ԵՊՀ պատմության ֆակուլտետում գործող «Հայագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը նպատակ ունի ձևավորել հայագիտության տարբեր ոլորտներում մասնագիտացած գիտակրթական հանրույթ և պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան արդյունավետ գործունեություն ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Ծրագրի նպատակների, բովանդակության և շրջանավարտների հնարավորությունների մասին զրուցել ենք կրթական ծրագրի մշակող և համակարգող, Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ. Արման Եղիազարյանի և ծրագրի առաջին կուրսի մագիստրանտ Վահան Մանճիկյանի հետ:
Ծրագրի նպատակն ու բովանդակությունը
Արման Եղիազարյանը նշում է, որ «Հայագիտություն» մագիստրոսական ծրագիրը նախատեսված է ուսանողներին հայագիտության բաղկացուցիչ գիտակարգերի վերաբերյալ համապարփակ գիտելիքներ փոխանցելու համար։ Դրանք ներառում են հայոց պատմությունը, հայոց լեզուն, հայ գրականությունը, հայ մշակույթը և հայկական սփյուռքը։
Բացի հիմնարար գիտելիքներից՝ ծրագիրը նպատակ ունի նաև ձևավորելու մանկավարժներ և կրթական գործիչներ, որոնք կկարողանան աշխատել Հայաստանի և Սփյուռքի կրթօջախներում։
«Կրթական ծրագրի հիմնական նպատակներից է ուսանողներին տրամադրել հայագիտության առանձին գիտակարգերի արդի նվաճումների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ, ձևավորել այդ գիտակարգերի հիմնախնդիրների ամբողջական պատկերացում և հաղորդել հետազոտական աշխատանքի համար անհրաժեշտ գիտատեսական ու մեթոդական հմտություններ»,- ընդգծում է ԵՊՀ պրոֆեսորը:
Ուսումնառության ընթացքում ուսանողները ոչ միայն ծանոթանում են հայագիտության հիմնական ուղղություններին, այլև սովորում են իրականացնել մասնագիտական հետազոտություններ, աշխատել աղբյուրների հետ և վերլուծել արդիական խնդիրներ։
Ինչո՞վ է առանձնանում ծրագիրը
Արման Եղիազարյանի խոսքով՝ ծրագրում հայագետ մասնագետների պատրաստումը նախատեսում է մի կողմից ապահովել համապատասխան ոլորտները բարձրորակ կադրերով, իսկ մյուս կողմից՝ ձևավորել գիտական ու փորձագիտական հանրույթ։ «Հայագիտություն» մագիստրոսական ծրագիրը հենց այդ գործընթացի կարևոր հարթակներից մեկն է։ «Հայագետների պատրաստման համակարգված հարթակը ԵՊՀ-ում ձևավորվեց 2014 թվականին, երբ Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ համագործակցությամբ ստեղծվեց ծրագիրը։ Դրա հիմնական նպատակը ոլորտը մասնագետներով համալրելն էր, հատկապես Սփյուռքի դպրոցների համար «Հայագիտություն» մասնագիտական որակավորմամբ մասնագետներ պատրաստելը»,- նշում է նա։
Ծրագրի կարևոր առանձնահատկություններից է այն, որ այն համատեղում է ակադեմիական գիտելիքը և կիրառական ուղղվածությունը․ շրջանավարտները կարող են աշխատել կրթական, մշակութային, գիտահետազոտական բնագավառներում և պետական հաստատություններում։
Շրջանավարտների փորձն ու հեռանկարները
Ծրագիրը մինչ օրս տվել է շուրջ 70 շրջանավարտ։ Նրանց փոխանցվել են հայագիտության հիմնական գիտաճյուղերի վերաբերյալ համակարգային գիտելիքներ, խորքային պատկերացումներ հայագիտական հիմնահարցերի մասին և մասնագիտական հետազոտությունների համար անհրաժեշտ պատրաստություն։
«Այդ գիտելիքների շնորհիվ մեր շրջանավարտները պատասխանատու մասնագիտական աշխատանքի են անցել Հայաստանի և Սփյուռքի կրթական ու գիտական հաստատություններում, ինչպես նաև ՀՀ պետական համակարգում»,- ասում է Արման Եղիազարյանը։
Շրջանավարտները հնարավորություն ունեն նաև շարունակելու կրթությունը ասպիրանտուրայում՝ հայոց պատմության, մշակույթի, հայոց լեզվի և գրականության կամ հարակից այլ մասնագիտություններով։
Հայագիտության զարգացումը որպես երկարաժամկետ նպատակ
Զրույցի ավարտին Արման Եղիազարյանը շեշտում է, որ «Հայագիտություն» մագիստրոսական ծրագիրը միայն կրթական նախագիծ չէ․ այն ուղղված է հայագիտական գիտելիքի պահպանմանը, զարգացմանը և հաջորդ սերունդներին փոխանցմանը։ «Հայագիտության զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ձևավորվում է մասնագետների կայուն և որակյալ հանրույթ։ Մեր ծրագիրն այդ ճանապարհի կարևոր օղակներից մեկն է»,- եզրափակում է նա։
