Պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի առաջին կուրսերի ուսանողները։
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց և բարի գալուստ մաղթեց Պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանը։ Դեկանն իր խոսքում կարևորեց ուսանողների՝ մասնագիտական գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը՝ ընդգծելով Պատմության ֆակուլտետի դերն ու նշանակությունը պետության և հասարակության զարգացման գործում։ Նա առաջինկուրսեցիներին մաղթեց արդյունավետ ուսումնառություն, մասնագիտական առաջընթաց և ակտիվ ներգրավվածություն համալսարանական կյանքում՝ վստահեցնելով, որ ֆակուլտետը պատրաստ է աջակցելու նրանց ուսանողական և մասնագիտական ճանապարհի յուրաքանչյուր փուլում։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև առաջին կուրսի ուսանողներ։ Նրանք վստահեցրին, որ ուսումնառության տարիներին իրենց առջև դրված կարևորագույն նպատակներից է բարձր պատասխանատվությամբ և նվիրումով մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելը և դրանք ի նպաստ պետության ու հասարակության առաջընթացի կիրառելը։
Առաջինկուրսեցիներին ներկայացվեցին կրթական ծրագրերը, ուսումնառության հիմնական սկզբունքները, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև ֆակուլտետի հնարավորություններն ու համալսարանական կյանքում ներգրավվելու ուղիները։
Միջոցառմանը ներկա էին ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի ղեկավարները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և Պատմության ֆակուլտետի գրասենյակի աշխատակիցները։



