October 08, 2026 | 16:07
Գիտություն
Կոնֆերանսներ
Հայերենագիտության արդի հիմնահարցեր․ Հրաչյա Աճառյանի գիտական ժառանգությունից մինչև հայերենի թվայնացման նորարարական հեռանկարներ
Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի և Հայերենագիտական հետազոտությունների լաբորատորիայի համատեղ նախաձեռնությամբ ԵՊՀ-ում մեկնարկել է մեծավաստակ հայագետ, լեզվաբան, գիտնական, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը։ Եռօրյա գիտաժողովը մեկ հարկի տակ է համախմբել Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոնների գիտնականներին՝ քննարկելու և վերարժևորելու աճառյանական հարուստ գիտական ժառանգությունը՝ ընդգծելով արդի հայերենագիտության նորարարական ուսումնասիրությունները, գիտական բացահայտումներն ու լեզվական տվյալների թվայնացման հեռանկարները:
Գիտաժողովին զիկուցումներով մասնակցում են ՀՀ-ի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Դանիայի և այլ երկրների գիտահետազոտական առաջատար հաստատությունների գիտնականներ: Հրավիրյալ զեկուցողների թվում են միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ Բիրգիտ Օլսենը, Հելեն Գիունաշվիլին, Յոստ Գիպերտը, Անահիտ Տօնապետեան-Տէմոփուլոսը և ուրիշներ:
Հրաչյա Աճառյան գիտնականը և համալսարանականը
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը նշեց, որ միջազգային գիտաժողովը հնարավորություն է՝ ևս մեկ անգամ արժևորելու մեծավաստակ հայագետի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև անդրադառնալու հայոց լեզվի պատմության տարբեր բնագավառներին նվիրված աճառյանական բազմաբնույթ աշխատություններին։
Նրա խոսքով՝ միջազգային ձևաչափով գիտաժողովի անցկացումն ունի նաև ռազմավարական և գիտագործնական նշանակություն հայագիտության զարգացման գործում՝ հնարավորություն տալով մեկ հարթակում համախմբելու աշխարհի տարբեր հայագիտական կենտրոնների մասնագետներին և խթանելու գիտական նոր համագործակցությունները։
Առանձնահատուկ ընդգծվեց Հր. Աճառյանի՝ որպես համալսարանական գիտնականի դերը։ Նրա բազմակողմանի գիտելիքներն ու բազմաթիվ լեզուների իմացությունը հնարավորություն էին տալիս ԵՊՀ-ում դասավանդելու լեզվաբանության ներածություն, հայոց լեզվի պատմություն, համեմատական քերականություն, գրաբարագիտություն, հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն, ինչպես նաև արևելյան լեզուներ։
«Աճառյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում»,- նշվեց ելույթում։
Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը մատնանշեց, որ գիտաժողովի կազմակերպման սկզբնական փուլում որոշակի մտավախություն կար՝ արդյոք հնարավոր կլինի՞ նախատեսված շրջանակով համախմբել հայագիտական աշխարհի մասնագետներին։ Սակայն գիտաժողովի նկատմամբ միջազգային արձագանքը գերազանցեց սպասումները։
«Չափազանց մեծ էր արձագանքը, չափազանց շատ էր Հրաչյա Աճառյանի ազդեցությունը հայագիտության ամենատարբեր ոլորտների վրա»,- ասաց նա։
Ա. Գալստյանի խոսքով՝ գիտաժողովի եռօրյա ծրագրում ընդգրկված զեկուցումները հնարավորություն են տալիս տարբեր տեսանկյուններից անդրադառնալու Աճառյանի գիտական ժառանգությանը և ըստ արժանվույն գնահատելու նրա ներդրումը հայագիտության զարգացման գործում։
