Ընդհանուր տվյալներ
ՍԹԵՄ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են «Երևանի պետական համալսարան հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) «ՍԹԵՄ դպրոց» կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ դպրոց) սովորողների ընդունելության, տեղափոխման ու ազատման կարգը:
(1-ին կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝
1) ընդունող հանձնաժողով - ԵՊՀ ռեկտորի (այսուհետ՝ ռեկտոր) հրամանով ձևավորված, դպրոցի ընդունելության կազմակերպման ու դրա արդյունքների վերաբերյալ վերջնական որոշում կայացնող կոլեգիալ մարմին,
2) ծնող - դիմորդի/աշակերտի ծնողները և/կամ ծնողը (օրինական ներկայացուցիչները և/կամ ներկայացուցիչը),
3) դիմորդ - դպրոց ընդունվելու համար դիմող ու ընդունելության գործընթացի փուլերին մասնակցող անձ,
4) գրավոր քննություն - սահմանված ժամանակահատվածում, մրցութային հիմունքներով անցկացվող առարկայական գիտելիքի ստուգում ու գնահատում,
5) ընդհանուր իմացության գիտելիքների ստուգում - բանավոր հարցազրույցի միջոցով օտար լեզուների իմացության, անձնային որակների բացահայտման և տրամաբանության ստուգում:
(2-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):
2. ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
3. Դպրոցի ընդունելությունն իրականացվում է չորս ձևով՝
1) հիմնական (ընդհանուր) ընդունելություն,
2) լրացուցիչ (թափուր տեղերի դեպքում) ընդունելություն,
3) հատուկ ընդունելություն, որը կազմակերպվում է ըստ անհրաժեշտության ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ,
4) արտոնությամբ ընդունելություն (նախորդ երկու տարվա ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի՝ 05․04․2011 թ․ թիվ 280-Ն հրամանով հաստատված հավելվածի համաձայն կազմակերպված դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների մրցանակակիրների ու միջազգային առարկայական օլիմպիադաների մասնակիցների համար` ըստ համապատասխան բնագավառի (ԲՏՃՄ՝ Բնագիտամաթեմատիկական ուղղության համար, Հայոց լեզու և գրականություն, Օտար լեզու, Հայրենագիտություն՝ Հասարակագիտական ուղղության համար):
(3-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):
4. Դպրոց ընդունվելու համար կարող են դիմել և՛ ՀՀ, և օտարերկրյա քաղաքացի դիմորդներ:
5. Ընդունելությունը դպրոց իրականացվում է երկու ուղղությամբ՝ Բնագիտամաթեմատիկական, Հասարակագիտական (հումանիտար)։
(5-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):
6. Հիմնական (ընդհանուր) և արտոնությամբ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտադիմում։
(6-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):
7. Սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված արտոնության առկայության դեպքում ընդունելությունն իրականացվում է առանց գրավոր քննության: Տվյալ դիմորդը մասնակցում է միայն ընդհանուր իմացության գիտելիքների ստուգմանը։
(7-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):
8. Դպրոցի ընդունելությունը մեկնարկում է յուրաքանչյուր ուսումնական տարվան նախորդող մարտ-հունիս ամիսներին:
(8-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):
9. Դպրոցի ընդունելությունն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝
1) 6-րդ կետով պահանջվող հայտատադիմումի ընդունում,
2) գրավոր քննության անցկացում (գրավոր քննության քննական հարցաշարերը կազմվում են համապատասխան առարկաների՝ հիմնական կրթության ծրագրերի հիման վրա),
3) ընդհանուր իմացության գիտելիքների ստուգում:
10. Դպրոց ընդունվելու համար դիմորդները, ըստ նախընտրության, հանձնում են մեկ պարտադիր գրավոր քննություն (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերի)՝
1) Բնագիտամաթեմատիկական ուղղության համար՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաներից որևէ մեկը,
2) Հասարակագիտական (հումանիտար) ուղղության համար՝ «Հայոց լեզու և գրականություն» կամ «Անգլերեն»։
3) Ընդունելության գործընթացին մասնակցության համար սահմանված է վճար՝ 5․000 ՀՀ դրամ, որը վերադարձման ենթակա չէ։ Վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով՝ դպրոցի համապատասխան հաշվեհամարին բանկային փոխանցում կատարելու միջոցով։
(10-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):
