August 05, 2026 | 12:30
Science
Education
Student
From literature to artificial intelligence: university community discusses new approaches in humanities
A summer school titled "Literature and Folklore: Interdisciplinary Approaches and Digital Technologies" was held at YSU's Tsaghkadzor Training and Production Base. As part of the program, leading specialists in the field addressed interdisciplinary approaches to research in literature, folklore and related areas, as well as opportunities for applying artificial intelligence and digital tools in the humanities.
Եռօրյա ամառային դպրոցին մասնակցում էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներ, դասախոսներ, հարակից ֆակուլտետներից հրավիրյալ դասախոսներ և բանախոս Գերմանիայից։ Ակադեմիկոս Հր. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչ Նվարդ Վարդանյանի նախաձեռնությամբ կազմակերպված դպրոցն անցկացվում էր Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի՝ հայագետ կադրերի պատրաստման նպատակով տրամադրած դրամաշնորհի շրջանակում:
Դպրոցի առաջին օրվա թեման գրականության և բանահյուսության ուսումնասիրություններում միջգիտակարգային մոտեցումների կիրառությունն էր: Առաջին բանախոսությունը նվիրված էր գրականության և փիլիսոփայության առնչությունների բացահայտմանը: Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Սիլվա Պետրոսյանը հանդես եկավ «Գրական տեքստը՝ որպես փիլիսոփայական խորհրդածությունների դաշտ (Սյորեն Կիերկեգոր)» թեմայով բանախոսությամբ: Ս. Պետրոսյանն անդրադարձավ հայ գրականության մեջ փիլիսոփայական տեսությունների ազդեցության հարցին։ Նա առավել հանգամանալից ներկայացրեց գրական տեքստի և փիլիսոփայության կապը Կիերկեգորի ստեղծագործությունների օրինակով։ Ս. Պետրոսյանի վերլուծությունները բացահայտում էին այս ինքնատիպ գրող-փիլիսոփայի ստեղծագործության շերտերը՝ դրանցում ի հայտ բերելով մարդու մտածական զարգացման փուլերի յուրօրինակ համակարգ:
Հաջորդիվ «Բանավոր մշակույթի լեզվական առանձնահատկությունները. լեզվի «բանահյուսական» գործածությունը» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի պրոֆեսոր Ալվարդ Ջիվանյանը՝ բացահայտելով լեզվի և բանահյուսության որոշ ուշագրավ առնչակցություններ:
Մասնագիտության բերումով լինելով մի քանի գիտակարգերի՝ լեզվի, գրականության և բանահյուսության հատման տիրույթում՝ Ա. Ջիվանյանը, որը նաև թարգմանիչ է, ներկայացրեց հետաքրքիր օրինաչափություններ՝ անդրադառնալով բանահյուսության, գրականության «լեզուների» տարբերություններին ու բանահյուսական տեքստերում բառիմաստի քննության մի շարք ուշարժան օրինակների:
Միջգիտակարգային ուսումնասիրություններին նվիրված դպրոցի առաջին օրվա երկու բանախոսություններն էլ ամփոփվեցին բուռն քննարկումներով:
Ամառային դպրոցի երկրորդ օրվա բանախոսությունները նվիրված էին բանասիրության մեջ թվային գործիքների կիրառությանը: Հիմնական բանախոսն էր Հայ բանասիրության ֆակուլտետի նախկին դասախոս, այժմ Մարտին Լյութերի անվան Հալլե Վիտտենբերգի համալսարանի արևելագիտության ինստիտուտի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Անի Շահնազարյանը։ Նա հանդես եկավ «Թվային հումանիտար գիտությունները ժամանակակից աշխարհում. գործիքներ, մեթոդներ, նախագծեր» խորագրով բանախոսությամբ՝ լսարանին ներկայացնելով հումանիտար գիտության մեջ կիրառվող թվային այն գործիքները, որոնք, վայրկյանների ընթացքում վերլուծելով մեծաքանակ տվյալներ, զգալիորեն դյուրացնում են գիտնականի տեխնիկական աշխատանքը՝ տնտեսելով թե՛ ժամանակը, թե՛ ներդրվող ջանքերը:
Բանախոս Ա. Շահնազարյանը ներկայացրեց թվային գործիքների կիրառման հիմնական մեթոդները աշխարհում իրականացված մի քանի խոշոր նախագծերի և վերջին ութ տարիների ընթացքում իր կատարած աշխատանքների օրինակներով: Բանախոսությունն ավարտվեց լսարանին հետաքրքրող հարցերի քննարկմամբ: Այս համատեքստում կարևորելով ոլորտի նորարարությունների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերումն ու մեծածավալ նյութերի հետ տեխնիկական աշխատանքը դյուրացնելու նպատակով թվային գործիքների օգտագործման հմտությունների զարգացումը՝ դասախոսության մասնակիցներն անդրադարձան նաև թվային գործիքների կիրարկման վտանգներին:
Հետայդու տեղի ունեցավ «Բանասիրությունն արհեստական բանականության դարում. ԱԲ-ն գործի՞ք, կատարո՞ղ, հեղինա՞կ» խորագրով կլոր սեղան-քննարկում, որը վարում էր հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Ալվարդ Սեմիրջյանը: Քննարկման շրջանակում մասնակիցները փորձեցին հասկանալ, թե ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում որտեղ է մարդու ստեղծագործական աշխատանքի և մեքենայական գեներացման սահմանը։ Խաղային մեթոդներով կազմակերպված այս քննարկման ընթացքում մի քանի խմբերի բաժանված մասնակիցները գուշակեցին, թե առաջարկված գրական և քննադատական տեքստերից որի հեղինակն է մարդը, և որ տեքստինը՝ ԱԲ-ն: Խաղի ավարտին քննարկելով ԱԲ-ի կիրառման հնարավոր վտանգները՝ փորձ արվեց ուրվագծելու այն նուրբ սահմանը, որից անդին գիտնականի աշխատանքը որոշակիորեն դյուրացնող գործիքը կարող է ոչ թե օգնել, այլ սահմանափակել հետազոտողի ստեղծագործական մոտեցումները:
Ամառային դպրոցի երրորդ օրն ամփոփվեց պանելային քննարկմամբ՝ «Հայագիտության խնդիրները և զարգացման հեռանկարները» թեմայով, որը վարում էր ԵՊՀ ակադեմիկոս Հր. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչ, դոցենտ Նվարդ Վարդանյանը: Քննարկմանը մասնակցում էին Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, դոցենտ Արշալույս Գալստյանը, նույն ֆակուլտետի դոցենտներ Արմենուհի Արզումանյանը, Վաչագան Ավագյանը, Լիլիթ Սեյրանյանը, Ալվարդ Սեմիրջյանը:
Քննարկման շրջանակում ամփոփվեցին նախորդ երկու օրերի հարցադրումները՝ միաժամանակ բարձրաձայնելով հայագիտությանը վերաբերող այնպիսի խնդիրներ, որոնք դուրս էին մնացել վերոնշյալ քննարկումներից: Հնչեցին հարցեր հայագիտության խնդիրների, գիտակարգերի և դրանց միջև անհրաժեշտ կապի ապահովման, ավանդական և ժամանակակից մեթոդաբանության համադրման, ինչպես նաև զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսները կարևորեցին այն գաղափարը, որ հայագիտության զարգացման համար անհրաժեշտ է համադրել տարբեր գիտակարգերի հնարավորությունները։ Գրականագիտության, բանահյուսության, լեզվաբանության, մշակույթի, պատմության և այլ ոլորտների համագործակցությունը հնարավորություն է տալիս առավել ամբողջական ուսումնասիրելու հայագիտական խնդիրները։



