June 03, 2026 | 12:12
Education
Research
How is a student's professional identity formed?
In a rapidly changing world, where professions and labor market demands evolve almost daily, it is becoming increasingly difficult for young people not only to choose a profession but also to find their place within a particular field. How is professional identity formed? Why do students often face uncertainty? And how are the digital environment and artificial intelligence reshaping the mindset of future professionals? These questions were discussed in an interview with Professor of Psychology Hrant Avanesyan, Head of the Chair of General Psychology at the YSU Faculty of Philosophy and Psychology.
Մասնագիտական ինքնության ձևավորումը ժամանակակից կրթական գործընթացի առանցքային բաղադրիչներից է, հատկապես այն պայմաններում, երբ արագ փոփոխվող աշխարհը երիտասարդներից պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև ինքնաճանաչում, ճկունություն և գիտակցված ընտրություն։ Այս թեմայի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, որը հեղինակել է «Ուսանողի մասնագիտական ինքնության ձևավորման գործընթացի կարևորությունը ժամանակակից պայմաններում» խորագրով հոդվածը։
- Պարո՛ն Ավանեսյան, ի՞նչ է «մասնագիտական ինքնություն» հասկացությունը, և ինչպե՞ս է այն ձևավորվում ուսանողական տարիներին։
- Երբ քննարկում ենք մարդու մասնագիտական ինքնությունը, չպետք է դիտարկենք միայն ուսանողական տարիները, քանի որ ամեն ինչ սկսվում է շատ ավելի վաղ։ Այն կապված է անձնական զարգացման և մարդու ինքնության ձևավորման գործընթացի հետ որպես ամբողջություն, քանի որ ներկայացնում է մարդու ինքնագիտակցությունը, սեփական ամբողջականության, եզակիության և ժամանակի ընթացքում շարունակականության զգացումը։ Ինքնությունը «ո՞վ եմ ես» հարցի պատասխանի մշտական և կարևոր որոնում է։ Բնականաբար, ուսանողական տարիքը կարևոր դեր է խաղում մասնագիտական ինքնության ձևավորման գործում, քանի որ այն զարգացման կարևորագույն փուլ է, որը ներառում է սեփական անհատականության, մասնագիտական դերի և արժեքների գիտակցումը, որոնք ձևավորվում են ուսուցման և բուհում սոցիալական փոխազդեցության գործընթացի միջոցով։
Անձի ինքնության, «ես»-ի զարգացման և հոգեբանական ճգնաժամերի հաղթահարման կարևոր հարցերը տարիներ շարունակ հոգեբանության ուշադրության կենտրոնում են․ ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնը նույնպես զբաղվում է այս խնդիրները հետազոտություններով։
- Որո՞նք են ուսանողի մասնագիտական ինքնության ձևավորման վրա ազդող հիմնական գործոնները։
- Ուսանողի մասնագիտական ինքնության զարգացման վրա ազդող կոնկրետ գործոնների հստակ բացահայտումը չափազանց դժվար է, քանի որ այն որոշվում է համապատասխան պայմաններով և միջավայրով՝ թե՛ արտաքին (սոցիալ-տնտեսական), թե՛ ներքին (համալսարանական), որոնք պետք է ներդաշնակ լինեն մասնագիտական նորմերի և արժեքների հետ։
Այնուամենայնիվ, կարելի է առանձնացնել գործոնների երկու խումբ. առաջին խումբը ներառում է ուսանողի անհատական առանձնահատկությունները, կրթական գործընթացի և միջավայրի որակը, միջոցների արդիականացումը, ինչպես նաև սոցիալ-մասնագիտական գործոնները, որոնք կապված են մասնագիտության կարգավիճակի և դրա հեռանկարների հետ: Երկրորդ խումբը՝ լրացուցիչ, բայց ոչ պակաս կարևոր գործոնները, ներառում են համալսարանի իմիջը, դասախոսական կազմի հեղինակությունը, խորհրդանիշները, պայմանները և կրթական միջավայրի թվայնացումը, ազգային ավանդույթները, մշակույթը և այլն:
Բացի վերը նշվածից՝ կարևոր է ընդգծել, որ ուսանողի մասնագիտական ինքնության ձևավորումը կապված է ներքին արժեքների և արտաքին խթանների հետ, որտեղ հիմնական դեր են խաղում ուսման և ինքնաիրացման մոտիվացիան, մասնագիտության ներկայիս հեղինակությունը, բարձրորակ մասնագիտացված պատրաստման գործընթացը և կիրառական նշանակությունը։
- Այսօր ուսանողներն ինչպիսի՞ հոգեբանական և սոցիալական մարտահրավերների են բախվում մասնագիտական կողմնորոշման ճանապարհին։
- Վստահ եմ, որ ուսանողները միշտ դժվարությունների են հանդիպել մասնագիտություն ընտրելու, կարիերայի կողմնորոշման և մասնագիտական աճի հարցում։ Բուհի առաջարկած մասնագիտացումների ժամանակակից բազմազանությունը և դրանց շուկայական պահանջարկի անորոշ հատկանիշներ ուսանողների համար ստեղծում են կոմնորոշման չափանիշների մշուշոտ պատկեր՝ ընդգծելով հոգեբանական ներքին գործոնների կարևորությունը, որոնք նպաստում են ամբողջական և իմաստալից մոտեցման պահպանմանը կրթական գործընթացին: Ահա թե որտեղ է անհրաժեշտ, որ ակադեմիական ներգրավվածությունը երևան գա իր գրավչությամբ և շահագրգիռ մեթոդներով: Այնուամենայնիվ, ժամանակակից հետազոտությունների մեծ մասը ներգրավվածությունը մեկնաբանում է որպես ուսանողի նպատակաուղղված վարքի կամ բարձր մոտիվացիայի դրսևորում ուսումնական գործընթացում: Սակայն սա միշտ չէ, որ հնարավորություն է տալիս մեզ հասկանալու ներգրավվածության և մասնագիտական ինքնության միջև կապը, քանի որ սոցիալական և արտաքին գործոնները նույնպես կարևոր դեր ունեն:
- Ինչո՞ւ է ժամանակակից պայմաններում մասնագիտական ինքնության ձևավորումն ավելի բարդ կամ կարևոր դարձել։
- Հաշվի առնելով ներկայիս սոցիալական և տնտեսական փոխակերպումները՝ մասնագիտական ինքնության ձևավորման գործընթացն ավելի բարդ է դարձել, քանի որ մասնագիտական պահանջների, տեխնոլոգիական գործընթացների և շուկայական մարտահրավերների փոփոխությունների տեմպը մեծացրել է երիտասարդների կողմնորոշման դինամիկան։ Այսպիսով, նրանց մասնագիտական ինքնությունը զարգանում է բարձր անորոշության, թվայնացման և արագ փոփոխվող սոցիալական նորմերի համատեքստում։
Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ ուսանողների համար ժամանակակից լրիվ դրույքով կրթությունը դառնում է ուսումնասիրության, փորձերի և սխալների, ինչպես նաև անցումային ընտրության տարածք ու ժամանակահատված: Այս պայմաններում մասնագիտական ինքնության ձևավորումը դառնում է ավելի կտրուկ, և դա կարող է բնութագրվել բարձր կուրսերում մասնագիտական ընկալման պարզության նվազմամբ։
- Պարո՛ն Ավանեսյան, սոցիալական ցանցերն ու թվային միջավայրը փոխե՞լ են երիտասարդների մասնագիտական պատկերացումները։
- Սոցիալական մեդիան և թվային միջավայրը հստակորեն փոխել են երիտասարդների ընկալումները կարիերայի վերաբերյալ, քանի որ առաջնային պլան են մղվել ճկունությունը, անձնական բրենդինգը, ազատության ձգտումը և աշխատանքի ու հանգստի ոչ հստակ սահմանազատումը։ Մի քանի տարի է, ինչ ի հայտ են եկել կարիերայի աճի նոր մոդելներ, ըստ որոնց՝ այսօրվա երիտասարդությունը զբաղվածությունը դիտարկում է որպես նախագծերի վրա հիմնված գործունեություն, որտեղ նրանք կարող են համատեղել ուսումն ու աշխատանքը, ընտրել հեռավար, ազատ աշխատանք (ֆրիլանս), աշխատել ընկերությունում և վարել սեփական բիզնես։
Հետևելով տարածված սոցհարթակներին՝ երիտասարդները տեսնում են իրական կյանքի օրինակներ, թե ինչպես են հոբբիները (բլոգավարություն, դիզայն, գեյմինգը և այլն) դառնում եկամտի հիմնական աղբյուր։ Աշխատանքի այս ձևերը կապված չեն կրթության հետ։ Թվայնացումը նաև ստեղծել է հիբրիդային աշխատանքի նոր ձև և հեռակա աշխատելու հնարավորություն նույնիսկ այլ երկրներում։
- Այսօր երիտասարդների շրջանում ավելի շատ կարևորվում է մասնագիտական կայացո՞ւմը, թե՞ արագ հաջողության հասնելու ցանկությունը։
- Այսօրվա երիտասարդների համար կարևոր է հասնել առաջադրված նպատակներին, ունենալ պահանջված մասնագիտություն և բարեկեցիկ կյանք։ Եվ այս նպատակները ունեն տարբեր ուղիներ։ Դա կախված է յուրաքանչյուր ուսանողի անհատական առանձնահատկություններից, նրանց բնավորությունից, խառնվածքից, ընտանիքից, շրջապատից, կրթական գործընթացից և այլն։ Այո՛, կան «վարակիչ» օրինակներ՝ սրընթաց հաջողություն, հարստության գայթակղություն և սոցիալական բարձր կարգավիճակ։ Այս հատկանիշները կարող են ազդել մասնագիտական զարգացման նկատմամբ վերաբերմունքի վրա։ Եվ այստեղ է, որ ընտանիքի և համալսարանի դերը մեծանում է։
- Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է փոխվում մասնագիտական ինքնության ընկալումը արհեստական բանականության և արագ փոփոխվող աշխատաշուկայի պայմաններում։
- Փոփոխությունները բխում են այն փաստից, որ արհեստական բանականությունը և թվային միջավայրը վերափոխում են ուսանողների մասնագիտական ինքնությունը՝ շեշտը դնելով առօրյա առաջադրանքների կատարումից դեպի ստեղծագործական աշխատանք և քննադատական մտածողություն: Ապագա մասնագետները տեղեկության պասիվ կուտակիչներից անցնում են «մարդ-օպերատորների» դերի, որոնք կառավարում են նեյրոնային ցանցերը, ստուգում իրենց տվյալները և մշակում ռազմավարություններ:
Այնուամենայնիվ, թվայնացման և արհեստական բանականության օգտագործման հետ կապված կան նաև լուրջ մարտահրավերներ: Դրանցից մեկը համացանցից կախվածության ռիսկն է, որը բխում է մտքի և վերլուծական գործընթացները նեյրոնային ցանցերին պատվիրակելուց: Արդեն կան բազմաթիվ օրինակներ, երբ ուսանողները չեն կարողանում ինքնուրույն պատրաստվել քննությանը կամ ռեֆերատ գրել: ԱԲ-ին անվերապահ վստահելը և դրա կիրառությունն ամենուր ուսանողների շրջանում էթիկական խնդիրներ է առաջացնում. որտե՞ղ է ավարտվում անհատական աշխատանքում անձնական ներդրումը, և որտեղի՞ց է սկսվում գրագողությունը: Իսկ հոգեբանական տեսանկյունից կա նաև տեղեկատվության գերբեռնվածության խնդիրը, որը խաթարում է մտածողության գործընթացները և բարդացնում անկախ որոշումների կայացումը։
- Ըստ Ձեզ՝ որ սխալներն են երիտասարդներն ամենահաճախը անում մասնագիտություն ընտրելիս։
- Սխալները տարբեր են լինում․ դրանցից մի քանիսը կարելի է հետագայում ուղղել, իսկ մյուսները հանգեցնում են հոգեբանական անցանկալի հետևանքների: Դպրոցի շրջանավարտները հաճախ ընտրում են իրենց մասնագիտությունը՝ հիմնվելով արտաքին գործոնների կամ կարծրատիպերի վրա, ինչը հանգեցնում է հուզական այրման: Ամենատարածված սխալներից են «մոդայիկ» և հեղինակավոր մասնագիտությունների վրա կենտրոնանալը, ծնողների ճնշումը, ընկերների խորհուրդը, ժամանակակից մասնագիտությունների վերաբերյալ պատրանքները, ավագ դպրոցի սխալ ընտրությունը, համալսարանական դիպլոմ ստանալու շահադիտական ցանկությունը և այլն:
ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնը մի քանի տարի շարունակ զբաղվում է այս հարցերով, մասնավորապես՝ ավագ դպրոցի շրջանավարտների մասնագիտական կողմնորոշմամբ, ուսանողների մասնագիտական ինքնությամբ և մասնագիտական զարգացմամբ։ Այս նպատակով մենք մշակում ենք հոգեբանական գնահատման գործիքներ, թեստեր և երիտասարդների համար հոգեբանական խորհրդատվության գիտական տվյալների վրա հիմնված մոտեցումներ։ Նման խնդիրներից խուսափելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս հույսը դնել սեփական հակումների և ընդունակությունների վրա, ուսումնասիրել իրական աշխատաշուկան և ստուգել սեփական հմտությունները պրակտիկայի միջոցով։
- Հայ երիտասարդների դեպքում կա՞ն առանձնահատուկ խնդիրներ կամ միտումներ մասնագիտական ինքնության ձևավորման տեսանկյունից։
- Վերը նշված բնութագրերը հիմնականում կապված են մեր երկրի հետ, չնայած դրանցից շատերն ունեն ընդհանուր միտում։ Կարելի է ավելացնել մի քանի այլ կոնկրետ գործոններ՝ մասնագիտությունների բազմազանության մասին անտեղյակությունը, սեփական կուռքի հետքերով գնալը, «ընկերության համար» սովորելը, միայն որոշակի վայրում սովորելու ցանկությունը և միայն տեսանելի կողմի վրա կենտրոնանալը, այսինքն՝ մասնագիտության մակերեսային ըմբռնումը։
- Ի՞նչն է օգնում մարդուն գտնել իրեն իր մասնագիտության մեջ։
- Ընդհանուր առմամբ, մասնագիտական ինքնության ձևավորումը ընտրված մասնագիտության արժեքների, նորմերի և դերերի լիարժեք յուրացումն է (ներքինացումը), ինչը տեղի է ունենում նպատակային կրթության (ներառյալ ինքնակրթությունը), իրական գործնական գործունեության և մասնագիտական համայնքի մաս կազմող անձի գիտակցման միջոցով։