June 09, 2025 | 11:43
Education
Research
Mechanisms of dissemination and consumption of disinformation, anonymous users: Scientific research findings summarized
During the Reporting Conference-2025, the findings of the research project titled "Mechanisms for the Dissemination and Consumption of Disinformation on Social Media", funded under YSU internal scientific grants competition, were presented. The research was led by Dr. Artur Atanesyan, Professor and Head of the Chair of Applied Sociology at YSU Faculty of Sociology. The studies conducted within the framework of this project concluded in 2024, yielding significant scholarly insights in the fields of digital communication and media consumption.

Ուսումնասիրության նպատակն էր բացահայտել սոցցանցերում հայաստանյան օգտատերերի կողմից կեղծ լուրերի ստեղծման, տարածման և սպառման հաղորդակցական մեխանիզմները և առանձնահատկությունները: Թեմայի կարևորության և հետազոտության արդյունքների մասին զրուցել ենք ծրագրի ղեկավար Արթուր Աթանեսյանի հետ։
- Պարո՛ն Աթանեսյան, ինչո՞վ է կարևոր սոցիալական ցանցերում կեղծ լուրերի տարածման ու սպառման ուսումնասիրությունը։

- 21-րդ դարում տեղեկատվությունն անհամեմատ շատ է և բազմազան, տեղեկատվության աղբյուրները՝ մասամբ անվերահսկելի, ուստի տեղեկատվության որակը մշտապես անկում է ապրում: Մարդկանց գրավում է ոչ այնքան որակը, որքան մատուցման ձևը, մատչելիությունն ու համակրելիությունը, տեղեկության անսպասելիությունը, «էքսկլյուզիվը»: Այս ամենն է, որ տեղեկատվական դաշտում մեծացրել է կեղծ տեղեկատվության ծավալը, սակայն դա ավելի շատ անհանգստացնում է մասնագետներին. սովորական սպառողների համար հաճախ միևնույն է, թե ինչից են «բաղկացած, պատրաստված» լուրերը։ Նրանց համար կարևոր է, որ դրանք պարզ, հեշտ, մատչելի և գրավիչ լինեն: Այդ պատճառով է, որ մասնավորապես սոցցանցերում օգտատերերի կողմից գրեթե մշտապես օգտագործվող կեղծ էջերով՝ այլ անունով, արհեստականորեն «գեղեցկացված» կամ լրիվ այլ լուսանկարով հանդես գալու մոտեցումը նորմալ և սովորական երևույթ է: Մինչդեռ կեղծ տեղեկությունն ապակողմնորոշում է, դրա հիման վրա ընդունվող ամենօրյա, ինչպես նաև կարևոր բախտորոշիչ որոշումները կարող են հանգեցնել բացասական հետևանքների:
- Որո՞նք են կեղծ լուրերի տարածման հիմնական դրդապատճառները՝ ըստ կատարված հետազոտության։
- Հիմնական դրդապատճառն է բոլորին դուր գալու, հանդիսատես և շատ հետևորդներ հավաքելու, ազդեցություն և տպավորություն գործելու ցանկությունը: Նման մեթոդով տպավորություն ստեղծելը կարող է կարճատև լինել, ուստի պահանջում է շարունակական ներդրում. սոցցանցերում ազդեցություն գործելու համար պետք է մշտապես կամ պարբերաբար ցուցադրել և ցուցադրվել, բարձրաձայնել, այդ թվում՝ առավել վիճելի թեմաներ, որ հանրային ուշադրությունն ու վիճաբանությունը մշտապես ակտիվ լինեն: Սա է՛լ ավելի է մեծացնում կեղծ կամ մասամբ կեղծ տեղեկության շրջանառումն առցանց տիրույթներում:
Հարկ է նշել, որ մեր հետազոտությունը մասամբ կոտրում է կարծրատիպեր: Մասնավորապես, այն պարզել է, որ վիրտուալ սոցիալական ցանցերի հայ սպառողներից ամենաշատը տղամարդիկ են (և ոչ կանայք) հակված հանդես գալու կեղծանուններով կամ կեղծ լուսանկարներով, առաջին հերթին՝ հակառակ սեռի հետ առցանց ծանոթանալու նպատակով: Փաստորեն, մեր իրականության մեջ ավանդաբար տղամարդիկ էին, որ ստեղծում և վերահսկում էին խաղի կանոններ: Այդ խաղի կանոնների համաձայն՝ այս կամ այն մոտեցումը կարող է համարվել անընդունելի, ամոթալի, անբարոյական և այլն: Ուստի, այդպիսի մոտեցում ցուցաբերելու ցանկություն ունեցող հայ տղամարդիկ, նաև գիտակցելով, որ շրջապատում դա չի ընդունվի, հակված են ոչ թե դա չանելու, այլ անելու, բայց վիրտուալ կեղծ ինքնությամբ:

Հետաքրքիր է, որ նման մոտեցումներն առավել բնութագրական են արևելյան հասարակություններին: «Վիրտուալ դիմակներ» հագնելն ու դրանցով առցանց տիրույթում հանդես գալը, իհարկե, միշտ չէ, որ արդյունավետ է, սակայն իրական շփումներում դա է՛լ ավելի դժվար է: Ուստի ուղիղ և շիտակ հաղորդակցվելու հետ կապված խնդիրներ ունեցողներն են, որ առավել հարմար են գտնում վիրտուալ կեղծ ինքնության ստեղծումն ու դրանով հաղորդակցումն առցանց տիրույթում: Սա հետազոտության արդյունքներից ընդամենը մեկն է:
- Կներկայացնե՞ք հետազոտության մեթոդաբանությունը՝ օգտագործված տեխնիկաները, տվյալների հավաքագրման և վերլուծության գործընթացը, դեմոգրաֆիկ կազմը (տարիք, սեռ, բնակավայր, կրթության մակարդակ, գործունեության ոլորտ)։
- Մեթոդաբանությունը ներառում էր տեսահայեցակարգային մոտեցումների վերլուծություն և սոցիոլոգիական կոնկրետ հետազոտություն: Պետք էր հասկանալ վիրտուալ և իրական ինքնության կապն ու փոխհարաբերությունը, «վիրտուալ դիմակների» ստեղծման և օգտագործման ռազմավարությունները, ապա դրանք բացահայտել վիրտուալ սոցիալական ցանցերի հայ օգտատերերի շրջանում: Այսպես, կիրառել ենք առցանց սոցիոլոգիական հարցման մեթոդը առավել ակտիվ օգտագործվող սոցիալական ցանցերում նորարար «Survey Monkey» ծրագրային փաթեթով, որը վճարովի հիմունքներով հնարավորություն է տալիս ձևավորելու, տարածելու, հավաքելու և վերլուծելու առավել բազմազան, ծավալուն և համալիր հարցեր: Այս ամենը մեկ հետազոտողի համար դժվար է, սակայն մեր հետազոտական թիմի համար ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում գրավիչ, խոստումնալից և արդյունավետ խնդիր էր: Հատկապես կարևոր էր ասպիրանտ, այժմ արդեն գիտությունների թեկնածու Անրիետա Կարապետյանի դերակատարումը տվյալների հավաքագրման և վերլուծության փուլում:
- Հետազոտությունն ընդգծում է, որ որոշ օգտատերեր գիտակցաբար թաքցնում են իրենց անձնական տվյալները կամ փոփոխում են իրենց ինքնությունը։ Ինչպիսի՞ ազդեցություն է սա ունենում կեղծ լուրերի տարածման վրա։
- Կա հանրայնորեն տարածված տեսակետ, թե կեղծ լուրերի շրջանառումը նպատակաուղղված, քարոզչական նպատակներով կիրառվող մոտեցում է, հատկապես՝ քաղաքական պայքարում: Մեր կարծիքով, այս գործընթացն արդեն վաղուց դուրս է եկել ինչպես քաղաքական, այնպես էլ քննադատելի և պատժելի տիրույթներից. դրանով զբաղվում են բոլորը, այդ թվում՝ սովորական մարդիկ, մասնավորապես սոցիալական ցանցերում: Հաճախ կեղծ լուրերի շրջանառումը նպատակաուղղված և միտումնավոր չէ. պարզապես տեսնելով որևէ արժանահավատ թվացող, դուր եկող տեղեկություն՝ օգտատերը այն հավանում է («լայքում է»), տարածում է՝ ապահովելով դրա դիտողականության ավելացումն ու ազդեցությունը, ինչպես նաև ինքնահաստատվում է դրանով, նպաստում իր վիրտուալ և իրական «ես»-ի ճանաչելիությանը: Մինչդեռ հետո կարող է պարզվել, որ սկզբնական տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը, իսկ անձը նպաստել է դրա շրջանառմանն ու տարածմանը: Գրականության մեջ կեղծ լուրերի ոչ միտումնավոր տարածումը պակաս քննադատելի է, սակայն մենք գտնում ենք, որ կեղծ լուրերի միտումնավոր և ոչ միտումնավոր շրջանառումն ունի նույն բացասական հետևանքները, ուստի նույնքան քննադատելի է: Այսպես եղավ մասնավորապես 44-օրյա պատերազմի օրերին, երբ սոցցանցերի հայաստանյան օգտատերերից շատերը բազմիցս շրջանառեցին չստուգված, կեղծ, այդ թվում՝ պաշտոնական աղբյուրներից տարածված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, ինչի հետևանքն էր հասարակության ապակողմնորոշումը:
- Հետազոտությունը նաև ընդգծում է անանունության դերակատարությունը. ինչպիսի՞ն է այն կեղծ լուրերի տարածման և ընդունման համատեքստում։
- Անանունության տեխնիկական լուծումը սոցցանցերի հաղորդակցություններում շատերի համար առավելություն է՝ անելու և տարածելու այն, ինչ իրենք անցանց հաղորդակցության ժամանակ չէին համարձակվի անել։ Օրինակ՝ ատելության խոսքեր տարածել, այլոց հայհոյել: Այդ իմաստով առցանց հաղորդակցությունների դաշտը կարծես իրականության ստվերային կողմը լինի՝ ցույց տալով մարդու իրական, սանձարձակ բնույթը: Մի կողմից՝ մարդկանց իրենց բացասական հակումների համար պետք է հատկացնել մի տեղ, որտեղ այս ամենը կարտահայտեն և կհանգստանան, հատկապես իրականության մեջ առկա բազում խնդիրների, դժգոհության համար առկա բազում պատճառների պայմաններում: Մյուս կողմից՝ առցանց դաշտում միմյանց հայհոյելու բացասական և բոլոր առումներով ապակառուցողական մոտեցումն արդեն դուրս է եկել առցանց տիրույթից և դրսևորվում է իրական կյանքում՝ ապացուցելով, որ ոչ միայն իրական կյանքն է արտացոլվում վիրտուալ տիրույթում, այլև հակառակը:
- Ըստ Ձեզ՝ որո՞նք են արդյունավետ մեթոդները կամ քայլերը կեղծ լուրերի դեմ պայքարում՝ հաշվի առնելով հայաստանյան սոցիալական ցանցերի առանձնահատկությունները։
- Կեղծ լուրերի և առհասարակ կեղծ տեղեկատվության, ինքնամատուցման դեմ պայքարելու համար անհրաժեշտ է հանրության ցանկությունը: Կարծում եմ՝ դա մերօրյա իրականության մեջ նույնն է, ինչ պայքարել գեղեցկության սրահների, պլաստիկ վիրահատությունների, սելֆիների և այլնի դեմ: Մարդիկ այդպես են ուզում, դա իրենց դուր է գալիս, ուստի միակողմանի պայքարը կամ տեղեկատվական աշխատանքը իրականության և բնականության պաշտպանության համար նպատակին չեն հասնի, մինչև մեծամասնությունն ինքը այդ ամենից չհոգնի, չհիասթափվի և չվախենա: