Պատմության ֆակուլտետի «Արվեստաբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրը ձևավորվել է երկարատև գիտական, կրթական ու մշակութային ավանդույթների հիման վրա և այսօր էլ շարունակում է պատրաստել բարձրակարգ մասնագետներ, որոնք առանձնահատուկ դեր ունեն ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման գործում։
Արվեստաբանության մագիստրոսական ծրագրի առանձնահատկությունների, բովանդակային խորության և շրջանավարտների կարիերայի հնարավորությունների մասին զրուցել ենք ծրագրի ղեկավար, արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Սաթենիկ Վարդանյանի հետ։
- Հարգելի՛ տիկին Վարդանյան, ո՞րն է «Արվեստաբանություն» մագիստրոսական ծրագրի առաքելությունը ժամանակակից կրթական տիրույթում։
- Հայ արվեստի պատմության և տեսության բաժնի համալսարանական ավանդույթը խոր արմատներ ունի. այն սկիզբ է առել դեռևս 1919 թվականին՝ ԵՊՀ հիմնադրման ժամանակ, Բեռլինի համալսարանում արվեստագիտության թեզ պաշտպանած Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանի կողմից հայ և համաշխարհային արվեստի պատմության դասընթացի ներդրմամբ։ 1996 թվականին պրոֆեսոր Լևոն Չուգասզյանի ջանքերով ստեղծվում է համապատասխան՝ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնը: Արդեն շուրջ 30 տարի է, ինչ մեր բաժինը ճանապարհ է հարթում երիտասարդ արվեստաբանների մասնագիտական կայացման համար։
Մեր հիմնական առաքելությունը հստակ է. արվեստաբանությունը բացառիկ նշանակություն ունեցող ինքնուրույն գիտություն է՝ սեփական մեթոդներով ու ձևաբանական վերլուծության հիմքերով։ Մագիստրոսական ծրագիրը կոչված է ապահովելու հետազոտական այնպիսի խորություն, որն անհրաժեշտ է հայ և համաշխարհային արվեստի բազմաշերտ հարցերը գիտական շրջանառության մեջ ներառելու համար։
- Ինչպե՞ս է կառուցված ծրագրի բովանդակությունը, և առարկայական ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի այն։
- Ծրագրի բովանդակությունը միտված է ուսանողների գիտահետազոտական և վերլուծական մտածողության ձևավորմանը։ Այն կառուցված է խորացված մեթոդաբանական հենքի վրա, որտեղ առանցքային տեղ են զբաղեցնում արվեստի արդի հիմնախնդիրները, գիտական հետազոտության պլանավորումն ու մեթոդները և գեղարվեստական քննադատության հիմունքները։
Ծրագրի բովանդակային հիմնասյուներից մեկը հայ ազգային ժառանգության՝ ճարտարապետության, կերպարվեստի, խաչքարերի արվեստի, գորգարվեստի, տարազի ու արծաթագործության խորքային ուսումնասիրությունն է։ Սակայն այս տեղական շերտը մենք դիտարկում ենք լայն՝ համաշխարհային համատեքստում՝ ներառելով քրիստոնեական պատկերագրությունը, հայ-բյուզանդական գեղարվեստական կապերի քննությունը, համաշխարհային արվեստի պատմությունը և տեսության հարցերը։
Միևնույն ժամանակ մեր կրթական մոդելը քայլում է ժամանակին համընթաց։ Ուսումնական պլանում զգալի տեղ է հատկացված ժամանակակից արվեստին, լուսանկարչության պատմությանը, արվեստի հոգեբանությանը, ցուցահանդեսներ կազմակերպելու հմտություններին, տուրիզմի ոլորտին, մեդիայի ու արվեստի փոխազդեցությանը։
- Որո՞նք են կարիերայի այն հիմնական հնարավորությունները և աշխատաշուկայի ուղղությունները, որոնք բացվում են մագիստրոսների առջև։
- Մեր շրջանավարտներն ունեն գործունեության չափազանց լայն և հեղինակավոր հարթակներ.
Գիտահետազոտական գործունեություն: Աշխատան ՀՀ ԳԱԱ արվեստի, հնագիտության և ազգագրության, արևելագիտության ինստիտուտներում։ Նրանք նաև մասնակցում են հնագիտական պեղումներին՝ ապահովելով հետազոտությունների արվեստաբանական-տեսական բաղադրիչը։
Թանգարանային և ցուցահանդեսային գործ: Կարիերա տեղական և արտասահմանյան թանգարաններում ու պատկերասրահներում՝ որպես տնօրեններ, ավագ ու կրտսեր գիտաշխատողներ, ցուցահանդեսների կուրատորներ և բաժնի վարիչներ։
Պետական կառավարում և մենեջմենթ: Աշխատանք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, մշակույթի և կրթության ոլորտի վարչություններում, ինչպես նաև մասնավոր սեկտորում, որտեղ զբաղվում են արվեստի մենեջմենթով և արտ-բիզնեսով։
Կրթական ոլորտ: Դասախոսական և ուսուցչական գործունեություն բարձրագույն ու հանրակրթական ուսումնական հաստատություններում:
Մեդիա և հանրային հաղորդակցություն: Արվեստի քննադատություն, հոդվածների և գրքերի հրատարակում, հայ և համաշխարհային արվեստի ներկայացում հեռուստատեսային, ռադիո և մեդիա հաղորդումներում։
Զբոսաշրջություն: Մասնագիտական բարձրորակ գործունեություն տուրիստական առաջատար գործակալություններում. լավագույն ու ներկայանալի գիդը հենց արվեստաբանն է։
- Ինչպիսի՞ն է ծրագրի ներգրավվածությունը միջազգային ակադեմիական գործընթացներում։
- Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնը տարիներ շարունակ համագործակցում է արտասահմանյան առաջատար համալսարանների և գիտական կենտրոնների հետ։
Մեր ուսանողներն ու շրջանավարտները պարբերաբար ստանում են միջազգային կրթաթոշակներ, մեկնում տարբեր երկրներ՝ արտերկրի գիտական հաստատություններում աշխատելու, ինչպես նաև օտարերկրյա արխիվներում ու հավաքածուներում հայկական արվեստի բարձրարժեք նմուշները հայտնաբերելու և ուսումնասիրելու համար։ Նրանք ակտիվ մասնակցում են միջազգային գիտաժողովների՝ հավուր պատշաճի ներկայացնելով հայկական արվեստագիտական միտքն աշխարհում։ Ի դեպ, աշխարհի խոշորագույն կենտրոններում (Լոնդոն, Օքսֆորդ, Սորբոն, Մյունխեն) արվեստաբանությունը միշտ հանդես է գալիս որպես առանձին, ինքնուրույն ուղղություն. ԵՊՀ-ն ևս հավատարիմ է ակադեմիական այդ չափանիշին։
- Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա դիմորդներին, որոնք պատրաստվում են ընտրել այս մասնագիտությունը։
- Հայաստանի նման հարուստ և բազմաշերտ պատմամշակութային ժառանգություն ունեցող երկրում արվեստաբանն իրականացնում է ազգային, ռազմավարական նշանակության առաքելություն։ Հազարավոր հուշարձաններ, խաչքարեր, ձեռագրեր, կտավներ ու քանդակներ դեռևս կարիք ունեն խորքային գիտական նկարագրման և միջազգային հարթակներում հանրայնացման։
Արվեստաբանությունը միայն սիրելի մասնագիտություն չէ, այն ազգային պատասխանատվություն է։ Ապագա մագիստրոսներին մաղթում եմ գիտական համարձակություն. մեր դռները բաց են բոլոր նրանց առջև, ովքեր ցանկանում են դառնալ արվեստի բարձրակարգ և մրցունակ մասնագետներ։
2026/2027 ուստարում «Արվեստաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի 1-ին փուլի անվճար ընդունելության մրցույթին հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները՝ անկախ միջին որակական գնահատականից (ՄՈԳ), ատեստավորման գնահատականից և ավարտելու տարեթվից:
Հավելենք՝ «Արվեստաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 1-26-ը՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ 2-րդ փուլի փաստաթղթերը՝ ս.թ. հուլիսի 6-ից օգոստոսի 17-ը՝ մինչև ժամը 18:00-ն։
1-ին փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. հուլիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իսկ 2-րդ փուլինը՝ ս.թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 14:00-ին։