March 10, 2026 | 16:01
Museum
Culture
Student
YSU host "Apples of Patience, or Museum Life of Fairy Tales" lecture
The YSU History Museum named after Professor Ludwig Gharibjanyan, hosted a lecture titled "Apples of Patience, or Museum Life of Fairy Tales". The session focused the relationship between folk fairy tales and museums, following the journey of a fairy tale from oral narrative to its diverse contemporary expressions across cultural contexts.
Միջոցառման բանախոսն էր ԵՊՀ պրոֆեսոր, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը, որը ներկայացրեց հեքիաթի՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության առանձնահատկությունները և դրա «ներկայությունը» թանգարանային միջավայրում։
Ըստ բանախոսի՝ հեքիաթը, ըստ էության, ոչ նյութական մշակույթի կարևոր բաղադրիչ է։ Հատկապես բանահյուսական հեքիաթի համար թանգարանը չի կարող լինել պահպանման դասական տարածք, քանի որ այն ծնվում և ապրում է բանավոր ավանդույթի մեջ։ Այդուհանդերձ, հեքիաթն ու թանգարանը ունեն բազմաթիվ առնչություններ։
«Հեքիաթը ոչ նյութական մշակույթ է, և եթե խոսքը ժողովրդական հեքիաթի մասին է, ապա թանգարանը նրա համար ավելի շատ արխիվի դեր կարող է ունենալ։ Սակայն մշակույթի տարբեր ոլորտներում այն հաճախ վերածնվում է այլ ձևերով»,- նշեց բանախոսը։
Ալվարդ Ջիվանյանը խոսեց նաև «միջնշանային թարգմանություն» երևույթի մասին՝ բացատրելով, որ գրական տեքստը կարող է վերածվել արվեստի այլ ձևերի։ Օրինակ՝ հեքիաթները կարող են ներկայացվել բալետի, օպերայի կամ թատերական բեմադրության միջոցով։ Այդ դեպքում գծային տեքստը վերափոխվում է նշանային այլ համակարգի՝ երաժշտության, բեմական շարժումների և տեսողական պատկերների։
Նրա դիտարկմամբ՝ նման փոխակերպումները կարելի է տեսնել նաև քանդակի, հուշադրամների, նկարազարդումների կամ արվեստի այլ գործերի մեջ, որոնք հաճախ հայտնվում են թանգարաններում։ Այսպիսով, հեքիաթը, անցնելով մշակութային տարբեր «մետամորֆոզներ», կարող է հասնել մինչև թանգարանային միջավայր։
Բանախոսը նաև անդրադարձավ հեքիաթների ժամանակային բնույթին՝ ընդգծելով, որ դրանք հիմնականում պատմում են անցյալի մասին։
«Դուք գրեթե չեք հանդիպի հեքիաթի, որը պատմում է ապագայի մասին․ նման դեպքերում մենք արդեն գործ ունենք գիտաֆանտաստիկայի կամ ֆենթեզիի հետ, բայց ոչ դասական հեքիաթի»,- ընդգծեց նա։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև հայկական և հարակից մշակույթներում հանդիպող խորհրդանշական հետաքրքիր պատկերներից մեկը՝ «համբերանքի տիկնիկը»։ Հեքիաթներում հերոսուհին հաճախ իր վիշտը պատմում է տիկնիկին՝ կավե կամ կտորե խորհրդանշական կերպարին, որը «լսում է» նրա ցավն ու փորձությունների մասին պատմությունները։ Այս խորհրդանշական մոտիվը, ըստ բանախոսի, կապված է համբերության գաղափարի հետ։
Բանախոսության խորագրում հիշատակվող խնձորը ևս պատահական չէ․ հայկական հեքիաթներում խնձորը հաճախ հանդես է գալիս որպես ավարտի խորհրդանիշ՝ հայտնի ձևակերպմամբ՝ «երեք խնձոր ընկավ»։ Այս խորհրդանշական պատկերն էլ է հուշում հեքիաթի մշակութային երկար ճանապարհի մասին։
Ըստ Ալվարդ Ջիվանյանի՝ հեքիաթը վաղուց դուրս է եկել միայն գրական տեքստի շրջանակներից և դարձել է մանկական մշակույթի պարատեքստային լայն տարածք։ Այն առկա է ոչ միայն գրքերում, այլև պատկերազարդերում, խաղալիքներում, հուշանվերներում և նույնիսկ հրուշակեղենի գունագեղ փաթեթավորումներում։



