում (այսուհետ` ԵՊՀ) մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգն ու պայմանները:
Մագիստրոսական թեզն ինքնուրույն հետազոտական, վերլուծական և/կամ կիրառական նշանակության աշխատանք է, որը նպաստում է Որակավորումների ազգային շրջանակի համապատասխան մակարդակի, ինչպես նաև կրթական տվյալ ծրագրով նախատեսված կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը։ Այն արտացոլում է տվյալ մասնագիտական ոլորտում ուսանողի ձեռք բերած գիտելիքները կիրառելու ու ինքնուրույն ուսումնասիրություն կատարելու կարողությունները, ինչպես նաև գիտական խնդիրներ բարձրացնելու ու նոր լուծումներ առաջադրելու հմտությունները։
2. Մագիստրոսական թեզի հրապարակային պաշտպանությունը մագիստրոսի կրթական ծրագրի ավարտական պահանջներից է։
3. Մագիստրոսական թեզը մագիստրոսի կրթական ծրագրի ամփոփիչ բաղադրիչն է, որի պատրաստումն ու պաշտպանությունն առկա ուսուցման դեպքում իրականացվում են 1-4-րդ կիսամյակներում, իսկ հեռակա ուսուցման դեպքում՝ 2-5-րդ կիսամյակներում (տե՜ս Հավելված 5 և 6)։
4. Թեզի պատրաստման ու պաշտպանության համար կրթական ծրագրում (ըստ տևողության) նախատեսվում է 24, 18 և 12 կրեդիտ աշխատածավալ:
5. Մագիստրոսական թեզը կարող է համատեղ իրականացվել մասնագիտական տարբեր ոլորտների երկու տարբեր կրթական ծրագրերում սովորող ուսանողների կողմից (տե՜ս Հավելված 7)։
6. Մագիստրոսի՝ 1 տարի տևողությամբ (60 ECTS) կրթական ծրագրերում թեզն ունի կիրառական ուղղվածություն։
2. ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԻ ԹԵՄԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
7. Մագիստրոսական թեզերի թեմաներն ու գիտական ղեկավարները հաստատվում են ուսումնական ստորաբաժանումների գիտական խորհուրդների կողմից և մուտքագրվում են էլեկտրոնային համակարգեր (SuperVision և e-learning.ysu.am)՝ համաձայն 5-րդ ու 6-րդ հավելվածներում ներկայացված ժամանակացույցների։
8. Թեզերի թեմաները կարող են առաջարկվել ինչպես ուսանողի, այնպես էլ կրթական ծրագիրն իրականացնող ուսումնական ստորաբաժանման կողմից՝ ելնելով տվյալ կրթական ծրագրի առանձնահատկություններից։
9. Մագիստրոսական թեզի վերնագիրը կարող է խմբագրվել մինչև ավարտական կիսամյակի մեկնարկը, եթե առկա է կրթական ծրագիրն իրականացնող ամբիոնի համապատասխան հիմնավորումը։
3. ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ
10. Մագիստրոսական թեզի գիտական ղեկավար կարող է լինել ԵՊՀ ուսումնական ստորաբաժանման կամ տվյալ ոլորտի գիտական աստիճան ու կոչում ունեցող ՀՀ և օտարերկրյա մասնագետը։
11. Առանձին դեպքերում մագիստրոսական թեզ կարող են ղեկավարել համապատասխան մասնագիտական ոլորտի գիտական աստիճան չունեցող մասնագետներն ու դասախոսները, եթե առկա են ուսումնական ստորաբաժանման հիմնավորումն ու ԵՊՀ ուսումնական գործընթացները համակարգող պրոռեկտորի թույլտվությունը։
12. Մագիստրոսական թեզը կարող է ունենալ համաղեկավար: Մագիստրոսական թեզի համաղեկավար կարող է լինել ինչպես ԵՊՀ այլ ուսումնական ստորաբաժանման, այնպես էլ տվյալ ոլորտի գիտական աստիճան ու կոչում ունեցող ՀՀ և օտարերկրյա հրավիրյալ մասնագետը կամ համապատասխան մասնագիտական ոլորտի (պետական կամ մասնավոր) աշխատաշուկայի ներկայացուցիչը:
13. Գիտական ղեկավարի պարտականություններն են․
1) խորհրդատվություն թեզի պատրաստման աշխատանքային պլանի (ժամանակացույցի) և դրա իրականացման վերաբերյալ,
2) թեմային առնչվող գիտական աղբյուրների ընտրության և օգտագործման վերաբերյալ առաջարկություններ,
3) խորհրդատվություն՝ տվյալների հավաքագրման և հետազոտության պլանի մշակման վերաբերյալ,
4) թեզի կատարման ժամանակացույցի և ուսանողի կատարած աշխատանքների ընթացքի վերահսկում էլեկտրոնային հարթակում (e-learning),