Նա անդրադարձավ նաև Աճառյանի գիտամանկավարժական գործունեությանը։ Սորբոնի համալսարանում ուսումից հետո գիտնականի ակտիվ մանկավարժական աշխատանքը զուգորդվեց գիտական բեղուն գործունեության հետ, որի արդյունքը դարձան բազմաթիվ արժեքավոր հայագիտական աշխատություններ։
«Հրաչյա Աճառյանը մեզ համար առանձնանում է նաև որպես համալսարանական: Չափազանց մեծ է նրա դերը համալսարանական կրթության ու գիտության զարգացման գործում: Այս միջազգային գիտաժողովը մեծ գիտնականին ըստ արժանվույն գնահատելու ևս մեկ փորձ է»,- ամփոփեց Արշալույս Գալստյանը։
Հրաչյա Աճառյանը՝ նորարար
ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը Հր. Աճառյանի գիտական ժառանգության կենսունակությունը ներկայացրեց նաև իր մասնագիտական փորձառության օրինակով։ Նրա խոսքով՝ Հր. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը» շարունակում է մնալ իր առօրյա աշխատանքային գրքերից մեկը, որը նա կարևորեց որպես հայերեն տեքստ գրելու և հայերեն մտածելու համար անհրաժեշտ ու առաջնահերթ գործիք։
«Ինձ թվում է՝ ցանկացած գիտնականի համար մեծագույն երջանկություն է, երբ ստեղծում է այնպիսի աշխատություն, որը իր մահվանից 100 տարի անց ոչ միայն մնում է արժեքավոր, այլև դառնում է առօրյայի մաս»,- ասաց նա։
Ս. Դվոյանը կարևորեց Հր. Աճառյանի առանձնահատկությունը՝ հիմնարար գիտությունը համադրելու նորարարական մոտեցման հետ։
«Աճառյանը նորարար էր: Նա, արմատական ու հիմնարար գործ անելով, միևնույն ժամանակ նորարար էր»,- նշեց Սիրանուշ Դվոյանը՝ այս դիտարկումը կապելով նաև ժամանակակից գիտության առջև ծառացած հարցերի հետ, հատկապես՝ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում։
«Ի՞նչ գիտություն պիտի ստեղծենք, որ նորարար լինի ու միևնույն ժամանակ հիմնարար»,- հարցադրում արեց Ս. Դվոյանը՝ ընդգծելով, որ Հր.Աճառյանի գիտական ավանդույթը պետք է շարունակել արդեն տեխնոլոգիական և մեթոդաբանական նոր հնարավորությունների պայմաններում։
Սիրանուշ Դվոյանը շեշտեց նաև, որ Աճառյանի 150-ամյակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական միջոցառումների շարքում։ Հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվում են միջոցառումներ ինչպես Հայաստանում և Սփյուռքում, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Քննարկվում է նաև Փարիզում՝ Աճառյանի բնակության վայրում, հուշատախտակի տեղադրման հարցը։
Հրաչյա Աճառյանի ժառանգությունը՝ միջազգային հայագիտության զարգացման հենք
Գիտաժողովի համակազմակերպիչ, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագրի» գիտական ղեկավար Հրաչ Մարտիրոսյանն ընդգծեց Աճառյանի ժառանգության արժևորման ոչ միայն ազգային, այլև միջազգային գիտական նշանակությունը։
«Աճառյանը խաչմերուկային է հայագիտության բոլոր գիտակարգերի միջև, նաև հայագիտության՝ ոչ միայն հայ լեզվաբանության, այլև ընդարձակ ձևով»,- նշեց նա։
Հր. Մարտիրոսյանի խոսքով՝ Աճառյանի՝ կոթողային նշանակություն ունեցող բառարանային և լեզվաբանական աշխատությունները հայագիտության հիմնարար հենքն են։ Միաժամանակ, դրանց մեծ մասը ստեղծվել է հայերենով և դեռևս բավարար չափով հասանելի չէ միջազգային լայն գիտական հանրությանը։
«Նրա աշխատանքները քիչ են հասու միջազգային լայն գիտական հանրությանը։ Իհարկե, լուրջ հայագետները գիտեն, օգտվում են, բայց դա շատ փոքր մասն է»,- ասաց նա։
Այս առումով գիտաժողովի կարևոր նպատակներից է Աճառյանի գիտական ժառանգությունը Հայաստանի սահմաններից դուրս առավել լայն գիտական շրջանառության մեջ դնելը։ Նախատեսվում է գիտաժողովի արդյունքներով հրատարակել անգլերեն ժողովածու, որի սկզբում կներկայացվի Աճառյանի ամբողջական մատենագիտությունը՝ միջազգային գիտական հանրության համար հասանելի ձևաչափով։
«Միջազգային գիտաժողովը ևս ուղղված է նրան, որ հայագիտությունը զարգանա ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս»,- ընդգծեց Հր. Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ Աճառյանի ժառանգությունն ի սկզբանե ունեցել է միջազգային նշանակություն։ Հայերենը հնդեվրոպական լեզու է, և հայերենի լեզվանյութը կարևոր է հնդեվրոպական լեզվաբանության ուսումնասիրության համար։ Հր. Աճառյանի՝ հայոց լեզվի պատմությանը, ստուգաբանությանը, բարբառներին և բառարանագրությանը նվիրված աշխատություններն այս առումով արժեքավոր են ոչ միայն հայագիտության, այլև միջազգային լեզվաբանական ուսումնասիրությունների համար։
«Աճառյանը իր ժամանակաշրջանում ստեղծեց այնպիսի գիտություն, որը դուրս էր նաև Հայաստանի սահմաններից»,- ընդգծեց Հր. Մարտիրոսյանը։
Ավանդույթը՝ թվային միջավայրում
Փարիզում Արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ինստիտուտի (INALCO) դոցենտ Վիկտորյա Խուրշուդյանը ներկայացրեց հայերենի լեզվական ժառանգության թվայնացման աշխատանքները՝ հայերենի բազմատարբերակ կորպուսի և տվյալների մշակման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ Հր. Աճառյանի ստեղծած հսկայական լեզվական և գիտական նյութի թվայնացումը հնարավորություն է տալիս այն նոր մեթոդներով ուսումնասիրելու և առավել լայնորեն հասանելի դարձնելու։
«Աճառյանը ստեղծել է մեծաքանակ նյութ՝ թե՛ լեզվական, թե՛ գիտական: Դրա թվայնացումը հնարավորություն կընձեռի շատ ավելի հեշտ մշակելու ներկայում գոյություն ունեցող նյութերը»,- նշեց նա։
Ներկայում կատարվում է հայերենի տարբեր պատմական և ժամանակակից տարբերակների՝ գրաբարի, միջին հայերենի, արևմտահայերենի և բարբառների կորպուսների ստեղծման աշխատանք։ Նախատեսվում է ձևավորել գործիքներ, որոնք հնարավորություն կտան կիրառելու խոսքի ճանաչման, ավտոմատ անոտացման և այլ ժամանակակից տեխնոլոգիաներ։
Աճառյանի՝ լեզվական նյութի հավաքագրման, համակարգման և ուսումնասիրության ավանդույթը շարունակվում է արդեն թվային միջավայրում։
Հրաչյա Աճառյանը՝ ընտանեկան հիշողության մեջ
Հրաչյա Աճառյանի ծոռ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անի Աճառյանը ներկայացրեց գիտնականի կյանքի ընտանեկան էջերը՝ հիմնվելով տատիկից՝ Քնարիկ Աճառյանից փոխանցված հուշերի վրա։
Նրա խոսքով՝ գիտական հսկայական ժառանգության կողքին Հր. Աճառյանը ընտանիքի համար եղել է սիրող ամուսին, հայր, լավ ընկեր և հումորով մարդ։
«Չնայած ճակատագրի մատուցած դաժան անակնկալներին՝ Աճառյանը մշտապես պահպանել է մարդկային բարձր հատկանիշներ, երբեք չի կորցրել հումորը»,- նշեց Անի Աճառյանը։
Ընտանեկան հիշողություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Աճառյանի կինը՝ Սոֆիկը, որը նրա կողքին է եղել կյանքի ամենածանր տարիներին։ 1937 թվականի ձերբակալությունից հետո նա կարողացել է փրկել գիտնականի ձեռագրերի մի մասը՝ դրանք թաքցնելով։ Փրկված ձեռագրերի թվում էր «Հայոց անձնանունների բառարանը»։
Անի Աճառյանն անդրադարձավ նաև գիտնականի նկատմամբ խորհրդային տարիներին իրականացված ճնշումներին, համալսարանից հեռացմանը և գիտական աշխատանքների խոչընդոտմանը։ Սակայն այդ ամենի պայմաններում Աճառյանը շարունակել է գիտական և մանկավարժական գործունեությունը։
«Աճառյանն այլ կերպ ապրել չէր կարող»,- փոխանցեց նա՝ պատմելով, որ անգամ բժիշկների՝ գիտությամբ չզբաղվելու հորդորներից հետո գիտնականը շարունակել է դասավանդել և աշխատել։
Գիտնականի կյանքի վերջին տարիներին համալսարանը նրան հնարավորություն էր տվել դասերն անցկացնելու տանը։ Ընտանեկան հուշերից մեկում պատմվում է, որ Աճառյանը համալսարանի մուտքը երեք անգամ համբուրում էր՝ այն ընկալելով որպես սրբավայր։
Անի Աճառյանը խոսեց նաև Աճառյանի տուն-թանգարան ստեղծելու ընտանիքի երկարամյա երազանքի մասին՝ ընդգծելով, որ այն կարող է դառնալ մասնագետների, հետազոտողների և դպրոցականների հանդիպման ու գիտական հաղորդակցության վայր։
Գիտաժողովը՝ որպես մարտահրավերներին արձագանքող հարթակ
Գիտաժողովին հնչեցին նաև զեկուցումներ, որոնցով գիտնականները բարձրաձայնեցին հայերենի առջև ծառացած խնդիրների մասին: Փարիզում Արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ինստիտուտի (INALCO) հայագիտական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անահիտ Տօնապետեան-Տէմոփուլոսը ներկայացրեց «Արեւմտահայերէնի 21-րդ դարի մարտահրաւէրների եւ Սփիւռքի մէջ յառաջացած որոշ նախաձեռնութիւնների մասին» զեկուցումը՝ անդրադառնալով Սփյուռքում հայերենի պահպանման խնդիրներին: Նա ներկայացրեց նաև հայագիտության ամբիոնի կատարած աշխատանքը՝ տեղեկացնելով, որ առկա մարտահրավերներին դիմակայելուն ուղղված քայլերից են նաև միջազգային հայագիտության մագիստրոսական կրթական ծրագրի մշակումն ու ներդրումը: Ծրագիրը շրջանավարտներին շնորհում է միջազգային հայագետի որակավորում, ունի կիրառական նշանակություն: Դիմորդների թվում են աշխարհի տարբեր երկրներից հայերենով հետաքրքրվող ուսանողներ: Ծրագիրը մշակելիս խնդիր էին դրել, որ հայերենը, ազգասիրության դրսևորում և որպես սրբություն ընկալելուց բացի, ունենա նաև կիրառական նշանակություն, ստացած մասնագիտացումը դառնա գործիք:
Գիտաժողովի առաջին նիստը նվիրված էր Հրաչյա Աճառյանի կյանքի, գիտամանկավարժական գործունեության և հարուստ վաստակի բազմակողմանի քննությանը: Անդրադարձ կատարվեց նրա ընտանեկան կյանքի հուշերին, Երևանի պետական համալսարանում ունեցած վաստակին, ինչպես նաև խորհրդային տարիների բռնաճնշումներին ու ՆԳԺԿ-ի կողմից հարուցված քրեական գործի մանրամասներին, որտեղ գիտնականի հեղինակությունն ու վաստակն առանձնահատուկ դեր են ունեցել:
Երևան են հանվել Աճառյանի՝ որպես ընդհանուր և համեմատական լեզվաբանության տեսաբանի, իրանագետի, հայատառ այլալեզու գրականության համատեքստում Աճառյանի հայեցակարգերի դերակատարումը, վերարժևորվել նրա գիտական մեծ ժառանգությունը:
Միջգիտակարգային ուսումնասիրություններ և ստուգաբանական նոր հորիզոններ
Գիտաժողովի օրակարգում առանցքային տեղ են զբաղեցնում միջգիտակարգային հետազոտությունները, որտեղ լեզվաբանությունը հատվում է պատմագիտության, աղբյուրագիտության, ազգագրության, բանահյուսության և առասպելաբանության հետ:
Ծրագրում ներառված են զեկուցումներ՝ նվիրված հայոց ցեղանուններին, Հունաբան դպրոցի ավանդույթներին ու փոխակերպումներին, ինչպես նաև հայերենի ստուգաբանական առանձին խնդիրներին (այդ թվում՝ եվրոպական, իրանական և փոխառյալ այլ բառաշերտերի քննությանը): Հետազոտողների ուշադրության կենտրոնում են նաև Արցախի ու Կովկասի տեղանունները, Փոքր Հայքի հնագույն հիդրոնիմներն ու տեղանունները, ինչպես նաև ստորին առասպելաբանական կերպարանունների ու ծիսախաղային բառապաշարի ստուգաբանական քննությունը:
Աղբյուրագիտություն, բարբառագիտություն և իրանագիտություն
Առաջիկա նիստերի ընթացքում մասնակիցները կանդրադառնան հայերեն ձեռագրերի գիտական նկարագրության ավանդույթներին, չթվագրված ձեռագրերի թվագրման մեթոդաբանությանը, վիմագրերի համահավաքներին և անձնանունների բառարանի ու հիշատակարանների կորպուսի առնչություններին:
Բարբառագիտական ուղղությամբ կքննվեն Աճառյանի բարբառագիտական վաստակը, «Քննութիւն Նոր-Ջուղայի բարբառի» աշխատությունը, ինչպես նաև ժամանակակից նոր մեթոդների կիրառումը հայ բարբառագիտության մեջ (օրինակ՝ ձայնավորների արտասանության ու ընկալման հետազոտությունը):
Իրանագիտությանը նվիրված նիստերում կվերարժևորվի Հր․ Աճառյանի ավանդը պարսկական գրականության թարգմանության համատեքստում, կներկայացվեն պարսկական դասական գրականության թարգմանական մեթոդները, հայ-պարսկական առնչությունների վավերագրերը, Սասանյան շրջանի անձնանուններն ու պատմական հայկական տեղանունների նույնացումները արևելյան բնագրերում:
Բառարանագրություն, մշակութաբանություն, լեզվական բնաշխարհ
Գիտաժողովի ծրագրով նախատեսվում են անդրադարձներ Հր. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» կազմման սկզբունքներին, այլ լեզուների (օրինակ՝ ալբաներենի, անգլերենի) հետ համեմատական քննությանը, ինչպես նաև բառարաններին՝ որպես արհեստների, զբաղմունքների ու մշակութային իրողությունների ուսումնասիրության սկզբնաղբյուրի:
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում «Հայոց լեզուն, բնաշխարհը և մշակույթը Հայկական լեռնաշխարհի համատեքստում» (ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր», ԵՊՀ, Հայերենագիտական հետազոտությունների լաբորատորիա) նախագծային զեկուցումների շարքը, որտեղ կներկայացվեն հայկական խոհանոցի պատմական զարգացման փուլերը, երաժշտական գործիքների անվանումները, կրկնավոր բառերն ու թվականները, ինչպես նաև Աճառյանի ներդրումը տեղանվանագիտության մեջ:
Ժառանգության թվայնացում և հաշվողական հեռանկարներ
Հայերենագիտության արդիականացման առանցքային ուղղություններից է հայերենի լեզվական ժառանգության թվայնացումը: Գիտաժողովի եզրափակիչ նիստում մանրամասն կքննարկվեն հայերենի բազմատարբերակ կորպուսի ստեղծման, տվյալների մշակման, Աճառյանի իմացաբանական համակարգի հաշվողական հեռանկարների և աճառյանական հարուստ ժառանգության թվայնացման ու արդի հարթակներում ներկայացման խնդիրներն ու հեռանկարները:
Գիտաժողովի շրջանակում կատարված ուսումնասիրությունները և համընդգրկուն ծրագիրը փաստում են, որ Հրաչյա Աճառյանի թողած ժառանգությունը ոչ միայն պատմական ու գիտական մեծ արժեք ունի, այլև շարունակում է ժամանակակից թվային ու միջգիտակարգային հետազոտությունների համար մնալ որպես անսպառ աղբյուր: Նրա հիմնարար աշխատությունները շարունակում են ուսումնասիրվել, թվայնացվել և նոր մեթոդներով զարգացվել՝ հայագիտությունը միջազգային գիտական միջավայրում առավել տեսանելի և հասանելի դարձնելու նպատակով։
Գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 10-ին: