September 03, 2025 | 12:49
Education
Lifelong learning
Graduates
University-business collaboration: New challenges in digital era
In today’s modern world, universities and businesses are facing new challenges in their collaboration efforts. The key driving force behind progress lies in the close connection between the educational system and industry, aimed at fostering innovative solutions and developing new skills. During the "Space and Technologies" section of YSU Alumni Forum, participants of the discussion titled “The Digital World through the Lenses of Education, Science, Governance, and Economy”, held in YSU Academic Council Session Hall, addressed a range of key issues related to the field.

Թեմատիկ պանելային քննարկմանն իրենց փորձն ու մտքերը ներկայացրին ոլորտի առաջատար մասնագետները՝ «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկ Մելքոնյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ԱԲ տնօրեն Տիգրան Սարգսյանը և «Սմարթգեյթ Վի Սի» ընկերության համահիմնադիր և գործընկեր Աշոտ Արզումանյանը:

Նարեկ Մելքոնյանը նշեց, որ վերջին տարիներին «PMI Science»-ը մի շարք նախաձեռնություններով համագործակցել է ԵՊՀ-ի հետ հատկապես Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում լաբորատորիայի հիմնադրման, ինչպես նաև մագիստրոսական ծրագրերի զարգացման ուղղությամբ։
«Մեր ընկերությունն աշխատում է բազմաթիվ երկրների և համալսարանների հետ։ Այն, ինչ մենք և մեր գործընկերները հաճախ նկատում ենք, հետևյալն է. ՀՀ-ում համալսարանները բավարար պրոակտիվ չեն և բիզնեսին ընդառաջ չեն գալիս, նախաձեռնողական չեն համագործակցության հարցում։ Բուհերը պետք է կարողանան ներկայացնել կոնկրետ առաջարկներ, ցույց տալ, թե ինչպես կարելի է բիզնեսին ներգրավել՝ առաջարկելով երկուստեք շահեկան՝ win-win լուծումներ»,- ընդգծեց Նարեկ Մելքոնյանը։

Տիգրան Սարգսյանը նշեց, որ «Սինոփսիս» ընկերությունը 2005 թվականից համագործակցում է Երևանի պետական համալսարանի հետ։ Այս տարիների ընթացքում, ըստ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ԱԲ տնօրենի, համալսարանից ներգրավել են բարձրորակ կադրեր, որոնք այժմ իրենց թիմի զգալի մասն են կազմում։
«Նրանք միշտ չէ, որ անմիջապես ներգրավվում են լիարժեք նախագծերում: Ժամանակի ընթացքում առաջադիմում են՝ իրականացնելով հետազոտություններ: Մեզ համար առաջնահերթություն Է ունենալ մասնագետներ, որոնք ունակ են կատարելու բարձրակարգ աշխատանք և լուծելու բարդ խնդիրներ։ Այդ իսկ պատճառով համալսարանի դերը չենք կարող թերագնահատել»,- նշեց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ կրթությունը փոփոխության գործընթացում է, արհեստական բանականությունն ակտիվ զարգանում է, ուստի պետք է վերանայել՝ ինչպես կարգավորել կրթական համակարգը և ինչպիսի բովանդակություն ներառել։
Քննարկման մոդերատոր, «Կրիսպ» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանն ընդգծեց, որ «Կրիսպ»-ը հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով մի քանի տարի առաջ արհեստական բանականության լաբորատորիա է հիմնել ԵՊՀ-ում։