5) ամբիոնի նիստերում թեզի իրականացման ընթացքի և ժամկետների պահպանման վերաբերյալ տեղեկատվության ներկայացում (ըստ կիսամյակների),
6) խորհրդատվություն՝ ելույթի պատրաստման և պաշտպանության վերաբերյալ,
7) տեղեկատվության տրամադրում՝ սույն կարգի դրույթների, պահանջների և գնահատման չափանիշների ու չափորոշիչների վերաբերյալ,
8) թեզի վերաբերյալ «Գիտական ղեկավարի կարծիքի» ներկայացում (տե՜ս Հավելված 3),
9) hետազոտական էթիկայի չափորոշիչների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:
4. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
15. Մագիստրոսական թեզը պատրաստող ուսանողն ատեստավորվում է համապատասխան կրթական ծրագիրն իրականացնող ամբիոնի կողմից սահմանված ժամկետներում (տե՜ս Հավելված 5 և 6)։
16. Ատեստավորումն իրականացվում է ուսանողի կողմից թեզի պատրաստման ընթացքի վերաբերյալ յուրաքանչյուր կիսամյակ էլեկտրոնային հարթակ (e-learning) վերբեռնված հաշվետվության հիման վրա։
17. Էլեկտրոնային հարթակում ուսանողի կողմից հաշվետվության ներկայացման վերահսկողությունն իրականացնում է գիտական ղեկավարը՝ յուրաքանչյուր կիսամյակ համապատասխան նշում կատարելով։
18. Ատեստավորումը չանցած (սույն կարգով ներկայացված պահանջները չկատարած ու սահմանված ժամկետներում հաշվետվությունը չներկայացրած) ուսանողը հեռացվում է համալսարանից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով։
5. ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
19. Մագիստրոսական թեզի օրինակելի կառուցվածքը ներկայացված է Աղյուսակ 1-ում:
6. ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
20. Մագիստրոսական թեզը պաշտպանության է ներկայացվում համակարգչային շարվածքով՝ տպագիր (կազմված) ու էլեկտրոնային տարբերակով: Թղթի չափսը՝ A4 (210 մմ x 297 մմ), լուսանցքները՝ ձախից 3.0 սմ, աջից՝ 1.5 սմ, վերևից՝ 2.0 սմ և ներքևից՝ 2.5 սմ: Նյութը տպվում է թերթի միայն մեկ երեսին: Տեքստը մուտքագրվում է «Յունիկոդ» (Unicode) կոդավորման համակարգի տառատեսակների կիրառմամբ: Վերնագրերն ու տեքստը շարվում են 12 pt տառաչափով, միջտողային հեռավորությունը՝ 1.5: Գլուխների վերնագրերը գրվում են թավ (bold) ու գլխատառերով: Յուրաքանչյուր գլուխ սկսվում է նոր էջից: Պարբերությունները հավասարեցվում են երկու կողմերից, սկսվում են 1 սմ խորքից: Թեզի բոլոր էջերը, ներառյալ հավելվածները, համարակալվում են ներքևում՝ կենտրոնում: Համարակալումը սկսվում է բովանդակությունից, որը համարվում է 4-րդ էջ:
21. Աշխատանքում առկա աղյուսակները, նկարները, գծապատկերներն ու հավելվածները համարակալվում են, և դրանց տրվում են անվանումներ (անհրաժեշտության դեպքում տրվում են նաև ծանոթագրություններ): Նկարների, գծապատկերների, գծագրերի անվանումները, նշանակությունների բացատրությունները գրվում են դրանց ներքևում՝ մեջտեղում՝ 10 pt տառաչափով: Աղյուսակների անվանումները գրվում են դրանց վերևում, իսկ հավելվածներինը՝ նոր էջի վերին աջ անկյունում:
22. Աշխատանքի վերջում տրվում է օգտագործված գրականության ցանկն ըստ այբբենական կարգի՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով հաջորդականությամբ: Ցանկում գրականությունը ներկայացվում է բնագրի լեզվով: Գրականության առանձին աղբյուրի ձևավորումն իրականացվում է ընդունված գիտական հրատարակությունների համար սահմանված մատենագիտական պահանջներին համապատասխան։ Ամսագրային հոդվածների համար նշվում են հեղինակ(ներ)ի ազգանունն ու անվան սկզբնատառերը` բնագրային տառադարձությամբ, հոդվածի վերնագիրը, ամսագրի լրիվ կամ ընդունված կրճատ անվանումը, հրատարակության տարեթիվը, հատորը, համարը (volume, issue) թիվը, էջերը, doi (եթե առկա է): Օրինակ՝ Desai D.A. , Lavelle M., Long-term complications of COVID-19, Am J Physiol Cell Physiol. 