Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ավարտվեց «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը:
Եռօրյա գիտաժողովը, որը կազմակերպվել էր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) համագործակցությամբ, համախմբել էր ավելի քան 120 մասնակիցների աշխարհի շուրջ 18 երկրներից՝ ներառյալ ՀՀ-ն։
«ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է լայն աշխարհագրություն և գիտական մեծ շրջանակ ընդգրկող միջազգային գիտաժողով։ Մեծ պատիվ է համախմբել գիտնականների և մասնագետների, որոնք միավորվել են՝ հասկանալու համաշխարհային տնտեսության միտումներն ու գլոբալ մարտահրավերները:
Նախորդ տարի նշել էինք գիտաժողովն ամենամյա դարձնելու մեր մտադրության մասին. այս տարի այն արդեն իրականություն է։ Ֆակուլտետը գիտաժողովի շրջանակում երեք օր շարունակ վերածվեց նորարարական հետազոտությունների արդյունքների ներկայացման կարևոր հարթակի»,- ընդգծեց ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը:
Գիտաժողովին առցանց տեսակապով մասնակցեցին Նոբելյան մրցանակակիրներ՝ ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Փոլ Կրուգմանը (2008 թ.) և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն (2024 թ.):
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ողջունելով համաշխարհային հռչակ վայելող տնտեսագետներին, շնորհակալություն հայտնեց հրավերը չմերժելու, գիտաժողովին պատրաստակամորեն միանալու համար։ Նա հույս հայտնեց, որ ֆակուլտետի միջազգային երրորդ գիտաժողովի շրջանակում գիտնականները կկարողանան անձամբ այցելել Հայաստան։
Ելույթներից հետո մասնակիցներն ու ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու Նոբելյան մրցանակակիր տնտեսագետներին։
Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) փոխնախագահ, Նիդեռլանդների Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի պրոֆեսոր, համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն 30 տնտեսագետներից Պիտեր Նայկամպը և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) գործադիր տնօրեն, Նիդեռլանդների բաց համալսարանի պրոֆեսոր Կարիմա Կուրտիտը, որոնք գիտաժողովի գլխավոր խոսնակներից էին և արդեն 2-րդ տարին անընդմեջ աջակցում են ֆակուլտետին կազմակերպելու նման մասշտաբներ ընդգրկող միջազգային գիտաժողով, իրենց ելույթներով բազմիցս ընդգծեցին, որ ուրախ են ԵՊՀ-ում լինելու և հնարավորություն ունեն իրականացնելու այն, ինչին միտված է գիտությունը՝ կառուցելու գիտելիքի ամուր և հուսալի հիմք:
Բանախոսների թվում էին հռչակավոր տնտեսագետներ՝ Դիմիտրիոս Բուհալիսը (Մեծ Բրիտանիա), Կառլոս Մորենոն (Ֆրանսիա), Նեյլ Ռեյդը (ԱՄՆ), Աբդուլ Շաբանը (Հնդկաստան), Քեթրին Գալլը (Ֆրանսիա), Բրյուս Նյուբոլդը (Կանադա), Դենիս Պումեյնը (Ֆրանսիա), Թոմաս Պոնսե Դենտինոն (Պորտուգալիա), Լուիջի Ֆուսկո Ժիրարդը (Իտալիա), Ալան Մյուրեյը (ԱՄՆ), Օտո Հուդեկը (Սլովակիա), Ֆելիքս Արիոնը (Ռումինիա) և գիտական աշխարհի այլ ներկայացուցիչներ:
Միջազգային 2-րդ գիտաժողովին մասնակից բուհերն ու գիտական կառույցները ներկայացված էին լայն աշխարհագրությամբ: Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Հարվարդի, Սորբոնի, Բորնմութի, Ազորեի, Հռոմի Սապիենցա, Մաքմասթերի, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական, Բարսելոնայի տնտեսագիտության, Հարվարդի բիզնես դպրոցների և բարձր վարկանիշ ունեցող այլ առաջատար բուհերի ու հետազոտական կենտրոնների ավելի քան 40 անվանի գիտնականներ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, Հնդկաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից:
Գիտաժողովին մասնակցեցին Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչներ։ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի առաջատար տնտեսագետ Լեա Հակիմը ներկայացրեց կլիմայական ռիսկերի և կայուն տնտեսական աճի վերաբերյալ իր դիտարկումները: ԱՄՀ ներկայացուցիչ Շուշանիկ Հակոբյանն իր զեկույցում անդրադարձավ գլոբալ տնտեսական տարանջատման հիմնախնդիրներին և դրանց ազդեցությանը տարածաշրջանային առևտրային հարաբերությունների վրա:
ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության փորձագետները գիտաժողովին ակտիվ մասնակիցներից էին: Վերջիններս ներկայացրին վերլուծություններ դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության, վարկային ռիսկերի և մարդկային կապիտալի կառավարման ոլորտներում։
Ակտիվ ներգրավված էին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և ՀՀ ԳԱԱ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները։
Պանելային ձևաչափով քննարկվեցին կլիմայի փոփոխության և կայուն աճի վերաբերյալ հիմնահարցերը: Բանախոսների թվում էին՝ Պիտեր Նայկամպը (Նիդեռլանդներ), Դենիս Պումեյնը (Ֆրանսիա), Լեա Հակիմը (Համաշխարհային բանկ, Հայաստան), Կառլեն Խաչատրյանը (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան), Երվանդ Ասլանյանը («ԱյԴի բանկ» ՓԲԸ-ի կորպորոտիվ բանկինգի գծով տնօրենի տեղակալ)։
Եռօրյա գիտաժողովի ընթացքում յոթ թեմատիկ բաժանմունքներում ներկայացվեց ավելի քան 75 զեկուցում։
Գիտաժողովի մասնակիցները փաստեցին, որ միջոցառումն արդեն ձևավորել է տարածաշրջանային գիտական հարթակ՝ միավորելով տնտեսագիտության տարբեր դպրոցների և հետազոտական ուղղությունների փորձը։ Գիտաժողովի շրջանակում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության և համատեղ նոր նախագծերի իրականացման շուրջ: Գիտաժողովը արդյունավետ էր նաև Հայաստանի այլ բուհերի գիտնականների և հետազոտողների համար՝ փորձի փոխանակման, նոր հետազոտական ծրագրերում ներգրավվածության խորացման և նոր գիտական ուղղությունների բացահայտման համար:
Գիտաժողովի փակմանը դեկան Կառլեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության, հետաքրքիր զեկուցումների և համագործակցության համար, ապա նաև ազդարարեց միջազգային 3-րդ գիտաժողովի աշխատանքների մեկնարկի մասին՝ բոլոր ներկաներին հրավիրելով մասնակցել նաև հաջորդ տարի կայանալիք միջազգային 3-րդ գիտաժողովին: Դեկանը հույս հայտնեց, որ գիտաժողովի մասնակիցների ներկայիս շրջանակը ավելի կընդլայնվի թե՛ աշխարհագրությամբ, թե՛ թեմատիկ բազմազանությամբ և թե՛ հեղինակավոր բուհերից հռչակավոր գիտնականների ներգրավվածությամբ:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ իրականացված գիտաժողովն իր ընդգրկմամբ և միջազգային գործընկերների ու գիտնականների աշխարհագրությամբ ևս մեկ անգամ հաստատեց, որ ֆակուլտետը տարեցտարի ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային գիտական քարտեզում՝ վերածվելով տնտեսագիտական մտքի, գիտության զարգացման և համագործակցության կարևոր հանգույցի: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ որակապես նոր մակարդակի անցումն ու փոխակերպվող տնտեսության գլոբալ մարտահրավերներին արդյունավետ արձագանքելը հնարավոր է բացառապես աշխարհի առաջատար բուհերի հետ բաց և համակողմանի համագործակցության միջոցով։
«Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» գիտաժողովը հովանավորել են «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ն և «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ն: Գիտաժողովի գործընկերն է «Հայաստանի բանկերի միություն» ՀԿ-ն:








































