ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Սաթենիկ Վարդանյանը և նույն ամբիոնի դասախոս Մարիամ Վարդանյանը բուհ-դպրոց համագործակցության շրջանակում այցելեցին Երևանի թիվ 112 ավագ դպրոց։ Հանդիպման նպատակն էր 12-րդ դասարանի աշակերտներին ծանոթացնել «Արվեստաբանություն» մասնագիտության առանձնահատկություններին և ոլորտում մասնագիտական կայացման հեռանկարներին։
Դպրոցի տնօրեն Օվսաննա Քարամյանը, լինելով նույն ամբիոնի հայցորդ, սեփական փորձով ու գործունեությամբ փաստեց արվեստաբանական կրթության կարևորությունն ու կիրառելիությունը կրթության կառավարման ոլորտում:
Սաթենիկ Վարդանյանը սովորողներին ներկայացրեց հայ արվեստի պատմության առանցքային դրվագները՝ շեշտադրելով, որ ժամանակակից արվեստաբանությունը ոչ միայն տեսական, այլև ռազմավարական նշանակության գիտակարգ է։
Աշակերտների համար հատկապես կարևորվեց այն փաստը, որ ուսումնառության ընթացքում ապահովվում է հայ և համաշխարհային արվեստի, հատկապես հին ու միջնադարյան շրջանի խորացված դասավանդում։ Ծրագրի նպատակն է պատրաստել տեսական բարձր պատրաստվածություն և վերլուծական հմտություններ ունեցող մասնագետներ, որոնք պատրաստ կլինեն համալրելու աշխատաշուկայի ամենապահանջված ոլորտները։
Արվեստաբանի մասնագիտական դրսևորման հնարավորություններն ավելի պատկերավոր դարձնելու նպատակով Մարիամ Վարդանյանը ներկայացրեց ամբիոնի շրջանավարտների հաջողության պատմությունները։ Նշվեց, որ Պատմության ֆակուլտետում ստացած հիմնարար կրթությունը շատերին թույլ է տվել հաջողությամբ դրսևորվելու ինչպես պետական գիտահետազոտական կենտրոններում, թանգարաններում ու պատկերասրահներում, այնպես էլ մասնավոր հավաքածուների կառավարման, զբոսաշրջության, հրատարակչական գործի և մեդիադաշտի ամենատարբեր հարթակներում։
Աշակերտները հնարավորություն ունեցան ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները՝ կապված ընդունելության կարգի և մասնագիտական գործունեության մանրամասների հետ։ Նման հանդիպումները կարևոր հարթակ են դպրոցականների մասնագիտական կողմնորոշման և բուհական կրթական ծրագրերի մասին իրազեկվածության բարձրացման համար։