11. Գրավոր քննության արդյունքները քննության անցկացումից 7 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են դիմորդների կամ նրանց ծնողների կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներին: Գնահատումն իրականացվում է 40-միավորանոց/բալանոց համակարգով։ Գրավոր աշխատանքները չեն տրամադրվում դիմորդին (այդ թվում՝ ծնողին) կամ երրորդ անձանց։ Գրավոր քննությունների արդյունքները կարող են բողոքարկվել հրապարակումից հետո՝ 48 ժամվա ընթացքում՝ թղթային կամ էլեկտրոնային ձևով գրավոր դիմում ներկայացնելով ընդունող հանձնաժողովի նախագահին:
(11-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):
12. Բողոքարկման արդյունքում դիմորդների ստացած միավորների վերաբերյալ կարող է կայացվել հետևյալ որոշումներից մեկը՝
1) գնահատականը թողնել անփոփոխ,
2) գնահատականը բարձրացնել,
3) գնահատականը իջեցնել։
Դիմում-բողոքների վերաբերյալ պատասխաններն ուղարկվում են բողոքարկող անձի էլեկտրոնային փոստին կամ հանձնվում առձեռն: Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
(12-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):
13. Լիցենզիայով սահմանված տեղերի սահմաններում և ընդունելության քննության արդյունքների հիման վրա ընդունող հանձնաժողովը դպրոցի տնօրենին է ներկայացնում մրցութային շեմը հաղթահարած և դպրոց ընդունված, ինչպես նաև սպասման ցուցակում ընդգրկված դիմորդների անվանացանկը:
(13-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):
3. ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
14. Դպրոցի ընդունող հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) բաղկացած է առնվազն 5, առավելագույնը՝ 9 անդամից: Հանձնաժողովն ունի նախագահ:
15. Հանձնաժողովը ձևավորվում է, և նրա անհատական կազմը հաստատվում է ռեկտորի հրամանով՝ դպրոցի տնօրենի ներկայացմամբ:
16. Հանձնաժողովի անդամներ կարող են լինել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի, դպրոցի տնօրենության ներկայացուցիչները, դպրոցի տնօրենի կողմից հրավիրված մասնագետները:
17. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։
18. (18-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):
19. Հանձնաժողովի անդամների աշխատանքը վճարովի է. վճարումը կատարվում է ռեկտորի հրամանով սահմանված կարգով:
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
20. Հանձնաժողովի որոշման հիման վրա, դպրոցի տնօրենի ներկայացմամբ ԵՊՀ-ի ու դիմորդի ծնողի միջև 1-3 տարի ժամկետով կնքվում է «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցում ուսումնառության» պայմանագիր:
(20-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):
20․1․ Պայմանագիր կնքելու և դպրոց ընդունվելու նպատակով ծնողը դպրոց է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) պայմանագիր կնքող ծնողի անձնագիր/նույնականացման քարտ, էլհասցե,
3) համաձայնագիր՝ գրված և ստորագրված մյուս ծնողի կողմից,
4) 3*4 չափսի 1 լուսանկար,
5) դիմորդի ծննդյան վկայականի և անձնագրի պատճենը (առկայության դեպքում),
6) հանրային ծառայության համարանիշ կամ դրանից սահմանված կարգով հրաժված լինելու մասին տեղեկանք,
7) հիմնական կրթության վկայականի բնօրինակը՝ օտարերկրյա դիմորդների դեպքում (պարտադիր), իսկ ՀՀ-ում սովորող դիմորդների դեպքում՝ տեղեկանք մինչև հիմնական կրթության վկայականի ներկայացումը կամ հիմնական կրթության վկայականի պատճենը:
(20.1-րդ կետը լրացվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):
21. ԵՊՀ-ն իր միջոցների հաշվին նպաստի ձևով կարող է ֆինանսական աջակցություն տրամադրել անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի երեխաներին, ովքեր սովորում են դպրոցում: Ֆինանսական աջակցություն կարող է տրամադրվել նաև այլ դեպքերում (ՍԹԵՄ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունենալու դեպքում, զոհված զինծառայողի երեխա լինելու դեպքում և այլ դեպքերում)՝ դպրոցի տնօրենի ներկայացմամբ։ Ֆինանսական աջակցությունը սահմանվում է մեկ ուսումնական տարվա համար։
(21-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):
5. ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ
22. Դպրոցից սովորողն ազատվում է՝
1) ծնողի դիմումի հիման վրա,
2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա,
3) ուսման վարձը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով,
4) առաջադիմության նվազագույն պահանջը չբավարարելու դեպքում,
5) դպրոցն ավարտելու դեպքում,
6) «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցում ուսումնառության» պայմանագրի, դպրոցի էթիկայի ու վարքագծի, ներքին կարգապահական կանոնները, ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքում՝ դպրոցի տնօրենի ներկայացմամբ:
(22-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/6 որոշմամբ):