- Գլխավոր
- Նորություններ
- Ժամանակակից ռուսագիտությունը՝ լեզվի փոփոխությունից մինչև արհեստական բանականություն
Հոկտեմբեր 08, 2026 | 15:26
Գիտություն
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
Ժամանակակից ռուսագիտությունը՝ լեզվի փոփոխությունից մինչև արհեստական բանականություն
Ավանդական լեզվաբանական և գրականագիտական ուսումնասիրությունները շարունակում են պահպանել իրենց նշանակությունը, սակայն դրանց կողքին արագորեն զարգանում են նոր ուղղություններ՝ թվային լեզվաբանություն, մեդիադիսկուրս, արհեստական բանականություն, միջմշակութային հաղորդակցություն և կրթական նոր տեխնոլոգիաներ։ ԵՊՀ-ում անցկացվող գիտաժողովը՝ որպես ավանդույթների, նորարարությունների և միջգիտակարգային երկխոսություն, համախմբել է տարբեր երկրների գիտնականների, դասախոսների, հետազոտողների, երիտասարդ գիտնականների և ուսանողների՝ վերլուծելու ժամանակակից ռուսագիտության արդի հիմնախնդիրները:
«Ռուսագիտությունը ժամանակակից աշխարհում» միջազգային գիտաժողովը մեկ հարկի տակ է համախմբել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Չեխիայի, Լեհաստանի, Իտալիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Սլովակիայի, Ուզբեկստանի, Չինաստանի, Լատվիայի և այլ երկրների գիտնականների, դասախոսների, երիտասարդ հետազոտողների և ուսանողների։
Հոկտեմբերի 8–9 անցկացվող գիտաժողովի ծրագիրն ընդգրկում է ժամանակակից ռուսագիտության տարբեր ուղղություններ՝ ռուս գրականության պատմություն, ժամանակակից ռուսերենի փոփոխություններ, բառաստեղծում, արհեստական բանականության ազդեցությունը լեզվի և կրթության վրա, թարգմանագիտություն, միջմշակութային հաղորդակցություն, ինչպես նաև ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու ավանդույթներն ու նորարարությունները։
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ընդգծելով գիտաժողովի արդիականությունը, նշեց, որ հիսուն տարին, մի կողմից, պատմություն է մարդկանց, գիտական դպրոցների, հետազոտությունների և սերունդների մասին, իսկ մյուս կողմից՝ պատմություն է հասարակության հետ մեկտեղ փոփոխվող լեզվի մասին: Նոր տեխնոլոգիաներին, հաղորդակցության ձևերին և սոցիալ-մշակութային գործընթացներին արձագանքելով՝ լեզուն մեզ օգնում է հասկանալու միմյանց մի աշխարհում, որն ավելի փոխկապակցված, բայց նաև ավելի բարդ է դառնում։ Ըստ Է. Ասրիյանի՝ թվային դարաշրջանում, երբ արհեստական բանականությունը գրում և թարգմանում է տեքստեր, իսկ որոշ դեպքերում նաև ընդօրինակում մարդու խոսքն ու ստեղծագործական աշխատանքը, բանասիրության նշանակությունը միայն մեծանում է։
«Լիահույս ենք, որ երկօրյա այս գիտաժողովը կվերածվի ոչ միայն հետազոտությունների արդյունքները ներկայացնելու հնարավորության, այլև գիտական իրական երկխոսության՝ նոր հարցադրումներով, նոր գաղափարներով և նոր մարդկանցով»,- նշեց պրոռեկտոր Էլինա Ասրիյանը:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը՝ հիմնադրումից մինչև մեր օրերը՝ անդրադառնալով դրա գիտական, կրթական և մշակութային գործունեությանը։ Նա մասնավորապես մատնանշեց ֆակուլտետի դերը Հայաստանի գիտակրթական և մշակութային կյանքում։
«Գիտաժողովին մասնակցում են ավելի քան 180 մասնագետներ աշխարհի 15 երկրներից, որոնց թվում՝ մոտ քառասուն դոկտորներ, իննսուն դոցենտներ: Հատկապես ոգևորիչ է այն փաստը, որ մեր գիտաժողովին մասնակցում է երիտասարդ սերունդը՝ ասպիրանտներ, հետազոտողներ: Մենք ունենք նաև մասնակիցներ ինչպես ԵՊՀ հարակից ֆակուլտետներից, այնպես էլ ՀՀ մյուս բուհերից: Սա վառ ապացույցն է այն բանի, որ Ռուս բանասիրության ֆակուլտետն ու Երևանի պետական համալսարանը շարունակում են լինել ակադեմիական ավանդույթների, նոր մտահղացումների և մշակույթների խաչմերուկ»,- ընդգծեց Դիանա Գազարովան:
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, ՀՀ-ում ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաևը:
«50 տարվա պատմությունը շատ բան է ասում. Ռուս բանասիրության ֆակուլտետի հարյուրավոր, անգամ հազարավոր շրջանավարտներ ամբողջ աշխարհում աշխատում են որպես ռուսաց լեզվի թարգմանիչներ, ուսուցիչներ: Այդ համայնքը միավորում է ԵՊՀ-ն, մասնավորապես՝ Ռուս բանասիրության ֆակուլտետը»,- ասաց Միխայիլ Վոժդաևը:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության՝ Երևանի «Ռուսական տան» տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը ներկայացրեց հայ-ռուսական գիտակրթական համագործակցության որոշ դրվագներ՝ օլիմպիադաներ, ամառային դպրոցներ, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ ու համատեղ այլ նախագծեր:
Լիագումար նիստում առանցքային զեկուցումներով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ ԳԱ Վ. Վ. Վինոգրադովի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ռուսաց խոսքի մշակույթի բաժնի վարիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ուղղագրության հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Շմելյովը, ապա Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի սոցիոլեզվաբանության լաբորատորիայի վարիչ, Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի լեզվական կոնֆլիկտոլոգիայի և ժամանակակից հաղորդակցման պրակտիկայի հետազոտական-ուսումնական լաբորատորիայի վարիչ, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Կրոնգաուզը:
Պրոֆեսոր Ալեքսեյ Շմելյովը հանդես եկավ «Ключевые слова художественного текста и проблемы перевода» («Գեղարվեստական տեքստի բանալի բառերն ու թարգմանության խնդիրները»), իսկ պրոֆեսոր Մաքսիմ Կրոնգաուզը՝ «Субстандарт как питательная среда» («Սուբստանդարտը՝ որպես սնուցող միջավայր») թեմաներով զեկուցումներով՝ շեշտադրելով ժամանակակից ռուսերենի, գեղարվեստական տեքստի և խոսքի մշակույթի խնդիրները:
Գիտաժողովի բացմանը արդեն իսկ ուրվագծվեցին առանցքային երկու թեմաները՝ լեզվի շարունակական փոփոխությունը և այդ փոփոխությունների դրսևորումները ժամանակակից հաղորդակցական ու մշակութային միջավայրում։ Ներկայացվող թեմաներն ու դրանց փոխկապակցվածությունը փաստում են, որ լեզուն, գրականությունը, կրթությունը, մեդիան, տեխնոլոգիան և մշակույթը չեն կարող ուսումնասիրվել միմյանցից անկախ: Ժամանակակից գիտության հիմնական մարտահրավերը հենց այդ փոխկապակցվածությունը հասկանալն է՝ պահպանելով լեզվի և գրականության գիտական ուսումնասիրության ավանդույթներն ու միաժամանակ արձագանքելով այն փոփոխություններին, որոնք պայմանավորված են թվային դարաշրջանով, մեդիամիջավայրով և արհեստական բանականությամբ։
Տարբեր երկրների ռուսագետների գիտական երկխոսությունն այս իմաստով ոչ միայն ամփոփելու է ոլորտում կատարվող գործընթացները, այլև ուրվագծելու է զարգացման հնարավոր ուղղությունները։
Գիտաժողովի թեմատիկ բազմազանությունը միաժամանակ ընդգծում է ռուսերենի և ռուս գրականության միջազգային գիտական տարածքի ընդարձակությունը։ Հայաստանի և տարբեր երկրների հետազոտողների մասնակցությունը ստեղծում է փորձի փոխանակման և գիտական երկխոսության հնարավորություն՝ ռուսագիտությունը ներկայացնելով որպես ոչ միայն լեզվի կամ գրականության ուսումնասիրության ոլորտ, այլև տարբեր մշակույթների, հասարակությունների և գիտական դպրոցների հանդիպում։












