ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Պատմության ազգային և գլոբալ չափումները․ հայոց փորձառությունը» հետազոտական խմբի նախաձեռնությամբ կայացավ գիտական քննարկումների և բանախոսությունների շարքի երկրորդ հանդիպում, որի շրջանակում «Միջազգային կարգ և ինքնիշխանություն․ Հուգո Գրոտիուսի քաղաքական փիլիսոփայության պրիզմայով» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ պ․գ․թ․, դոցենտ Տիգրան Եփրեմյանը։
Բանախոսության նպատակն էր վերաիմաստավորել վաղ արդիության միջազգային քաղաքական մտքի առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ Հուգո Գրոտիուսի քաղաքական-փիլիսոփայական ժառանգությունը՝ դրա կարգավորիչ և մեկնաբանական ներուժը կիրառելով արդի միջազգային հարաբերությունների վերլուծության համատեքստում։ Քննարկման առանցքում էին ինքնիշխանության և ինքնորոշման փոխհարաբերությունը, ինչպես նաև «ազգերի հանրության» գաղափարը։ Որպես հիմնարար թեզ՝ բանախոսը շեշտադրեց, որ գրոտիուսյան հայեցակարգում ինքնորոշումը ցանկացած խմբի վերապահված ինքնաբերական իրավունք չէ․ այն բնորոշ է միայն կայացած պետությանը։
Տ․ Եփրեմյանը համեմատական վերլուծության ենթարկեց ինքնիշխանության տեսական մեկնաբանությունները՝ առաջին պլան մղելով Հուգո Գրոտիուսի մոտեցումը և այն հակադրելով Թոմաս Հոբսի հայեցակարգին։ Ըստ բանախոսի՝ գրոտիուսյան ավանդույթն առաջարկում է առավել ճկուն մոդել. այստեղ ինքնիշխանությունը կարող է լինել բաժանելի (օրինակ՝ իշխանությունը կարող է կիսված լինել միապետի և ժողովրդի միջև) և սահմանափակված (օրինակ՝ բնական իրավունքով, պետության սահմանադրությամբ կամ միջազգային պայմանագրերով)։ Այս ճկունությունը թույլ է տալիս միջազգային հարաբերությունները դիտարկել որպես անընդհատ զարգացող և փոփոխվող միջավայր, որն ի զորու է «ազգերի հանրության» մեջ ներառել նոր ինքնիշխան քաղաքական միավորների։ Ի հակադրություն դրա՝ հոբսյան ընկալումով ինքնիշխանությունը բացարձակ է և անբաժանելի, և միապետն ունի ամբողջական իշխանություն։ Սա միջազգային համակարգը վերածում է փակ կառույցի՝ փաստացի բացառելով նոր պետությունների առաջացման իրավական հնարավորությունը։
Բանախոսության կենտրոնական թեմաներից էր «ազգերի հանրության» տեսությունը, որը միջազգային հարաբերությունների տեսության մեջ գրոտիուսյան մտքի հիմնարար ներդրումներից է։ Ըստ այս հարացույցի՝ միջազգային հարաբերությունները չեն հանգում զուտ անիշխանության կամ ուժային քաղաքականության: Տ․ Եփրեմյանն ընդգծեց, որ դրանք ձևավորում են հանրային հարաբերությունների ուրույն միջավայր, որտեղ գործում են համընդհանուր կանոններ և նորմեր։ Միջազգային հանրությունը ձևավորվում է պետությունների հաստատութային (ինստիտուցիոնալ) փոխգործակցության արդյունքում՝ նպատակ ունենալով պահպանելու միջազգային կարգը։
Միջազգային համակարգի գրոտիուսյան այս ընկալումն առավել ցայտուն ներկայացնելու նպատակով բանախոսը անդրադարձավ նաև անգլիական դպրոցին բնորոշ երեք հիմնարար ավանդույթների համեմատական վերլուծությանը։
Մաքիավելյան/հոբսյան (իրապաշտական կամ ռեալիստական) ավանդույթի ներկայացման շրջանակում նշվեց, որ այս մոտեցումը, բխելով Թուկիդիդեսի «Պելոպոնեսյան պատերազմի պատմությունից», կենտրոնանում է պետությունների բացարձակ եսակենտրոնության (state egoism) վրա։ Ըստ այս ընկալման՝ միջազգային համակարգում ամեն ինչ որոշվում է ուժով և վախով, պատմությունը ենթակա է պարբերական կրկնության, իսկ համաշխարհային կարգը սահմանում են բացառապես ուժեղները։
Անդրադառնալով կանտյան (ազատական կամ լիբերալ) ավանդույթին՝ բանախոսը շեշտեց, որ այն հիմնված է «հավերժական խաղաղության» և մարդկության առաջադիմական զարգացման գաղափարի վրա։ Այս մոտեցումն առաջնային է համարում համաշխարհային համագործակցությունը և ենթադրում, որ համակարգային անիշխանությունն ի վերջո հաղթահարվելու է համընդհանուր բարոյականության միջոցով։
Գրոտիուսյան (բանապաշտական կամ ռացիոնալիստական) ավանդույթի համատեքստում Տ․ Եփրեմյանը նշեց, որ թեև միջազգային համակարգն անիշխանական է, այն չի նույնացվում անխուսափելի քաոսի հետ։ Նրա խոսքով՝ այստեղ գործում են համընդհանուր նորմեր, փոխադարձ համաձայնություններ և հասարակական հաստատություններ։ Այս տրամաբանությունն ընդգծելու համար բանախոսը մեջբերեց նաև ժամանակակից տեսաբան Ալեքսանդր Վենթի հայտնի ձևակերպումը, ըստ որի՝ «անարխիան այն է, ինչ պետությունները կերտում են դրանից»։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ինքնորոշման և տարածքային ամբողջականության միջև առկա իրավական և իմաստասիրական հարաբերությանը՝ այն դիտարկելով գրոտիուսյան հայեցակարգի համատեքստում։ Բանախոսի ներկայացմամբ՝ համաձայն Գրոտիուսի առաջ քաշած ինքնորոշումը, ինչպես նաև ապստամբելու իրավունքը, ոչ թե ցանկացած խմբի վերապահված համընդհանուր իրավունք է, այլ բացառապես ներքին համաձայնություն, ընդհանուր կամք և հաստատութային հավասարակշռություն ունեցող կայացած համայնքի հատկանիշ։ Տ․ Եփրեմյանի խոսքով՝ այս իրավունքը կենսագործվում է միայն ծայրահեղ պայմաններում, երբ իշխանությունը նպատակաուղղված ոչնչացնում է սեփական ժողովրդին։ Նրա դիտարկմամբ՝ հենց այս տրամաբանությունն էլ ուղղակի պատասխան է տալիս ժամանակակից միջազգային իրավունքի գլխավոր լարվածությանը՝ ինքնորոշում ընդդեմ տարածքային ամբողջականության հարաբերակցությանը։
Այս համատեքստում ինքնորոշումը լեգիտիմ և ճանաչելի է ոչ թե որպես քաղաքական քմահաճույք, այլ որպես վտանգված հանրությանը փրկելու և ոտնահարված արդարությունը վերականգնելու կենսական հրամայական։ Մնացած բոլոր պարագաներում, միջազգային կայունության պահպանման և համակարգային անիշխանությունից ու պառակտումից խուսափելու նպատակով, միջազգային հանրությունը նախապատվությունը տալիս է գործող կարգի պահպանմանը։
Նման քննարկումները կարևոր նշանակություն ունեն համալսարանական միջավայրում, քանի որ ստեղծում են ակադեմիական երկխոսության և գիտական մտքի ազատ փոխանակման հարթակ։ Դրանք ուսանողներին հնարավորություն են տալիս ոչ միայն ծանոթանալու քաղաքական մտքի դասական և ժամանակակից մոտեցումներին, այլև դրանք դիտարկելու միջազգային արդի զարգացումների և մարտահրավերների համատեքստում։