ԵՊՀ պատմության ֆակուլտետում շուրջ տասը թանգարանների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեց աշխատաժողով, որի նպատակն էր ամփոփել թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին ֆակուլտետի ուսանողների մասնակցությունը, ինչպես նաև քննարկել թանգարանների հետ համագործակցության զարգացումը կրթական ծրագրերի բարելավման և ուսանողների մասնագիտական պատրաստվածության զարգացման տեսանկյունից։

Պատմության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Մխիթար Գաբրիելյանը հունիսի 23-ին տեղի ունեցած աշխատաժողովին բարձրացրեց թանգարանների հետ ինստիտուցիոնալ համագործակցության բացակայության խնդիրը։ Ըստ նրա՝ ֆակուլտետը չունի թանգարանների գործունեության, քաղաքականության և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ համակարգային պատկերացում։
«Այս հանգամանքը հանգեցնում է նրան, որ կրթական գործընթացում թանգարանային բաղադրիչը մնում է տեսական մակարդակում՝ չապահովելով կիրառական բավարար ներգրավվածություն։ Բացի այդ՝ թանգարանային գործունեության մի զգալի հատված մենք կարող ենք ապահովել համալսարանական կրթական ներուժով, սակայն դրա համար անհրաժեշտ է մշակել համագործակցության կայուն ձևաչափեր»,- ընդգծեց Մ․ Գաբրիելյանը։ Այս համատեքստում Պատմության ֆակուլտետի դեկանն առաջարկեց մշակել գործընկերային նախաձեռնություններ, որոնք կնպաստեն ուսանողների կրթական փորձի հարստացմանը և գործնականում պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։

Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար, պ․գ․թ․, դոցենտ Հայկ Մխոյանը ներկայացրեց «Կրթական ծրագրերի փոփոխությունները Պատմության ֆակուլտետում․ թանգարանային գործի տիրապետումը՝ որպես ուսումնառության խնդիր» թեմայով զեկուցում։ Նա ընդգծեց, որ թանգարանային հմտությունները ժամանակակից պատմաբանի պատրաստման գործընթացում պետք է դիտարկվեն ոչ միայն որպես մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, այլև որպես կրթական ծրագրի պարտադիր և անբաժանելի բաղադրիչ։ Ըստ Հ․ Մխոյանի՝ կրթական ծրագրերի արդիականացումը պետք է ապահովի գործնական և կիրառական գիտելիքների փոխանցումն ուսանողներին։ Աշխատաժողովի շրջանակում քննարկվեցին նաև թանգարանագիտության դասավանդմանն ու համալսարան-թանգարան համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Տիգրան Ղանալանյանը ներկայացրեց ««Թանգարանագիտություն» և «Արխիվագիտություն» առարկաների դասավանդումը Պատմության ֆակուլտետում. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով զեկուցումը։ Անդրադառնալով դասընթացի մեթոդաբանական առանձնահատկություններին՝ նա ներկայացրեց ուսումնական նյութերի արդիականացման անհրաժեշտությունը և գործնական ուսուցման հնարավորությունների ընդլայնման ուղիները:

Մշակութաբանության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Հռիփսիմե Պիկիչյանն իր ելույթում անդրադարձավ «Համալսարան–թանգարան համագործակցության հնարավորություններին»՝ ընդգծելով, որ նման համագործակցությունները կարող են վերածվել երկկողմ օգտավետ ծրագրերի։ Նրա գնահատմամբ թանգարաններն ունեն մեծ ներուժ՝ դառնալու ուսումնական գործընթացի ակտիվ դերակատարներ ինչպես պրակտիկայի կազմակերպման, այնպես էլ հետազոտական նախագծերում ուսանողների ներգրավման տեսանկյունից։
Աշխատաժողովն ամփոփվեց հետագա համագործակցության ուղիների սահմանմամբ։ Նպատակադրվեց մշակել նոր ձևաչափեր, որոնք կխթանեն ուսանողների մասնակցությունը թանգարանային կրթական նախագծերին և կխորացնեն համալսարան-թանգարան համագործակցությունը՝ ի շահ ուսանողների կրթական և մասնագիտական աճի։