Ընդհանուր տվյալներ
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՄ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՐԳ
1. Սույն կարգի մշակման իրավական հիմքերն են «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին կոնվենցիան», «Հարկադիր աշխատանքի վերացման մասին կոնվենցիան», ՀՀ աշխատանքային օրենսգիրքը և այլ իրավական ակտերը:
2. ՙԵրևանի պետական համալսարան՚ հիմնադրամում (այսուհետ՝ ԵՊՀ) ցանկացած ձևի (բնույթի) պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է:
3. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որևէ ձևի հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը, բացառությամբ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերի:
4. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք կարող է համարվել՝
1) Աշխատողին չվճարվող աշխատանք կատարելուն հարկադրելը, կամ կատարված աշխատանքին ակնհայտորեն ոչ համարժեք չափով վարձատրելը.
2) Ուսանողների կամ աշխատողների մտավոր սեփականությունը, արտոնագրերը կամ հետազոտական աշխատանքի արդյունքները յուրացնելը՝ առանց սահմանված կարգով այդ իրավունքների ճանաչման կամ դրանից ստացված օգուտների բաշխման.
3) Պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող աշխատանքային հանձնարարականներ տալը.
4) Պաշտոնեական աստիճանակարգության (հիերարխիայի) չարաշահումը:
5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝
1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.
2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.
3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:
6. ԵՊՀ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է պարտադիր կամ հարկադիր աշխատանքի արգելման վերաբերյալ միջազգային և ներպետական իրավակարգավորումներով։
7. Սույն կարգը տարածվում է ԵՊՀ աշխատողների ու սովորողների, ԵՊՀ-ի հետ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող, կամ ԵՊՀ ծառայություններից կամ աշխատանքներից օգտվող (կամ մատուցող), կամ ԵՊՀ կամ նրա կառուցվածքային ստորաբաժանումների հետ համագործակցող անձանց և կազմակերպությունների վրա:
8. Սույն կարգի պահանջների խախտումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն: Որոշ դեպքերում կարող են կիրառվել օրենքով կամ սույն կարգով նախատեսված այլ միջոցներ:
9. ԵՊՀ-ն յուրաքանչյուր աշխատողի հետ, օրենքով սահմանված կարգով կնքում է գրավոր աշխատանքային պայմանագիր, որում սահմանվում են գործատուի և աշխատողի իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի վարձատրության չափն ու պայմանները, աշխատաժամանակի ռեժիմը, հանգստի ժամանակը, աշխատողի առողջությունն ու անվտանգությունն ապահովող իրավակարգավորումները և այլ սոցիալական երաշխիքները։
Ծառայություն մատուցող կամ ստացող անձանց հետ կնքվում է օրենքով նախատեսված ձևի քաղաքացիաիրավական պայմանագիր:
10. ԵՊՀ-ի հետ համագործակցող կազմակերպությունները պարտավոր են վարել պարտադիր կամ հարկադիր աշխատանքի արգելման քաղաքականություն։ Սույն կանոնի չպահպանման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ունենալու դեպքում ԵՊՀ-ն իրավասու է լուծել այդ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը և դադարեցնել համագործակցությունը:
11. ԵՊՀ աշխատողները, սովորողները, ԵՊՀ-ի հետ համագործակցող կազմակերպությունները պարտավոր են ԵՊՀ ռեկտորին անհապաղ տեղեկացնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքի առերևույթ փաստի վերաբերյալ կասկածի մասին։
Ռեկտորի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որը ողջամիտ ժամկետում քննում է ներկայացված հաղորդումը և քննության արդյունքներով համապատասխան առաջարկություն է ներկայացնում ռեկտորին:
12. Սույն կարգի 11-րդ կետում նշված հաղորդում ներկայացրած անձը չի կարող հետապնդվել, ենթարկվել պատասխանատվության, կամ արժանանալ ոչ իրավաչափ վերաբերմունքի նույնիսկ այն դեպքում, եթե քննության արդյունքում պարզվի, որ հաղորդման մեջ նշված տեղեկատվությունը չի հաստատվել։
13. Սույն կարգը հրապարակվում է ԵՊՀ պաշտոնական կայքէջում։
14. Սույն կարգն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։