«Մի քանի անգամ փորձել ենք համագործակցել տարբեր հետազոտական ինստիտուտների հետ, սակայն արդյունքները միշտ չէ, որ բավարարել են: Օրինակ՝ արդյունաբերության մեջ մտածելակերպն ու արագությունը բավականին տարբեր են, մասնավորապես փոքր ընկերությունների դեպքում»,- հավելեց նա՝ առաջարկելով քննարկել համալսարանի մասնագետների պատրաստվածության հարցը՝ արդյո՞ք արդի ուսանողությունը բավարար հիմքեր ունի, և ԵՊՀ-ն ի վիճակի՞ է արդյոք ձևավորել տարբերակվող մտածելակերպ ունեցող մասնագետներ։
Բարձրացված հարցին արձագանքելով որպես գործատու՝ Նարեկ Մելքոնյանը նշեց, որ ամեն տարի աշխատանքի են ընդունվում շուրջ 20-30 նոր աշխատակիցներ՝ հիմնականում նրանք, ովքեր վերջերս են ավարտել համալսարանը։ Օտարերկրյա (հատկապես եվրոպական) գործընկերները հաճախ ցածր են գնահատում շրջանավարտների պատրաստվածությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բուհերում բավարար ուշադրության չեն արժանացվում հաղորդակցական՝ այսպես կոչված փափուկ հմտությունները (soft skills)։
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ԱԲ տնօրեն Տիգրան Սարգսյանը հավելեց. «ԵՊՀ ուսանողները միջինում առավելություն ունեն մյուս բուհերի ուսանողների նկատմամբ, և սա տեսանելի միտում է: Մենք անհամբեր սպասում ենք ուժեղ երիտասարդների»:
Պատասխանելով դահլիճից հնչած հարցին, թե ի՞նչ է անում ԱԲ ոլորտը համալսարանի համար, Տիգրան Սարգսյանը նշեց․ «Մեր առաքելությունն է զարգացնել և կատարելագործել երկիրը։ Առաջին փուլում կան հաստատություններ, որոնք կրթում են մասնագետների։ Եթե ձեր հաստատությունից դուրս են գալիս լավ մասնագետներ, դա նշանակում է, որ դուք ձեր գործը շատ լավ եք կատարում։ Հաջորդ փուլը արտադրությունը՝ ինդուստրիան է, երբ երիտասարդները գալիս են մեզ մոտ և աշխատում։ Մենք ներդնում ենք բարդ տեխնոլոգիաներ և առաջադեմ նախագծեր, աշխատավարձերը բարձրանում են, և մենք վճարում ենք մեծ հարկեր։ Սա է մեր առաքելությունը»։

Աշոտ Արզումանյանն իր հերթին նշեց, որ հարցը կարելի է բաժանել երկու հատվածի՝ կրթական մասի և արտադրության (ինդուստրիայի) մասնակցության։ Նա կարծում է, որ համալսարանը պետք է փորձի ներգրավվել արտադրությանն այնքանով, որ կարողանա լիարժեք իրագործել կրթական գործառույթը. «Իրականում համալսարանի հիմնական KPI-ն պետք է լինի այն, որ ավարտող մասնագետն ունենա բավարար պատրաստվածություն ինդուստրիայում արդյունավետ աշխատելու համար:
Մյուս կարևոր կողմը գիտահետազոտական աշխատանքներն են, որոնք նույնպես մեծ նշանակություն ունեն։ Օրինակ՝ մենք ներդրումներ ենք կատարում արտասահմանյան ընկերություններում, որոնք անցնում են կոմերցիալիզացման ուղով։ Այստեղ առանձնանում է երկու կարևոր կետ՝ գիտության ոլորտի պետպատվերները և ինդուստրիայի կողմից որոշակի խնդիրների լուծումը։ Այս հարցերում շատ աշխատանք կա անելու։ Կարևոր է ինդուստրիայի հետ հուսալի կապերի հաստատումը, քանի որ այս համագործակցության շնորհիվ է հնարավոր հասնել իրական արդյունքների»,- ասաց նա։
Բանախոս Նարեկ Մելքոնյանը հավելեց, որ բիզնեսի տեսանկյունից տարբերություն չկա՝ որ բուհում են ներդրումներ կատարվում։ Բիզնեսը, միևնույնն է, կփնտրի և կգտնի ամենաարդյունավետ և շահավետ տարբերակը: Սակայն համալսարանները պետք է կարողանան ստեղծել նորարար գաղափարներ, ձևաչափեր և մոդելներ՝ բիզնեսին համոզելու և իրենց համալսարան ներգրավելու համար։
Բանախոսներն անդրադարձան նաև ուսուցման գործընթացում արհեստական բանականության գործիքների ներմուծմանը, քննարկեցին՝ այն դրակա՞ն, թե՞ բացասական է և ի՞նչ ազդեցություն կարող է թողնել համալսարանների վրա, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ԵՊՀ-ն այդ փոփոխություններին պատրաստվելու համար և այլն:
Ծավալված հետաքրքիր քննարկման մանրամասները՝ տեսանյութում⤵️
Video