Ընդհանուր տվյալներ
ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) գիտակազմակերպչական խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) իրավասությունը, գործունեության կարգն ու պայմանները:
2. Խորհուրդը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որն իր գործունեությունն իրականացնում է ԵՊՀ կանոնադրությանը, ԵՊՀ ներքին իրավական ակտերին և սույն աշխատակարգին համապատասխան:
3. Սույն աշխատակարգում մեջ փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
2. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Խորհրդի գործառույթներն են`
1) ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրում նախանշված գիտական խնդիրների իրականացման գործընթացի մշտադիտարկումն ու արդյունավետության գնահատման վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը.
2) ԵՊՀ-ում գիտական գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերի նախագծերի մշակումը.
3) գիտական աշխատանքների կատարմանը, գիտաժողովների կազմակերպմանն ու ֆինանսավորմանը, գիտական գործուղումների նպատակով դրամաշնորհների տրամադրմանը, գիտատեխնիկական սարքերի ձեռքբերմանն առնչվող հարցերի քննարկումն ու դրանց վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը.
4) գիտական կառույցներում գիտական կադրերի ընտրության, ատեստավորման գործընթացի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
5) գիտական բարեխղճության, ակադեմիական ազնվության սկզբունքների ապահովմանն ուղղված ԵՊՀ քաղաքականությունների ու ընթացակարգերի նախագծերի մշակումը:
3.ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
5. Խորհրդի կազմում ընգրկվում են ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտորը, որն ի պաշտոնե խորհրդի նախագահն է, ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտորն ու գիտական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
6. Խորհրդի անվանական կազմը գիտական հարցերի գծով պրոռեկտորի ներկայացմամբ հաստատում է ռեկտորը երեք տարի ժամկետով:
7. Խորհուրդը հարցերը քննարկում է ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրին համապատասխան ու ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտորի առաջարկով: Խորհուրդը հարցերի քննարկման արդյունքում խորհրդատվական բնույթի առաջարկներ ու եզրակացություններ է ներկայացնում ռեկտորին կամ ԵՊՀ գիտական խորհրդին:
8. Խորհուրդը հարցերը քննարկում է նիստերում, որոնք անցկացվում են խորհրդի աշխատանքային ծրագրով նախատեսված ժամանակացույցով կամ ըստ անհրաժեշտության: Անհետաձգելի հարցերի դեպքում նախագահը կարող է հրավիրել արտահերթ նիստ։
9. Խորհրդի նիստերն իրավազոր են խորհրդի անդամների երկու երրորդի ներկայության դեպքում: Խորհրդի նիստերն արձանագրվում են, արձանագրությունը ստորագրում են նախագահն ու քարտուղարը:
10. Խորհրդի կողմից կազմված փաստաթղթերն ու խորհրդատվական բնույթի եզրակացությունները հաստատվում են բաց քվեարկությամբ ու նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:
11.Խորհրդի կազմում գործում է գիտահետազոտական աշխատանքների էթիկայի փորձաքննության հանձնախումբը, որի աշխատակարգը հաստատում է ԵՊՀ գիտակազմակերպչական խորհուրդը:
12. Հանձնախմբի անվանական կազմը խորհրդի առաջարկով հաստատում է ռեկտորը։