Պատմության ֆակուլտետում ամփոփվեցին հետախույզ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Վահագն Թումասյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի 5-րդ մրցանակաբաշխության արդյունքները։
Կրթամրցանակը Պատմության ֆակուլտետի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է 2021 թվականից: Ծրագրի նպատակն է խրախուսել ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի բարձր առաջադիմություն, նորարար միտք և քաղաքացիական հանձնառություն ունեցող ուսանողներին կամ ասպիրանտներին։
2025 թվականի մրցանակակիրներն են «Հնագիտություն և ազգագրություն» բակալավրիատի կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանող Կարոլինա Եգանյանը և «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանող Էմմա Ղուկասյանը։ Մրցանակային ֆոնդը բաշխվել է նրանց միջև։
Կարոլինա Եգանյանն իր շնորհակալական խոսքում նշեց․ «Չափազանց կարևորում եմ նմանատիպ ծրագրերի իրականացումը, քանի որ ուսանողներին ուղղված այս աջակցությունը անմիջական ներդրում է երկրի ապագայի մեջ։ Այս կրթաթոշակը կապահովի ֆինանսական կայունություն, այդպիսով նաև ուսման ու հետազոտական աշխատանքի վրա կենտրոնանալու հավելյալ հնարավորություն կընձեռի։ Հետագայում այդ գիտելիքներն ու փորձառությունը կներդրվեն հայրենիքի բարգավաճման և շենացման գործում։ Կարծում եմ՝ սա Վահագն Թումասյանի և բոլոր մեր հերոսների հիշատակը վառ պահելու լավագույն տարբերակներից է»։
Մրցանակակիր Էմմա Ղուկասյանն ընդգծեց․ «Գիտական հետաքրքրություններիս շրջանակում են փախստականների և բռնի տեղահանության խնդիրները: Դաշտային աշխատանքների միջոցով ուսումնասիրում եմ տեղական համայնքներում փախստականների ինտեգրման ընթացքը և պետական կառույցների ներգրավվածությունն այդ խնդիրների լուծման գործընթացում։ Կրթամրցանակն ինձ համար միայն ֆինանսական աջակցություն չէ. այն վստահության հավաստում է, որը ոգեշնչում է շարունակելու հետազոտական աշխատանքն ամբողջ նվիրումով»։
Մրցույթի 8 հայտադիմների գնահատման նպատակով ձևավորվել էր հանձնաժողով, որի կազմում էին Պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանը, Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի վարիչ, պ․գ․թ․, Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ Հայկ Մխոյանը, Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը, «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, ինչպես նաև Վահագն Թումասյանի ընտանիքի անդամներ։