October 07, 2026 | 12:59
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
Կրթությունից դեպի աշխատաշուկա․ ուսանողի հայացքը մասնագիտական զարգացման հնարավորություններին
Այսօր բարձրագույն կրթության կարևոր խնդիրներից մեկը ուսանողի ստացած գիտելիքը աշխատաշուկայի պահանջների հետ կապելն է։ Համալսարան–գործատու համագործակցությունը, մասնագիտական կողմնորոշմանն ուղղված նախաձեռնությունները, ոչ ֆորմալ կրթությունը, կամավորությունն ու նախագծային աշխատանքները կարող են կարևոր դեր ունենալ ուսանողների մասնագիտական զարգացման և ապագա կարիերայի ձևավորման գործում։ Այս թեմաների շուրջ զրուցել ենք ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» կրթական ծրագրի ուսանող Արիանա Պետրոսյանի հետ։
- Արիա՛նա, Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է կարևոր, որ բարձրագույն կրթությունը համապատասխանի աշխատաշուկայի պահանջներին։
- Կրթությունը պետք է սերտորեն կապված լինի աշխատաշուկայի պահանջների հետ։ Միայն գիտելիքի փոխանցումը բավարար չէ․ կարևոր է, որ ուսանողը կարողանա ձեռք բերած գիտելիքը կիրառել իրական մասնագիտական միջավայրում և պատկերացում կազմի այն հմտությունների ու կարողությունների մասին, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում հաջողելու համար։
- Ի՞նչ դեր կարող են ունենալ այսօրինակ միջոցառումները ուսանողների մասնագիտական կողմնորոշման և ապագա կարիերայի ձևավորման գործընթացում։
- Նման միջոցառումները ուսանողներին հնարավորություն են տալիս անմիջականորեն ծանոթանալու մասնագիտական տարբեր ուղղությունների, կազմակերպությունների և հնարավորությունների։ Դրանք կարող են օգնել երիտասարդներին ավելի հստակ պատկերացնելու իրենց մասնագիտական հետաքրքրությունները, շփվելու ոլորտի ներկայացուցիչների հետ և կողմնորոշվելու կարիերայի հարցում։
- Մասնագիտական գիտելիքներից բացի՝ ի՞նչ հմտություններ են այսօր առավել պահանջված երիտասարդ մասնագետների շրջանում։
- Հատկապես կարևոր են հաղորդակցական հմտությունները։ Մասնագիտական գիտելիքն անհրաժեշտ հիմք է, սակայն ժամանակակից աշխատաշուկայում կարևոր են նաև մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու, թիմում աշխատելու, սեփական մտքերը հստակ ներկայացնելու և տարբեր իրավիճակներում համագործակցելու կարողությունները։
- Ինչպե՞ս կարող է համալսարան-գործատու համագործակցությունն օգնել ուսանողի ստացած գիտելիքը իրական մասնագիտական փորձի վերածելուն։
- Այդ նպատակին հասնելու արդյունավետ ճանապարհներից մեկը համալսարանների և գործատուների համատեղ ծրագրերի իրականացումն է։ Ուսանողների համար կարևոր է հնարավորություն ստեղծել ոչ միայն տեսական գիտելիք ստանալու, այլև գործնական միջավայրում այն կիրառելու, մասնագետների հետ շփվելու և իրական աշխատանքային գործընթացներին ծանոթանալու համար։
- Ձեր կարծիքով՝ ո՞րն է ամենամեծ մարտահրավերը, որին այսօր բախվում են ուսանողները աշխատաշուկա մտնելիս։
- Հիմնական մարտահրավերներից մեկը աշխատանքային փորձի պակասն է։ Երիտասարդներից շատերն ունեն անհրաժեշտ տեսական գիտելիքներ, սակայն աշխատանքի առաջին փուլում դժվարանում են դրանք գործնականում կիրառել։ Այս համատեքստում կարևոր են համալսարանների և գործատուների համատեղ ծրագրերը, որոնք կարող են ուսանողներին հնարավորություն տալ դեռևս ուսումնառության ընթացքում ձեռք բերելու գործնական փորձ և ավելի պատրաստված մտնելու աշխատաշուկա։
- Որքանո՞վ են կարևոր ուսանողների համար ոչ ֆորմալ կրթությունը, կամավորությունը և նախագծային աշխատանքը։
- Կարևոր է, որ երիտասարդը հնարավորություն ունենա տարբեր ոլորտներ փորձելու։ Նա կարող է մասնակցել տարբեր ծրագրերի, իրականացնել նախագծեր, ներգրավվել կամավորական աշխատանքներում, շփվել տարբեր մարդկանց հետ՝ հասկանալու, թե որ ուղղությամբ է ցանկանում զարգանալ։ Նման գործունեության միջոցով ձևավորվում են պատասխանատվության, համագործակցության և ինքնուրույն գործելու կարողություններ։ Շատ հաճախ սեփական ճանապարհը գտնում ենք ոչ թե միայն մտածելով, այլև փորձելով ու գործելով։
- Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է վերցնի իր հետ այսօրվա «ԲանՈՒԳործ» էքսպոյից յուրաքանչյուր ուսանող՝ բացի նոր ծանոթություններից և նոր տեղեկություններից։
- Կարծում եմ՝ յուրաքանչյուր ուսանող այստեղից պետք է վերցնի գոնե մեկ կոնկրետ հաջորդ քայլ։ Դա կարող է լինել ինքնակենսագրական ուղարկելը, որևէ նոր ոլորտ փորձելը, որևէ կազմակերպության հետ կապ հաստատելը կամ պարզապես հասկանալը, թե ինչ ուղղությամբ է ցանկանում զարգանալ։ Ի վերջո, հնարավորությունը արժեքավոր է դառնում այն ժամանակ, երբ մենք ինքներս որոշում ենք օգտագործել այն։