June 02, 2025 | 15:21
Science
Education
Events
Cultural layers of teaching Arabic: International conference held at YSU
An international conference titled “Socio-Cultural Layers in Arabic Language Teaching” commenced in the Ferdowsi Hall of YSU Faculty of Oriental Studies. During the event, scholars from various universities across Europe, Russia, and Armenia engaged in discussions on the interplay between social and cultural factors shaping the processes of teaching and learning Arabic. The participants addressed the impact of diglossia on linguistic diversity in Arabic-speaking societies, explored methodologies for incorporating dialects and cultural elements into language instruction, and assessed the influence of these components both on teaching practices and the overall learning experience.

ԵՊՀ-ում կազմակերպված երկօրյա գիտաժողովի թեմաները նվիրված են արաբախոս հասարակություններում դիգլոսիայի ունեցած ազդեցությանը՝ գրական և բարբառային արաբերենի համակեցության համատեքստում, ինչպես նաև բարբառների, տեղային մշակութային տարրերի և լեզվական բազմազանության ներառման հնարավորություններին, ինչպես նաև ուսուցման արդյունավետության վրա դրանց ունեցած ազդեցությանը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, բացման խոսքում ընդգծեց․ «Հայկական արևելագիտությունը թեև պատմականորեն ներառում է ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան տարրեր, սակայն իր ամբողջության մեջ այն ինքնուրույն դպրոց է։ Արաբագիտությունն այս համատեքստում ունի կենտրոնական տեղ և երկարամյա ավանդույթ։ Այս գիտաժողովն այդ ավանդույթի շարունակության կարևոր հանգրվանն է»։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը նշեց. «Երկու տարի առաջ մեկնարկած մեր ֆորումի նպատակն է ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ կքննարկվեն արաբերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդաբանական խնդիրները։ Արաբերենը հատկապես իր կառուցվածքային առանձնահատկություններով հաճախ դուրս է մնում դասավանդման ավանդական շրջանակներից, ուստի նոր մոտեցումների մշակումը կենսական է»։
Գիտաժողովին մասնակցում են մասնագետներ Լեհաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Սաուդյան Արաբիայից, ինչպես նաև Հայաստանի մի շարք կրթական հաստատություններից։ Նիստերը բաժանված են մի քանի թեմատիկ ուղղությունների, որոնց թվում՝
Արաբագիտությունը ժամանակակից համատեքստում․ հաստատություններ և կրթական նորարարություններ,
Արաբերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մարտահրավերներն ու ռազմավարական մոտեցումները,
Արաբերենի դասավանդումը և դիգլոսիկ իրականությունը. ուսումնական մոտեցումներ և երկընտրանքներ,
Դիգլոսիան արաբերենում և լեզվի իմացությունը․ մարտահրավերներ, շրջանակներ և հետագա զարգացման ուղիներ:
Գիտաժողովի ընթացքում կազմակերպվեցին նաև կլոր սեղան-քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները շոշափեցին կրթական համագործակցության հնարավորությունների, համատեղ հետազոտական նախագծերի և դասավանդման նոր մոդելների մշակման ու փոխանակման հարցեր։
Գիտաժողովը՝ հագեցած ամփոփիչ զեկուցումներով և մասնագիտական խորհրդածություններով, շարունակվելու է նաև վաղը՝ ծառայելով որդեգրած նպատակին, այն է՝ հենվելով ժամանակակից կրթական, սոցիալական և մշակութային իրողությունների վրա՝ զարգացնել արաբերենի՝ որպես օտար լեզվի ուսուցումը ԵՊՀ-ում: