Միջազգային գիտական համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում հետազոտությունների զարգացման, գիտական արդյունքների միջազգային տարածման և համատեղ ծրագրերի իրականացման համար։ Այս ուղղությամբ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շարունակում է ընդլայնել գործընկերային կապերը եվրոպական համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և ֆակուլտետի գրասենյակի ղեկավար, դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը ս.թ. հոկտեմբերի 19-26-ը աշխատանքային այցով գտնվում էին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։ Այցի նպատակն էր զարգացնել Վրոցլավի շրջակա միջավայրի և կյանքի մասին գիտությունների համալսարանի հետ ձևավորված գիտական համագործակցությունը, ամփոփել համատեղ հետազոտությունների ընթացիկ արդյունքները, ինչպես նաև նոր գործընկերային կապեր հաստատել լեհական բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների հետ։
Այցի կարևոր ուղղություններից էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները թվային փոխակերպումների պայմաններում» գիտահետազոտական ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ստացված արդյունքների ամփոփումն ու հետագա հետազոտական ուղղությունների նախանշումը: Ծրագրի արտասահմանյան համաղեկավար, պրոֆեսոր Ստանիսլավ Մինտայի հետ քննարկվել են հետազոտության ընթացքը, հետագա ուսումնասիրությունների ուղղությունները և միջազգային գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այցի ընթացքում կատարվել են նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, անդրադարձ է եղել ստացված գիտական արդյունքներին և առաջիկայում նախատեսվող միջազգային հրապարակումներին։
Նշված գիտական ծրագրի շրջանակում հետազոտությունները կատարվում են արդիական մի շարք ուղղություններով՝ գյուղատնտեսության թվային փոխակերպում, թվային տեխնոլոգիաների ներդրման տնտեսական և ինստիտուցիոնալ գործոններ, մարդկային կապիտալի և թվային կարողունակությունների զարգացում, շրջանաձև տնտեսություն, նորարարություններ և սոցիալ-տնտեսական կայուն զարգացում։ Հետազոտական աշխատանքների արդյունքներով պատրաստվել են միջազգային գիտական հրապարակումներ, որոնք կարևոր ներդրում են թվային փոխակերպումների և կայուն տնտեսական զարգացման վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների զարգացման գործում։
ԵՊՀ պատվիրակությունը հանդիպել է նաև Վրոցլավի շրջակա միջավայրի և կյանքի մասին գիտությունների համալսարանի տնտեսագիտության դեպարտամենտի ղեկավար Աննա Կապալայի և դեպարտամենտի գիտական ու ակադեմիական անձնակազմի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու համալսարանների միջև կրթական և գիտահետազոտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համատեղ գիտական հետազոտությունների կատարմանը, միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում համատեղ հոդվածների հրապարակմանը, ինչպես նաև դասախոսների, հետազոտողների և ուսանողների ակադեմիական փոխանակումների զարգացմանը։
Կողմերը կարևորել են երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ձևավորումը՝ ընդգծելով գիտական ներուժի համատեղ օգտագործման, հետազոտական փորձի փոխանակման և միջազգային գիտական նախաձեռնություններում ներգրավվածության ընդլայնման անհրաժեշտությունը։ Այս ուղղությունները հնարավորություն են տալիս համադրելու երկու համալսարանների գիտական ներուժը, փոխանակելու հետազոտական փորձը և զարգացնելու երկարաժամկետ համագործակցությունը՝ կրթական ու գիտական նոր նախաձեռնությունների իրականացման համար։
Այցի շրջանակում ԵՊՀ պատվիրակների ունեցած կարևոր հանդիպումներից առանձնանշելի է նաև համալսարանի Էներգետիկայի, շրջակա միջավայրի և հասարակության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արկադիուշ Դյակոնի հետ հանդիպումը, որի շրջանակում նրանք ծանոթացել են կենտրոնի գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղություններին, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտում իրականացվող ծրագրերին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկելու միջազգային գիտահետազոտական կոնսորցիումներ ձևավորելու և համատեղ դրամաշնորհային հայտեր ներկայացնելու հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև այլընտրանքային էներգետիկայի ոլորտում համատեղ հետազոտական խումբ ձևավորելու, գիտական ուսումնասիրություններ կատարելու և դրանց արդյունքները միջազգային գիտական պարբերականներում հրապարակելու հնարավորություններին։
Այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է նաև Վրոցլավի մասնագիտական կրթության համալսարանական քոլեջ՝ Լեհաստանի խոշոր մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը։ Հաստատության նախկին ռեկտոր, ներկայում Սոցիալական և տեխնիկական գիտությունների ինստիտուտի տնօրեն Պյոտր Կարդաշի հետ հանդիպմանը քննարկվել են երկու հաստատությունների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նորարարություններին, ձեռնարկատիրությանը, բիզնես կրթությանը և կիրառական հետազոտություններին։ Կողմերն անդրադարձել են համատեղ կրթական ու գիտական նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև ակադեմիական և գործնական փորձի փոխանակմանը։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համար միջազգային գործընկերությունների զարգացումը ոչ միայն նոր կապերի հաստատում է, այլև դրանց հիման վրա համատեղ գիտական և կրթական նախաձեռնությունների իրականացում։ Ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանի նախաձեռնությամբ և անմիջական ներգրավվածությամբ շարունակվում են աշխատանքները՝ միջազգային համագործակցությունը համատեղ հետազոտությունների, գիտական հրապարակումների, դրամաշնորհային ծրագրերի և ակադեմիական փոխանակումների միջոցով զարգացնելու ուղղությամբ։
Լեհաստան կատարած աշխատանքային այցը հնարավորություն տվեց ոչ միայն ամրապնդելու արդեն ձևավորված գիտական կապերը, այլև նոր գործընկերային հարաբերություններ հաստատելու և համագործակցության կոնկրետ ուղղություններ նախանշելու լեհական մի շարք գիտակրթական հաստատությունների հետ։ Ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր հիմք են ստեղծում հետագա համատեղ ծրագրերի իրականացման, միջազգային գիտական ֆինանսավորման նոր հնարավորությունների օգտագործման և ֆակուլտետի գիտահետազոտական ներուժի զարգացման համար։ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շարունակելու է հետևողական աշխատանքը միջազգային ակադեմիական միջավայրում իր ներկայությունն ամրապնդելու, գիտական համագործակցության աշխարհագրությունն ընդլայնելու և միջազգային գործընկերությունների միջոցով կրթության ու հետազոտությունների որակը բարձրացնելու ուղղությամբ։