Հայագիտության բազմաճյուղ բնույթը՝ որպես կարևոր բացահայտում
Լիբանանից Հայաստան ժամանած «Հայագիտություն» մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանող Վահան Մանճիկյանի խոսքով՝ ուսումնառության սկզբում իր հետաքրքրություններն առավելապես ուղղված էին լեզվաբանությանը և գրականագիտությանը։ «Ուսումնառության ընթացքում ինձ համար կարևոր բացահայտում դարձավ այն, որ «Հայագիտություն» ծրագիրը բազմաճյուղ բնույթ ունի և միավորում է լեզվաբանությունը, գրականագիտությունը, պատմությունը, մշակույթը և սփյուռքագիտությունը՝ հնարավորություն տալով հայությանը վերաբերող հարցերը դիտարկելու տարբեր տեսանկյուններից»։
Ուսանողի դիտարկմամբ՝ ժամանակի ընթացքում ավելի ակնհայտ է դարձել, որ հայագիտության տարբեր ճյուղերը փոխկապակցված են և լրացնում են միմյանց։ «Հենց այս գիտակցումն էլ ինձ կրկին մոտեցրեց պատմությանը, և արդյունքում իմ մագիստրոսական թեզի թեման ընտրեցի հայոց պատմության շրջանակներից»-, նշում է Վահան Մանճիկյանը։
Հետազոտական կարողությունների զարգացում
Ծրագրի կարևոր առավելություններից մեկը հետազոտական հմտությունների ձևավորումն է։ Դասընթացների և գիտական սեմինարների ընթացքում ուսանողները ծանոթանում են գիտական աշխատանքի մեթոդաբանությանը, սովորում են աշխատել աղբյուրների հետ, հետազոտություններ կատարել, գրել գիտական հոդվածներ և ներկայացնել դրանց արդյունքները։ «Ուսումնառության ընթացքում ձեռք ենք բերում կարևոր հետազոտական հմտություններ՝ սովորելով ձևակերպել գիտական խնդիրներ, վերլուծել ու մեկնաբանել տվյալներ, կատարել ինքնուրույն ուսումնասիրություններ և կիրառել գիտական աշխատանքի տարբեր մեթոդներ։ Այս ամբողջ գործընթացում դասախոսները մշտապես աջակցում և ուղղորդում են մեզ՝ նպաստելով մեր մասնագիտական և հետազոտական կարողությունների զարգացմանը»-, ընդգծում է ԵՊՀ մագիստրոսը։
Ծրագրի դերը Հայաստանի և Սփյուռքի կրթական ու մշակութային կյանքում
Ուսանողի գնահատմամբ՝ ծրագիրը կարևոր կամուրջ է Հայաստանի և Սփյուռքի միջև՝ նպաստելով միասնական կրթական և մշակութային տարածքի ձևավորմանը։ Վահան Մանճիկյանը նշում է․ «Ծրագիրը կարող է նպաստել արևմտահայերենի ավելի լայն տարածմանը, արևմտահայ գրականության և մշակութային ժառանգության առավել խոր ճանաչմանը, ինչպես նաև կրթական ոլորտի համար որակյալ մասնագետների պատրաստմանը։ Սփյուռքում դրա նշանակությունը հատկապես մեծ է, քանի որ այնտեղ հայոց լեզվի, մշակույթի և ինքնության պահպանման գործում առանցքային դեր ունեն կրթական հաստատություններն ու ուսուցիչները»։
Ի՞նչ պետք է իմանա ապագա դիմորդը
Անդրադառնալով ապագա դիմորդներին՝ ուսանողը նշում է, որ ծրագրում հաջողելու համար ամենակարևորը նախնական գիտելիքները չեն, այլ հետաքրքրությունն ու սովորելու պատրաստակամությունը։ «Եթե ուսանողը ցանկանում է ավելի խորությամբ ճանաչել հայկական ժառանգությունը և պատրաստ է սովորել, ուսումնասիրել ու հետազոտել, ապա այս ծրագիրը նրա համար կարող է դառնալ հետաքրքիր և արդյունավետ կրթական միջավայր»։
ԵՊՀ մագիստրոսի համոզմամբ՝ ծրագրի ավարտին ուսանողները ոչ միայն մասնագիտական գիտելիքներով են հարստանում, այլև ավելի խորն են գիտակցում հայոց լեզվի, մշակույթի և ազգային արժեքների նշանակությունը։
2026/2027 ուստարում «Հայագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի 1-ին փուլի անվճար ընդունելության մրցույթին հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները՝ անկախ միջին որակական գնահատականից (ՄՈԳ), ատեստավորման գնահատականից և ավարտելու տարեթվից:
Հավելենք՝ «Հայագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 1-26-ը՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ 2-րդ փուլի փաստաթղթերը՝ ս.թ. հուլիսի 6-ից օգոստոսի 17-ը՝ մինչև ժամը 18:00-ն։
1-ին փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. հուլիսի 1-ին՝ ժամը 10:00-ին, իսկ 2-րդ փուլինը՝ ս.թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 10:30-ին։