September 24, 2026 | 17:00
Կրթություն
Մշակույթ
ԵՊՀ գրապահոցի բաժնի վարիչ Մարիա Առաքելյանը պարգևատրվեց շնորհակալագրով
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալագիր հանձնեց Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի գրապահոցի բաժնի վարիչ, ԵՊՀ երկարամյա աշխատակից Մարիա Առաքելյանին՝ արժևորելով նրա շուրջ կեսդարյա նվիրումը համալսարանին և աշխատանքին:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը բարձր գնահատեց Մարիա Առաքելյանի երկարամյա աշխատանքն ու նվիրվածությունը: Ռեկտորի խոսքով՝ այդ աշխատանքը ԵՊՀ գիտակրթական գործունեության արդյունավետ կազմակերպման արտաքուստ չերևացող, սակայն կարևորագույն բաղադրիչներից է:
Մարիա Առաքելյանը տասնամյակներ շարունակ մասնակցել է գրադարանի շահառուների պատվերների արտագրադարանային սպասարկման աշխատանքներին, ապա նաև ղեկավարել դրանք՝ ապահովելով պատվերների տրամադրումը ընթերցողներին, կազմակերպելով վերադարձված գրականության դասավորումը, նոր ստացված գրքերի ընդունումն ու սպասարկումը: Այս գործընթացի անբաժան մասն են կազմել նաև արդիականությունը կորցրած և մաշված գրականության զտման աշխատանքները:
Պարգևատրման արարողությանը ներկա էին ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը, Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանը, ինչպես նաև Մարիա Առաքելյանի գործընկերները:
Հավելենք՝ Մարիա Առաքելյանը համալսարանում ծավալած երկարամյա անբասիր գործունեության, գրադարանի զարգացման և կայացման գործում ունեցած մեծ վաստակի համար արդեն իսկ պարգևատրվել է ԵՊՀ ոսկե և արծաթե մեդալներով: