Ընդհանուր տվյալներ
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) կանոնադրության 57-րդ կետի 10-րդ ենթակետով՝
հրամայում եմ՝
1. ԵՊՀ-ում գործող առկա ուսուցմամբ մագիստրոսական կրթական ծրագրերի (այսուհետ՝ ծրագիր) զարգացման և բարելավման նպատակով ծրագրին տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում (այսուհետ՝ ֆինանսավորում)՝ սույն հրամանով սահմանված կարգով:
2. Սահմանել, որ ֆինանսավորման համար կարող է դիմել առաջին կիսամյակի քննաշրջանն ավարտելուց հետո 15 և ավելի ուսանող ունեցող և սույն հրամանի 4-րդ կետում նշված լրացուցիչ չափանիշներից առնվազն երեքին համապատասխանող ծրագրի (120 կրեդիտ աշխատածավալ ունեցող կրթական ծրագրերի ղեկավարների հայտերը դիտարկվելու են 2024-2026, 90 կրեդիտ աշխատածավալ ունեցող ծրագրերի 2024-2026 և 60 կրեդիտ աշխատածավալ ունեցող ծրագրերի 2025-2026 կրթական ծրագրերի ցիկլերի տվյալների հիման վրա) ղեկավարը:
3. Ֆինանսավորման չափը սահմանել ստորև ներկայացված բանաձևերով.
1) 2 տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրերի համար՝
(կրթական ծրագրի ֆինանսական մուտքեր - կրթական ծրագրի ֆինանսական ելքեր) x 0.4,
2) 1,5 տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրերի համար՝
(կրթական ծրագրի ֆինանսական մուտքեր - կրթական ծրագրի ֆինանսական ելքեր) x 0.45,
3) 1 տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրերի համար՝
(կրթական ծրագրի ֆինանսական մուտքեր - կրթական ծրագրի ֆինանսական ելքեր) x 0.5:
4. Ֆինանսավորման համար սահմանել լրացուցիչ հետևյալ պահանջները.
4.1. ընդունելության մրցույթի արդյունքում դիմում-հայտերի քանակը առնվազն 30 տոկոսով գերազանցում է ծրագրում ընդունված ուսանողների քանակին,
4.2. ծրագրի ուսումնական պլանում ներառված է անգլերեն լեզվով դասավանդվող մասնագիտական առնվազն 2 դասընթաց,
4.3. ծրագրում դասավանդում է օտարերկրյա համալսարանի հրավիրյալ առնվազն մեկ պրոֆեսոր,
4.4. ծրագրում սովորողների առնվազն 10 տոկոսն օտարերկրյա ուսանողներ են,
4.5. ծրագրում ներգրավված են տվյալ մասնագիտությամբ պրակտիկ գործունեություն ծավալող առնվազն 2 դասավանդող,
4.6. ծրագրում տվյալ մասնագիտությամբ պրակտիկ գործունեություն ծավալող մասնագետների կողմից մագիստրոսական թեզերի համաղեկավարումը կազմում է առնվազն 30 տոկոս,
4.7. ծրագրի շրջանակում կատարվում է առնվազն մեկ միջմասնագիտական մագիստրոսական թեզ,
4.8. ծրագրի շրջանակում սովորողների կողմից տպագրվել է կամ տպագրման է ներկայացվել առնվազն 1 հոդված,
4.9. ծրագրում դասավանդող դասախոսական կազմի առնվազն 30 տոկոսը մինչև 35 տարեկան է,
4.10. ծրագրի /բաղկացուցիչ դասընթացների/ միջին գնահատականն՝ ըստ ուսանողական հարցումների, առնվազն 4,5 է,
4.11. ծրագիրը հավատարմագրված է:
5. Ֆինանսավորման համար դիմումը՝ կից փաստաթղթերով ուղարկվում է education@ysu.am էլ. փոստին, յուրաքանչյուր ուսումնական տարվա հունիսի 10-30-ն ընկած ժամանակահատվածում:
Դիմումին կից ներկայացվում են սույն հրամանի 2-րդ և 4-րդ կետերի պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը և ծրագրի զարգացման նախահաշիվը (Հավելված 1):
6. Ֆինանսավորման հավակնորդ ծրագրի ղեկավարի դիմումը և կից փաստաթղթերի փաթեթը գնահատում է ԵՊՀ մեթոդական խորհուրդը:
7. Գնահատման արդյունքում ԵՊՀ մեթոդական խորհուրդը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) հայտը հաստատելու մասին,
2) ներկայացված նախահաշվում (բյուջեում) փոփոխություններ կատարելու մասին,
3) հայտը մերժելու մասին:
8. Սույն հրամանի մասին տեղեկացնել ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտորին, բոլոր ուսումնական ստորաբաժանումների ղեկավարներին, ուսումնամեթոդական վարչությանը, ֆինանսական վերլուծությունների վարչությանը, հաշվապահությանը և մեթոդական խորհրդի անդամներին:
9. Սույն հրամանի նկատմամբ վերահսկողությունը վերապահել ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Է. Ասրիյանին:
10. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: