December 09, 2025 | 12:10
Conferences
International cooperation
Policy
Modern approaches to genocide prevention in international context: Conference at YSU
An international conference titled "Genocide: Memory, Recognition, Prevention" was held at YSU, aimed at developing innovative strategies to combat genocide and mass atrocities. The scientific event was organized at the initiative of the YSU Institute for Armenian Studies (IAS) and the Center for Human Rights and Genocide Studies.
Միջազգային գիտաժողովի մեկնարկը տրվեց ԵՊՀ նախասրահում ցեղասպանությունների հիշողության ծառի և ցեղասպանությունների պատմության ցուցադրությամբ, որտեղ ներկայացված էին հայերի, հրեաների և այլ ազգերի ցեղասպանության նախապատմությունը, պատճառները, ընթացքը և հետևանքները: Լուսանկարիչ Վիկտոր Գերասիմովսկու «Լռության արձագանքները» խորագրով ցուցադրությամբ էլ ներկայացվեցին 1972 թ. բուրունդյան ցեղասպանությունը վերապրածների լուսանկարները, պատմությունը, մտքերը` նպատակ ունենալով մասնավորապես ընդգծելու կրթության հզոր ուժը ապագա վայրագությունները կանխելու գործում:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով ավելի քան 20 երկրներից ժամանած պրոֆեսորների, փորձագետների, հետազոտողների մասնակցությունը գիտաժողովին, ընդգծեց. «Ցեղասպանագիտությունը և ցեղասպանությունների կանխարգելումը չեն վերաբերում միայն Հայաստանի Հանրապետությանը․ տարբեր երկրների ներկայացուցիչներ գիտաժողովի ընթացքում խոսեցին այն մասին, որ հիշողությունը մեկն է բոլորի համար։ Այսօրինակ միջոցառումները առաջին հերթին միտված են կանխարգելելու ցեղասպանությունները աշխարհի տարբեր երկրներում: Ցավոք սրտի, 1915 թ. ցեղասպանությունից հետո մենք ականատես ենք եղել նաև 21-րդ դարում տարբեր ցեղասպանությունների»։
Նրա խոսքով՝ երբեմն թվում է, թե գիտական համայնքի ջանքերը վճռորոշ ազդեցություն չունեն քաղաքական որոշումների կայացման վրա, սակայն դա չի նշանակում, որ գիտական համայնքը փորձագիտական, ակադեմիական մակարդակներում պետք է լռի և չարձագանքի ցեղասպանությունների պատճառներին, հետևանքներին։ Այս համատեքստում նա շեշտեց․ «Կանխարգելումը հնարավոր է նրանով, որ աշխարհի տարբեր երկրներ ճանաչեն այլոց ցեղասպանությունները: Ի դեպ, Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ ճանաչել են 100-ավոր երկրներ, ինչը մեզ հույս է տալիս, որ հետագայում ցեղասպանություններ տեղի չեն ունենա, կամ գոնե կնվազի դրանց թիվը»:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանն էլ նշեց, որ ցեղասպանությունը պատմության պատահականություն չէ․ այն ժողովրդին, նրա մշակույթը, նրա տոհմածառն ու ապագան ջնջելու հաշվարկված գործողություն է։
«Ցեղասպանությունը լռությունից ծնված, անտարբերությամբ սնվող և բյուրոկրատական ճշգրտությամբ իրականացվող սահմռկեցուցիչ հանցագործություն է»,- ասաց Վահրամ Պետրոսյանն ու մեջբերեց ազգությամբ հրեա գրող Էլի Վիզելի (նա հայտնի է ցեղասպանագիտության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր աշխատություններով) խոսքերը. «Մեռյալներին մոռանալը նման է նրանց երկրորդ անգամ սպանելուն»:
ՀՀԻ տնօրենը, մեկնաբանելով ցեղասպանություն կազմակերպողների ու կատարողների ակնկալիքներն աշխարհից, մատնանշեց. «Վայրագություններից հետո հանցագործները հաճախ հույսը դնում են երկու բանի վրա՝ «աշխարհի ամնեզիայի» և աշխարհի ժխտման վրա: Նրանք հույսը դնում են պատմության վերաշարադրման վրա՝ բռնությունը մաքրելու և դրա հետքերը ոչնչացնելու համար: Այսօր այստեղ մենք հավաքականորեն հայտարարում ենք՝ մենք տեսնելու ենք, գործելու ենք և չենք մոռանալու»:
«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն էլ հավելեց, որ հայ ժողովուրդը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, երկար տարիներ եղել է այս հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկը միջազգային ասպարեզում։
«Մենք հպարտ ենք, որ հայ ժողովուրդը կարողացավ իր ողբերգական պատմական փորձը վերածել համընդհանուր նշանակություն ունեցող նախաձեռնության։ Մեր հավաքական հիշողությունը պարտավորեցնում է մեզ ոչ միայն հիշել, այլև գործել։ Ցեղասպանությունը սկսվում է կարծրատիպերից, նախապաշարմունքներից, խտրականությունից, ատելության խոսքից։ Այն սկսվում է այն ժամանակ, երբ մարդիկ դասակարգվում են «մենք»-ի և «նրանք»-ի, երբ ուրիշների մարդ լինելու փաստը հերքվում է, երբ անտարբերությունը ստվերում է համերաշխությունը»,- ընդգծեց նա։
Լիլիթ Մարտիրոսյանն իր ելույթում շեշտեց, որ ցեղասպանության կանխարգելման գործիքների շարքում կրթությունը մնում է ամենահզոր և եզակի գործիքը։
«Գիտելիք տալը, վերլուծական մտքի զարգացումը, փորձի փոխանակումը և նոր սերունդների կրթությունը ցեղասպանագիտության բնագավառում կարող են կյանքեր փրկել ապագայում»,- ասաց նա ու կարևորեց գիտաժողովի անցկացումը միջազգային փորձագետների, հետազոտողների, իրավաբանների և մարդու իրավունքների պաշտպանների մասնակցությամբ:
Գիտաժողովին քննարկվեցին ցեղասպանության վաղ նախազգուշացման մեխանիզմները, կանխարգելման ռազմավարությունները, արդարադատության հարցերը և հիշողության դերակատարումը։
Միջոցառմանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մեդալներ ու պատվոգրեր շնորհեց ցեղասպանությունների ուսումնասիրման, կանխարգելման, միջազգային հարթակներում խնդրի հանրայնացման ուղղություններով իրենց ջանքերը ներդրած անձանց, ինչպես նաև «Ցեղասպանություն, հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովի աջակիցներին:
ԵՊՀ ոսկե մեդալի արժանացան իրավագիտության դոկտոր, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտը, Բեռլինի ազատ համալսարանի բանասիրության դոկտոր Թեսսա Հոֆման-Սավիդիսը, Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր, «Շվեյցարիա-Թուրքիա» հետազոտական հիմնադրամի նախագահ Հանս-Լուկաս Կիզերը։ Շնորհվեցին նաև «Շառլ Ազնավուր» հուշամեդալ, «Մուսա լեռան փառքի» մեդալ և պատվոգրեր։
Գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 50 առաջատար փորձագետներ, գիտնականներ և մասնագետներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուանդայից, Բուրունդիից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից, Շվեդիայից, Միացյալ Թագավորությունից, Ավստրալիայից և Արգենտինայից:





