2022, 322(1): pp. 1-11. doi: 10.1152/ajpcell.00375.2021): Գրքերի համար նշվում են հեղինակ(ներ)ի ազգանուն(ներ)ն ու անվան սկզբնատառ(եր)ը, այնուհետև՝ գրքի ամբողջական կամ ընդունված կրճատ անվանումը, հրատարակման վայրը, հրատարակչությունը, հրատարակման թվականը, էջերի քանակը: Համացանցում տեղադրված նյութերի դեպքում կիրառվում են նույն սկզբունքները՝ վերջում նշելով համապատասխան նյութի հղման հասցեն և ծանոթացման ամսաթիվը (օրինակ՝ … // URL: http://www.info..., 14.06.2020):
Արհեստական բանականության տարբեր համակարգերից օգտվելիս (օր.՝ ChatGPT) անհրաժեշտ է նշել համապատասխան հղումը՝ հետևյալ սկզբունքով՝ հարթակը, ամսաթիվը (կիրառված տարբերակի (version) տարեթիվը), վերնագիրն ու սկզբնաղբյուրը (օրինակ՝ OpenAI. (2023). ChatGPT (Mar 14 version) [Large language model]. https://chat.openai.com/chat)։
23. Հղումները տեքստում տրվում են ուղղանկյուն փակագծերում՝ ըստ գրականության ցանկում ներկայացված կարգային համարի ([1], [2-5], [3, 7, 9-11], [3, էջ 15], [7, էջ 5-9]) կամ նշելով հեղինակի ազգանունն ու հրատարակման տարեթիվը (Պողոսյան, 2015; Պետրոսյան և այլք, 2010), նաև տողատակում, ինչպես ներկայացվում է օրինակում:
24. Մագիստրոսական թեզի շարադրանքի նվազագույն ու առավելագույն ծավալները սահմանում են ուսումնական ստորաբաժանումների գիտական խորհուրդները՝ ելնելով մասնագիտական առանձնահատկություններից։
7. ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԻ ՆԱԽԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՐԱԽՈՍՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
25. Մագիստրոսական թեզի պատրաստումն ու պաշտպանությունն իրականացվում են համաձայն ԵՊՀ առկա ու հեռակա ուսուցման համակարգերի համար սահմանված ժամանակացույցների (տե՜ս Հավելված 5 և 6)։
26. Մագիստրոսական թեզ պատրաստող ուսանողին հրապարակային պաշտպանությանը նախապատրաստելու և վերջնական դիտարկումներ ու առաջարկություններ կատարելու նպատակով պաշտպանությունից 2 շաբաթ առաջ մասնագիտացնող ուսումնական ստորաբաժանման կողմից կազմակերպվում է մագիստրոսական թեզի նախապաշտպանություն՝ ամբիոնի վարիչի, մագիստրոսական ծրագրերի ղեկավարների, ինչպես նաև ուսանողի գիտական ղեկավարի մասնակցությամբ։
27. Նախապաշտպանության ընթացքում հանձնաժողովը լսում է ուսանողի ելույթը կատարված հետազոտության, օգտագործված գրականության և ստացված գիտական արդյունքի վերաբերյալ։ Հանձնաժողովը կարող է ուղղորդել ուսանողին ելույթի կառուցվածքի և տրամադրված ժամանակն արդյունավետ օգտագործելու հարցում, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրել թեզի բովանդակության և կիրառված մեթոդաբանության վերաբերյալ։
28. Հանձնաժողովը քննարկում է մագիստրոսական թեզը, գիտական ղեկավարի բացասական կամ դրական կարծիքը և ուսանողի կողմից աշխատանքի ներկայացման արդյունքում կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) մագիստրոսական թեզը հրապարակային պաշտպանության թույլատրելու մասին,
2) մագիստրոսական թեզը հրապարակային պաշտպանության չթույլատրելու մասին, եթե այն չի համապատասխանում սահմանված պահանջներին, կամ հայտնաբերվել է ակադեմիական ազնվության նորմերի խախտում,
3) մագիստրոսական թեզը լրամշակելու նպատակով լրացուցիչ ժամանակ տրամադրելու վերաբերյալ (ոչ ավել, քան մեկ շաբաթ)։
29. Ուսումնական ստորաբաժանումը կազմում է նախապաշտպանության հանձնաժողովի որոշման վերաբերյալ արձանագրություն:
30. Նախապաշտպանության հանձնաժողովի կողմից աշխատանքը պաշտպանության թույլատրելու դեպքում ուսումնական ստորաբաժանումը կազմակերպում է մագիստրոսական թեզի արտաքին գրախոսումը, որը ուսումնական ստորաբաժանման որոշմամբ կարող է իրականացվել նաև «կույր» գրախոսման ձևաչափով։
31. Նախապաշտպանության արդյունքում պաշտպանությանը չթույլատրված կամ նախապաշտպանությանը չներկայացած ուսանողը հեռացվում է համալսարանից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով։
32. Մագիստրոսական թեզի արտաքին գրախոսումը կարող են իրականացնել ՀՀ և այլ բուհերի կամ կրթական ծրագրեր իրականացնող հաստատություների գիտական աստիճան ունեցող դասավանդողները, ինչպես նաև տարբեր հաստատությունների համապատասխան մասնագետները։
33. Գրախոսների կազմն առաջարկվում է ուսումնական ստորաբաժանման կողմից և ներբեռնվում էլեկտրոնային համակարգ (SuperVision)։
34. Գրախոսը սահմանված ժամկետում իր կարծիքը (տե՜ս Հավելված 4, 5 և 6) ներկայացնում է ուսումնական ստորաբաժանում։
35. Հրապարակային պաշտպանության ժամանակ գրագողության հայտնաբերման դեպքում աշխատանքը գնահատվում է «անբավարար»։
36. Մագիստրոսական թեզի պաշտպանությանը թույլատրված, բայց չներկայացած կամ «անբավարար» գնահատված ուսանողը կարող է պաշտպանել թեզը (նոր կամ նախկինում հաստատված թեմայով) հաջորդ ուսումնական տարիներին։
37. Մագիստրոսական թեզի հրապարակային պաշտպանությունը ձայնագրվում է, և ձայնագրությունը պահպանվում է առնվազն 24 ժամ:
38. Մագիստրոսական թեզի հրապարակային պաշտպանությունն իրականացվում է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թ. նոյեմբերի 7-ի թիվ 1282-Ն հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման» կարգի:
8. ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
39. Մագիստրոսական թեզի գնահատումն իրականացվում է 20-միավորանոց սանդղակով՝ համաձայն սահմանված չափանիշների և դրանց համապատասխան չափորոշիչների (տե՜ս Աղյուսակ 2)։
40. Մագիստրոսական թեզի գնահատականը ենթակա է բողոքարկման ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կողմից ընթացակարգային խախտումների առկայության դեպքում։
41. Մագիստրոսական թեզի գնահատման արդյունքները հայտարարվում են պաշտպանության օրը։ Հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում ուսանողը հանձնաժողովի նախագահին կարող է ներկայացնել գրավոր բողոք, որը քննարկվում է նույն օրը հանձնաժողովի նիստում։
42. Բողոքարկմանն անհրաժեշտության դեպքում կարող է մասնակցել հաստատության վարչական անձնակազմի (ուսումնական ստորաբաժանման ղեկավար, ուսումնամեթոդական ստորաբաժանման ներկայացուցիչ)՝ տվյալ հանձնաժողովի անդամ չհանդիսացող աշխատակիցը։
43. Ուսանողի ներկայությամբ հանձնաժողովը լսում է պաշտպանության ձայնագրությունն ու ձայների պարզ մեծամասնությամբ կայացնում հետևյալ որոշումներից մեկը՝
1) գնահատականը թողնել անփոփոխ,
2) գնահատականը բարձրացնել,
3) գնահատականը իջեցնել։
44. Բողոքարկման հանձնաժողովը կայացված որոշման վերաբերյալ կազմում է լրացուցիչ արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի բոլոր ներկա անդամները։
45. Բողոքարկումից հետո ամրագրված գնահատականը փոփոխման ենթակա չէ։
9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
46. Սույն կարգը տարածվում է 2023-2024 ուսումնական տարվանից և դրանից հետո ԵՊՀ ընդունված կամ ուսանողական իրավունքները վերականգնած, տեղափոխված ուսանողների վրա:
47. Սույն կարգի 16-17-րդ կետերի դրույթները (էլեկտրոնային հարթակում (e-learning) վերբեռնման մասով) չեն տարածվում 2023-2024 ուսումնական տարում ընդունված և 1 տարի (60ECTS) ուսման տևողություն ունեցող կրթական ծրագրերով սովորող ուսանողների վրա: