Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանում (Ստավրոպոլ, ՌԴ) ս․թ․ հոկտեմբերի 12-16-ը անցկացվել է «Ռուսաստանը և Անդրկովկասի երկրները. հետահայացք և մարտահրավերներ, պատմական փորձ, տնտեսական կապեր և սոցիալ-մշակութային սահմաններ» խորագրով IV միջազգային երիտասարդական դպրոցը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի պետական համալսարանի «Պատմություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողներ Աննա Մեհրաբյանը (առկա ուսուցում) և Ջանիկ Ափանոսյանը (հեռակա ուսուցում)։
Միջազգային երիտասարդական դպրոցի հիմնական նպատակն էր խթանել Կովկասի պատմության, տարածաշրջանային հարաբերությունների և արդի մարտահրավերների բազմակողմանի ուսումնասիրությունը՝ մեկ հարթակում համախմբելով տարբեր երկրների երիտասարդ հետազոտողների, ուսանողների և ոլորտի մասնագետների։
Գիտական միջոցառումը հնարավորություն ստեղծեց ոչ միայն խորացնելու տարածաշրջանի պատմության վերաբերյալ գիտելիքները, այլև քննարկելու պատմական փորձի և ժամանակակից գործընթացների փոխկապակցվածությունը։ Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրելու կովկասագիտության ոլորտի առաջատար մասնագետների դասախոսությունները, ծանոթանալու տարածաշրջանի պատմական և հասարակական գործընթացների վերաբերյալ գիտական տարբեր մոտեցումներին, ինչպես նաև մասնակցելու կրթական, ճանաչողական և մշակութային միջոցառումների։
Ծրագրում ընդգրկված էին ինտելեկտուալ խաղեր, այցելություն համալսարանի թանգարանային կենտրոն, ինչպես նաև ճանաչողական շրջայց՝ քաղաքի եկեղեցական կոթողներ։
«Մեր մասնակցությունը միջազգային երիտասարդական դպրոցին բավականին կարևոր հնարավորություն էր մասնագիտական գիտելիքների ընդլայնման, հետազոտական հետաքրքրությունների զարգացման և միջազգային ակադեմիական կապերի հաստատման համար։ Տարբեր երկրների երիտասարդների և գիտական համայնքի ներկայացուցիչների հետ շփումը նպաստել է տարածաշրջանային պատմության ու ժամանակակից գործընթացների շուրջ մասնագիտական երկխոսությանը և փորձի փոխանակմանը», – նշում են ԵՊՀ ուսանողները։
Միջազգային երիտասարդական դպրոցին մասնակցությունը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողների համար կարևոր հնարավորություն էր մասնագիտական գիտելիքներն ընդլայնելու, հետազոտական հետաքրքրությունները զարգացնելու և միջազգային ակադեմիական կապեր հաստատելու տեսանկյունից։
Տարբեր երկրների երիտասարդների և գիտական համայնքի ներկայացուցիչների հետ շփումը նպաստել է տարածաշրջանային պատմության, ինչպես նաև ժամանակակից գործընթացների շուրջ մասնագիտական երկխոսությանն ու փորձի փոխանակմանը։




