Ընդհանուր տվյալներ
«ՍԹԵՄ ԴՊՐՈՑ» ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Երևանի պետական համալսարան հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) ՍԹԵՄ դպրոցը (այսուհետ՝ դպրոց) ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում է, որի գործունեությունը նպատակաուղղված է հանրակրթական, ինչպես նաև կրթական լրացուցիչ ծրագրերի իրականացմանը:
2. Դպրոցը գործում է կրթության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ԵՊՀ կանոնադրության, սույն կանոնակարգի ու դպրոցի ներքին իրավական այլ ակտերին համապատասխան:
3. Դպրոցում արգելվում է իրականացնել քաղաքական, ինչպես նաև կրոնական գործունեություն ու քարոզչություն՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
4. Դպրոցն ունի պաշտոնաթուղթ ու անհատականացման այլ միջոցներ:
2. ԴՊՐՈՑԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Դպրոցի նպատակներն են՝
1) սովորողների զարգացման առանձնահատկություններին ու կարողություններին համապատասխան՝ կրթական գործընթացին առավելագույն մասնակցության ու հանրակրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների ապահովումը,
2) սովորողների մտավոր, հոգևոր ու բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը,
3) կրթության որակի ապահովումն ու շարունակական բարելավումը,
4) հեղինակային ծրագրերի իրականացման միջոցով հանրակրթական միջավայրի բարելավմանը նպաստելը:
6. Դպրոցի՝ սահմանված նպատակների իրականացման խնդիրներն են՝
1) յուրաքանչյուր սովորողի կրթության հասանելիության, մասնակցության հավասար հնարավորության ու կրթական, այդ թվում՝ հեղինակային ծրագրերի իրականացման որակի ապահովումը,
2) հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքներին համապատասխան ուսուցման կրթության բովանդակության նորարար, սովորողակենտրոն, արդյունավետ մեթոդների ու ձևերի ընտրությունը,
3) յուրաքանչյուր սովորողի՝ կրթական գործընթացին առավելագույն մասնակցությունն ու ֆիզիկական հարմարեցված միջավայրի մատչելիության ապահովումը,
4) հանրակրթության ոլորտում հեղինակային, ստեղծագործական, նորարարական, ուսումնական, մեթոդական, խորհրդատվական ու մանկավարժական գործունեության իրականացումը,
5) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը` հաշվի առնելով սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական ու սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունները, հակումներն ու ընդունակությունները:
7. Դպրոցն իրավասու է՝
1) իրականացնել հանրակրթական, այդ թվում՝ հեղինակային ծրագրեր՝ անվճար ու վճարովի հիմունքներով (տարրական, հիմնական ու միջնակարգ մակարդակներում), առկա, ըստ անհրաժեշտության՝ նաև հեռավար ուսուցման ձևով,
2) իրականացնել սովորողների նախասիրությունների ու կրթական պահանջմունքների բավարարման նպատակով կրթական լրացուցիչ ծրագրեր,
3) իր իրավասությունների ու նպատակների շրջանակում համագործակցել ներպետական ու միջազգային կազմակերպությունների, դպրոցների, հիմնարկների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ,
4) կազմակերպել դիմորդների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն ու ուսումնական գործընթացը,
5) կազմակերպել մանկավարժական ու վարչական աշխատողների որակավորման բարձրացման, վերապատրաստման ու կրթական լրացուցիչ ծրագրեր, ինչպես նաև՝ ատեստավորում,
6) մասնակցել պետության կողմից հանրակրթության ոլորտի քաղաքականության ու ռազմավարությունների մշակման աշխատանքներին,
7) սահմանել դպրոցում սովորելու ուսման վճարները, սովորողների սոցիալական աջակցության ու կրթաթոշակների հատկացման կարգն ու պայմանները,
8) իրականացնել ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքներ,
9) ԵՊՀ գիտահետազոտական լաբորատորիաներում, ինստիտուտներում, կենտրոններում, ուսումնաարտադրական բազաներում կազմակերպել սովորողների գործնական ուսուցումը, դաստիարակությունն ու հանգիստը,
10) իրականացնել ՀՀ օրենսդրությամբ ու սույն կանոնակարգով չարգելված այլ գործառույթներ։
3. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Դպրոցը, ըստ կրթական մակարդակների, կարող է իրականացնել հանրակրթական ծրագրեր՝ տարրական, հիմնական, միջնակարգ (ավագ), համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում:
(8-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/4 որոշմամբ):
9. Ուսումնական խմբերը` դասարանները, կազմավորվում են՝ ըստ սովորողների տարիքի ու նրանց կողմից ուսումնական ծրագրի յուրացման արդյունքների ու ուղղության:
10. Հանրակրթական ծրագրերի ավարտին ստուգվում է սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների համապատասխանությունը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին, իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում, և տրվում է հանրակրթական ծրագրերի յուրացումը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (ատեստատ), ինչպես նաև՝ կրթական հեղինակային ծրագրի ավարտական վկայական։
11. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ ու ամփոփիչ (կիսամյակային ու տարեկան) գնահատումը, դրա ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է դպրոցը` հանրակրթության պետական չափորոշչին ու նորմատիվ ու ներքին իրավական այլ ակտերին համապատասխան:
12. Դպրոցն ուսումնական պլանները կազմում է՝ հիմք ընդունելով հանրակրթության պետական չափորոշիչը:
13. Դպրոցը ԵՊՀ պաշտոնական կայքում հրապարակում է սույն կանոնակարգը, սովորողների ընդունելության, փոխադրման, ավարտման ու քննությունների կազմակերպման կարգերը, ինչպես նաև դպրոցի գործունեությանն առնչվող, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանող այլ տեղեկություններ։
(13-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/4 որոշմամբ):
4. ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
14. Դպրոցի կառավարման մարմիններն են`
1) հիմնադիրը՝ ի դեմս ԵՊՀ-ի,
2) դպրոցի խորհուրդը,
3) դպրոցի տնօրենը:
15. Դպրոցի խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) դպրոցի կոլեգիալ կառավարման ու կազմակերպման մարմինն է: Խորհրդի անդամների թիվը 8 է։
16. Խորհրդի անվանական կազմը հաստատում է ռեկտորը։
17. Խորհրդի կազմը ձևավորվում է 3 տարի ժամկետով։ Խորհրդի կազմում ընդգրկվում են՝
1) 2 անդամ՝ հանրակրթության ոլորտի արտաքին ներկայացուցիչներից՝ ռեկտորի ներկայացմամբ,
2) 2 անդամ՝ դպրոցի մանկավարժական կազմից՝ մանկավարժական խորհրդի ներկայացմամբ,
3) 2անդամ՝ ռեկտորի նշանակմամբ,
4) 2 անդամ՝ դպրոցի տնօրենի ներկայացմամբ։
Խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի նիստերին կարող են մասնակցել սովորողներ և ծնողներ (սովորողների և/կամ ծնողներին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ խորհրդի պահանջով):
(17-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/4 որոշմամբ):
18. Խորհուրդը՝
1) հաստատում է իր աշխատակարգը,
2) ընտրում է խորհրդի նախագահ,
3) տնօրենի գործունեության նկատմամբ իրականացնում է ընթացիկ վերահսկողություն,
4) քննարկում է ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունները,
5) քննարկում է արտաքին ու ներքին գնահատման արդյունքները,
6) հաստատում է մանկավարժական խորհրդի ու առարկայական մասնագիտական խմբերի աշխատակարգերը:
19. Խորհրդի նախագահին իրենց կազմից փակ քվեարկությամբ ընտրում են խորհրդի անդամները՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
20. Խորհրդի անդամը պարտավոր է`
1) սույն կանոնակարգով սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն` ի նպաստ սովորողի շահերի ու կրթության արդյունավետության,
2) պատշաճորեն կատարել սույն կանոնակարգով սահմանված ու խորհրդի հանձնարարականներով իրեն վերապահված պարտականությունները։
21. Խորհրդի առաջին նիստը գումարվում է խորհրդի կազմի հաստատումից հետո՝ տասնօրյա ժամկետում:
22. Խորհրդի նախագահը՝
1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները,
2) նախագահում է խորհրդի նիստերը,
3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և ստորագրում դրանք:
23. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի որոշմամբ նրա պարտականությունները ժամանակավոր կատարում է խորհրդի անդամներից մեկը:
24. Խորհրդի նիստերը գումարվում են նախագահի կողմից տարին առնվազն չորս անգամ, ինչպես նաև՝ խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ու օրակարգով խորհրդի նախագահին համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո տասնօրյա ժամկետում: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
25. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստի ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
26. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի փոխանցումն այլ անդամի:
27. Խորհրդի նիստերն արձանագրվում են:
28. Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են՝
1) խորհրդի նախագահի անունով գրավոր դիմում ներկայացնելու,
2) խորհրդի ¾-ի որոշմամբ,
3) մեկ տարվա ընթացքում խորհրդի առնվազն երեք նիստից անհարգելի բացակայելու,
4) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու,
5) նրա մահվան,
6) առաջադրող մարմնի հիմնավորված հետկանչի,
7) խորհրդի ժամկետի ավարտի,
8) դպրոցի լուծարման դեպքերում։
(28-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/4 որոշմամբ):
29. Դպրոցի տնօրենը՝
1) ղեկավարում է դպրոցի ընթացիկ գործունեությունը,
2) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության, առաջադիմության ու հաստատության ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների ու սովորողների էթիկայի և վարքագծի կանոնների նկատմամբ,
3) աջակցում է դպրոցի խորհրդակցական մարմինների աշխատանքներին,
4) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է դպրոցի ուսումնական պլանը, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տեղակալի, դասարանների գծով պատասխանատուների, առարկայական մասնագետների խմբերի նախագահների ու այլ մանկավարժների հաշվետվությունները,
5) մասնակցում է խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով,
6) բաշխում է աշխատողների միջև աշխատանքը և վերահսկում դրանց իրականացումը,
7) տնօրենի տեղակալի ներկայացմամբ հաստատում է ուսումնական պարապմունքների դասացուցակը ու ուսումնադաստիարակչական աշխատանքներին առնչվող հաշվետվությունները,
8) խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը,
9) աջակցում է ուսուցիչների մասնակցությանը ատեստավորումներին և ԵՊՀ-ի կողմից կազմակերպվող վերապատրաստումներին,
10) իրականացնում է վերահսկողություն դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, առաջադիմության, նրանց վարքի, արտադասարանական ու արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, դպրոցի աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ,
11) ուսումնական պլանին համապատասխան՝ ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվություն կրթության որակի բովանդակության համար,
12) ապահովում է դպրոցում գործավարության ու փաստաթղթաշրջանառության պատշաճ իրականացումը,
13) ապահովում է դպրոցի խորհրդի՝ դպրոցին վերաբերվող որոշումների կատարումը,
14) սույն կանոնակարգով իրեն վերապահված գործառույթների շրջանակում ներկայացնում է դպրոցը պետական և այլ կազմակերպություններում,
15) կազմում և ռեկտորի միջոցով հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի կառուցվածքն ու հաստիքացուցակը,
16) ռեկտորին է ներկայացնում դպրոցում աշխատանքի ընդունվող անձանց թեկնածությունը,
17) սույն կանոնակարգով սահմանված իր լիազորությունների սահմաններում տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ ու հրահանգներ, վերահսկում դրանց կատարումը,
18) իրականացնում է սույն կանոնակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
30. Դպրոցի տնօրենը նշանակվում է ռեկտորի կողմից: Դպրոցի տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում գիտամանկավարժական կամ մանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
31. Տնօրենի բացակայության դեպքում ռեկտորի հրամանով տնօրենի պաշտոնակատար է նշանակվում տնօրենի տեղակալը, իսկ անհնարինության դեպքում՝ դպրոցի այլ աշխատակից՝ տնօրենի ներկայացմամբ:
32. Տնօրենի լիազորությունները դադարում են ռեկտորի հրամանով:
33. Դպրոցի տնօրենն ունի տեղակալ(ներ): Դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված անձը չի կարող լինել դպրոցի տնօրենի տեղակալ: Դպրոցի տնօրենի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում գիտամանկավարժական կամ մանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
34. Դասարանների գծով պատասխանատուն՝
1) դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանում,
2) նպաստում է սովորողների նկատմամբ դպրոցի ու ընտանիքի միասնական մանկավարժական պահանջների կատարման ապահովմանը,
3) դպրոցի տնօրենին ներկայացնում է սովորողների առաջադիմության, հաճախումների ու վարքի մասին տեղեկատվություն,
4) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլ միջոցառումներ,
5) դպրոցի մանկավարժական խորհրդին կամ տնօրենին է ներկայացնում սովորողին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ներկայացնելու հարցը:
6) Դասարանների գծով պատասխանատուի պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն՝ մանկավարժի որակավորմամբ կամ բարձրագույն կրթություն՝ «Հոգեբանություն» կամ «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ, կամ բարձրագույն կրթություն և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով հավաքել է մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ։
(34-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/4 որոշմամբ):
5. ԴՊՐՈՑԻ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
35. Դպրոցում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, առարկայական մասնագիտական խմբեր, ծնողական, աշակերտական խորհուրդներ (ըստ անհրաժեշտության):
36. Մանկավարժական խորհուրդը ձևավորվում է բոլոր մանկավարժական և վարչական աշխատողներից, տնօրենի հրամանով և մեկ ուսումնական տարի ժամկետով:
37. Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝
1) ըստ հանրակրթության պետական չափորոշչի՝ հանրակրթական հիմնական ծրագրերի իրագործման հարցերը` սովորողների ընդունակություններին, նրանց կյանքի ու առողջության պահպանմանը համապատասխան՝ հաշվի առնելով նաև հեղինակային ծրագրերի առանձնահատկությունները,
2) ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ իրականացվող արտադասարանական ու արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, արտադասարանական խմբակների ու ուսումնական կաբինետների ձևավորման, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման կենտրոնների ստեղծման հարցերը,
3) հանրակրթական ուսումնական առարկաների չափորոշիչների ու ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, ինչպես նաև փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները և այլ նյութեր,
4) ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր։
38.Մանկավարժական խորհուրդը քննարկում ու դպրոցի տնօրենին խորհրդատվական կարծիք է հայտնում հետևյալ հարցերի վերաբերյալ.
1) սովորողներին դասարանից դասարան փոխադրելու, ամառային առաջադրանքներ տալու,
2) սովորողներին քննություններին թույլատրելու,
3) որևէ առարկայի ուսումնասիրությունից ազատելու,
4) բացակայությունների պատճառով նախատեսված քննական առարկաների որոշման ու քննությունների անցկացման ժամանակացույցի,
5) սովորողների վերաքննություններ նշանակելու կամ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու,
6) դպրոցի շրջանավարտներին ըստ կրթական մակարդակների պետական նմուշի ավարտական փաստաթուղթ տալու,
7) օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսանքի միջոց կիրառելու,
8) դպրոցի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխման վերաբերյալ:
39. Մանկավարժական խորհրդի աշխատանքը ղեկավարում է դպրոցի տնօրենը, որն ի պաշտոնե մանկավարժական խորհրդի նախագահն է:
40. Մանկավարժական խորհրդի նիստերն արձանագրում է մանկավարժական խորհրդի անդամներից ընտրված քարտուղարը, որի բացակայության դեպքում նիստն արձանագրում է անդամներից մեկը մանկավարժական խորհրդի որոշմամբ: Նիստի արձանագրությունը կազմվում է երկօրյա ժամկետում, ստորագրվում է մանկավարժական խորհրդի նախագահի կողմից:
Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ։ Անհրաժեշտության դեպքում կարող են գումարվել արտահերթ նիստեր տնօրենի կամ մանկավարժական խորհրդի 1/3-ի նախաձեռնությամբ և նախաձեռնողի օրակարգով ու համապատասխան ժամկետում։
41. Դպրոցը մանկավարժական խորհրդի նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ դպրոցի մանկավարժական խորհրդի անդամներին տեղեկացնում է մանկավարժական խորհրդի նիստի անցկացման տեղի, ժամի ու օրակարգի մասին:
42. Մանկավարժական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ:
43. Մանկավարժական խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
44. Մանկավարժական խորհրդի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Մանկավարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն այլ անդամի արգելվում է: Մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է դպրոցի խորհրդի 2 անդամ և ներկայացնում ռեկտորի հաստատմանը։
45. Առարկայական մասնագիտական խումբը`
1) քննարկում է հեղինակային ծրագրերն ու առարկաների նկարագրերը, ուսումնական պլանների նախագծերը, փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները, մեթոդական ձեռնարկները և դրանց քննարկումների վերաբերյալ ուսուցիչներին (այսուհետ՝ նաև դասավանդողներ) տալիս երաշխավորություններ,
2) ուսումնասիրում, ընդհանրացնում է մանկավարժական առաջավոր փորձը և այն ներդնում գործնական աշխատանքում,
3) նպաստում է դասավանդողների որակավորման բարձրացմանը,
4) կազմակերպում է մասնագիտական ու մանկավարժական-մեթոդական խորհրդակցություններ, խորհրդատվություններ,
5) դասավանդողներին ներկայացնում է մանկավարժության նորագույն նվաճումները, կազմակերպում է սեմինարներ, մանկավարժական-մեթոդական ընթերցումներ,
6) սահմանված կարգով կազմակերպում է փորձարկվող դասագրքերի փորձաքննություն,
7) կազմակերպում է առարկայական մրցույթներ և այլ միջոցառումներ։
46. Առարկայական մասնագիտական խմբի ձևավորման, նիստերի հրավիրման, անցկացման, արձանագրությունների վարման կարգերը սահմանվում են իր աշխատակարգով, որը հաստատվում է դպրոցի խորհրդի կողմից:
47. Դպրոցի սովորողների ինքնավարության ու ինքնակառավարման ներկայացուցչական մարմինն աշակերտական խորհուրդն է, որն ստեղծվում է ժողովրդավարության ու ինքնավարության սկզբունքներին համապատասխան՝ դպրոցի գործունեության կազմակերպմանը նպաստելու, անմիջականորեն իրենց վերաբերող հարցերի մասին սովորողների կարծիքների ազատ արտահայտումն ապահովելու, դրանք դպրոցի կառավարման ու խորհրդակցական մարմիններ ներկայացնելու, սովորողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ դպրոցի կանոնակարգի դրույթների պահպանումը վերահսկելու նպատակով:
48. Սովորողները, ըստ իրենց հետաքրքրությունների ոլորտների, կարող են նաև ստեղծել ակումբներ, միավորումներ, որոնք աշակերտական ինքնավարության զարգացմանը նպաստող օղակներ են:
6. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
49. Դպրոցում կրթական գործընթացի մասնակիցներն են`
1) սովորողը,
2) սովորողի ծնողը (օրինական ներկայացուցիչը),
3) մանկավարժական աշխատողները,
4) վարչական աշխատողները
5) խորհրդի անդամները:
50. Դպրոցում սովորողներն ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ:
51. Սովորողն իրավունք ունի`
1) ստանալու հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան կրթություն,
2) անվճար օգտվելու դպրոցի ուսումնանյութական բազայից,
3) մասնակցելու ներդպրոցական ու արտադպրոցական միջոցառումներին,
4) պաշտպանված լինելու ֆիզիկական ու հոգեբանական ցանկացած ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է կատարվում նրա պատվի ու արժանապատվության նկատմամբ,
5) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները,
6) խրախուսվելու օրինակելի վարքի կամ բարձր առաջադիմության համար,
7) օգտվելու օրենքով ու ներքին կարգապահական կանոններով սահմանված այլ իրավունքներից:
52. Սովորողը պարտավոր է`
1) կատարել դպրոցի կանոնակարգով ու ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները,
2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների ու կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները,
3) հաճախել ու մասնակցել ուսումնական պարապմունքներին,
4) կատարել օրենքով ու դպրոցի ներքին կարգապահական կանոններով սահմանված ու ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ պարտականություններ։
53. Դպրոցն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ ու ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, ինչպես նաև սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի ու առողջ ապրելակերպի հմտություններ:
54. Դպրոցում կարգապահությունն ապահովվում է օրենքով, սույն կանոնակարգով, էթիկայի ու վարքագծի կանոններով և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:
55. Դպրոցի էթիկայի ու վարքագծի, ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճորեն կատարելու, դպրոցի ու սովորողի ծնողի միջև կնքված պայմանագրի դրույթները չպահպանելու դեպքում օրենքով ու սույն կանոնակարգով սահմանված կարգով սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը՝
1) բանավոր դիտողություն,
2) նկատողություն,
3) խիստ նկատողություն,
4) դպրոցից ազատում:
(55-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/4 որոշմամբ):
56. Բանավոր դիտողությունը, նկատողությունն ու խիստ նկատողությունը տրվում են դպրոցի տնօրենի հրամանով։ Սովորողի՝ դպրոցից ազատումը տրվում է ռեկտորի հրամանով՝ տնօրենի ներկայացմամբ:
(56-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/4 որոշմամբ):
57. Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել և իրեն դրսևորել է որպես բարեխիղճ, օրինակելի ու կարգապահ սովորող:
58. Սովորողի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճորեն կատարելու կամ չկատարելու դեպքում, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանը վնաս է պատճառվել, այն անձինք, որոնց վրա դրված են այդ պարտականությունները, կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
59. Սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են նրանց օրինական ներկայացուցիչների հետ կնքված պայմանագրով, ԵՊՀ և դպրոցի ներքին կարգապահական կանոններով և ներքին իրավական այլ ակտերով:
(59-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/4 որոշմամբ):
60. Դպրոցի աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են աշխատանքային պայմանագրով (կամ հրամանով), ԵՊՀ և դպրոցի ներքին կարգապահական կանոններով, ներքին իրավական այլ ակտերով ու տնօրենի հանձնարարականներով:
(60-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/4 որոշմամբ):
61. Աշխատողներն ունեն օրենքով, ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կանոնակարգով, ներքին իրավական այլ ակտերով, ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում են այդ ակտերով նախատեսված պատասխանատվությունը (սահմանափակումներ):
7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
62. Սույն կանոնակարգը, նրանում կատարվող լրացումներն ու փոփոխությունները կատարվում են ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ԵՊՀ կանոնադրությամբ ու ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
63. Դպրոցի վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ կանոնադրությամբ ու ներքին իրավական ակտերով սահմանված կարգով: