- Main
- Node
- «Արտերկրում ապրող գործընկերներիս խորհուրդ կտամ աշխատել ԵՊՀ-ում». Գերմանիայից ժամանած դասախոս
May 12, 2025 | 14:21
Կրթություն
Միջազգային համագործակցություն
«Արտերկրում ապրող գործընկերներիս խորհուրդ կտամ աշխատել ԵՊՀ-ում». Գերմանիայից ժամանած դասախոս
Գերմանիայից Հայաստան ժամանած Յոհաննես Գերեոնսը՝ որպես գերմաներենի դասախոս, 2024 թվականից աշխատում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնում։ Մի շարք լեզուների, այդ թվում՝ գերմաներենին, անգլերենին, բոսնիերենին, սերբերենին, խորվաթերենին և արաբերենին տիրապետող Յոհաննեսն իր դասաժամերի մեծ մասը տրամադրում է ուսանողների խոսակցական հմտությունների զարգացմանը։ Նա ընդգծում է, որ հնարավոր չէ սովորել օտար լեզու՝ առանց ինքնուրույն աշխատանքի ու սովորածը շարունակաբար կրկնելու:

ԵՊՀ-ում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության՝ DAAD-ի ներկայացուցիչ Յոհաննես Գերեոնսը գերազանցությամբ ավարտել է Բիլեֆելդի համալսարանի (Գերմանիա) «Գերմաներենը՝ որպես օտար և երկրորդ լեզու» և «Լեզվաբանություն» բակալավրիատի կրթական ծրագրերը: Նա ունի մագիստրոսի երկու աստիճան՝ Լայպցիգի համալսարանի «Գերմաներենը՝ որպես օտար և երկրորդ լեզու» և Դուբլինի համալսարանական քոլեջի (Իռլանդիա) «Խաղաղություն և բախում» մասնագիտությունների գծով։
«Հայաստանում եղել եմ 2023 թ., երբ մասնակցում էի DAAD-ի կազմակերպած ամառային ակադեմիային, որի ժամանակ հիմնականում քննարկվում էին քաղաքականությանն առնչվող հարցեր: Այդ ժամանակ ես «սիրահարվեցի» Երևանին և որոշեցի դիմել դասախոսի աշխատանքի համար: Չնայած Երևանում կան մի շարք համալսարաններ՝ իմ հայ ընկերներն այնուամենայնիվ խորհուրդ տվեցին աշխատել ԵՊՀ-ում»,- պատմում է Յոհաննեսն ու ընդգծում, որ իր պայմանագիրը երկու տարով է, բայց ժամկետը երկարաձգելու հնարավորություն ունի, հետևաբար առաջիկա 4 տարիները կանցկացնի ԵՊՀ-ում:

«Գերմանական բանասիրության ամբիոնում յուրաքանչյուր առարկա կապված է գերմաներենի և Գերմանիայի հետ՝ լեզվաբանություն, գրականություն, մշակույթ, քաղաքականություն և այլն: Իմ ընտրած դասավանդման մեթոդները պայմանավորված են տվյալ դասաժամով: Ես կարող եմ գնահատել իմ դասավանդման որակը իմ ձայնի բարձրության աստիճանով, քանի որ երբեմն դասերից հետո կորցնում եմ ձայնս»,- ժպիտով ասում է գերմանագետը։
Նա շեշտում է՝ երբ որևէ դասից հետո թեյի կարիք է ունենում, կարծում է, որ այդ դասաժամը իր ուզածով չի անցել։
«Դա նշանակում է, որ ես խոսել եմ ավելի շատ, քան ուսանողները: Ինձ համար շատ կարևոր է ուսանողների հաղորդակցական հմտությունների զարգացումը, ուստի փորձում եմ դասաժամի մեծ մասը տրամադրել ուսանողների խոսակցական հմտությունների զարգացմանը: Դասաժամերին օգտագործում եմ աուդիո և վիդեո ֆայլեր, նկարներ։ Առհասարակ, լեզու սովորելու համար անհրաժեշտ է շարունակաբար ինքնակրթվել, կրկնել սովորածդ, պետք է կարողանալ ցույց տալ ուսանողներին, թե որքան կարևոր է ինքնուրույն աշխատանքը»,- ասում է նա։
Յոհաննեսին տպավորել են գերմաներենի նկատմամբ ԵՊՀ ուսանողների հետաքրքրասիրությունը, ինչպես նաև քաղաքակրթությունը։ Այս համատեքստում նա նշում է․ «Չեմ կարող հիշել մի դեպք, երբ ուսանողներն ինձ հակառակվեն, մարտահրավեր նետեն, ուստի նրանց այս մոտեցումը հեշտացնում է իրենց հետ աշխատանքը, իսկ ինձ է՛լ ավելի է մոտիվացնում»:

Երիտասարդ դասախոսը, համեմատելով Գերմանիայի բուհերի և ԵՊՀ ուսանողների հնարավորությունները, ընդգծում է, որ ցավոք, հայ ուսանողների համար ավելի դժվար է եվրոպական երկրներ մեկնելն ու տարբեր կրթական ծրագրերի մասնակցելը, քանի որ դա կապված է, օրինակ, վիզայի խնդրի հետ։
«Գերմանիայում ուսանող քաղաքացիները շատ ավելի հեշտ են մեկնում արտերկիր՝ կրթությունը շարունակելու, ինչը նաև ֆինանսական առումով մեծ ծախս չի նրանց համար»,- մատնանշում է նա:
Շուրջ 9 ամիս աշխատելով ԵՊՀ-ում՝ Յոհաննեսն ընդգծում է, որ համալսարանի դասախոսները բավական հարուստ գիտելիքներ ունեն, ուսանողների հետ շփվելիս ընկերական վերաբերմունք են դրսևորում, իսկ դասավանդման մեթոդներն արդիական են։
Երիտասարդ գերմանագետը աշխատել է որպես դասախոս և լեզվի ասիստենտ աշխարհի տարբեր երկրներում՝ Հորդանանում, Օմանում, Սերբիայում և Մալթայում։
«Ես ապրել եմ տարբեր վայրերում, և ինձ դուր է գալիս այդ փորձառությունը։ Իհարկե, բնակավայր փոխելը միշտ էլ լեցուն է մարտահրավերներով, սակայն այդ մարտահրավերներից նոր դաս ես քաղում: Մի զավեշտալի դեպք պատմեմ․ մի քանի շաբաթ առաջ տաք ջուր չունեի․ կարծում էի՝ խնդիրը գազի կաթսայի հետ է կապված, ու փորձում էի կարգի բերել այն, սակայն չէր հաջողվում: Ավելի ուշ պարզվեց, որ Հայաստանում ծախսված գազի և սպասարկման գումարներն առանձին են վճարվում, իսկ ես միայն ծախսված գազի համար էի վճարել»,- ժպիտով պատմում է նա։
Երևանին սիրահարված Յոհաննեսն ուզում է, որ քաղաքի կենտրոնը զբոսանքի, այլ ոչ թե ավտոմեքենաների անցուդարձի վայր լինի։
«Երևանում չափազանց շատ են ավտոմեքենաները, իսկ բազմաթիվ փողոցներում էլ ճանապարհն անցնելու՝ հետիոտների համար նախատեսված ժամանակահատվածը շատ կարճ է: Կարծում եմ, որ քաղաքի կենտրոնը պետք է մարդկանց զբոսանքի, այլ ոչ թե ավտոմեքենաներ վարելու վայր լինի»,- ասում է նա ու հավելում, որ Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Երևանին վերաբերող նկարներում, տեսել է տրամվայ, որը ներկայում չկա քաղաքում. «Կցանկանայի Երևանում տեսնել այդ տրանսպորտային միջոցը: Ընդհանրապես, Երևանի օդի աղտոտվածությունն ինձ փոքր-ինչ տխրեցնում է»:

Յոհաննեսը եղել է Հայաստանի տարբեր քաղաքներում ու պատմամշակութային վայրերում, այդ թվում՝ Գյումրիում, Գորիսում, Սևանում, Գառնիում, Գեղարդում, Վանաձորում, Ստեփանավանում, Դիլիջանում, Էջմիածնում։
«Գառնիում ինձ շատ տպավորեց Քարերի սիմֆոնիան․ այն բնական ֆենոմեն է և այնքան գեղեցիկ, որ նույնիսկ անհավանական է թվում: Իսկ Լոռին իմ սիրելի մարզն է՝ վառ կանաչ դաշտեր՝ բարձր լեռներով ու ձորերով, որոնց է՛լ ավելի են գեղեցկացնում գետերն ու լճերը: Ես Լոռվա այդ անզուգական տեսարանն ըմբոշխնել եմ դաշնակահար Տիգրան Համասյանի երաժշտության ներքո»,- ասում է նա՝ մատնանշելով, որ սիրում է լսել նաև ժամանակակից հայ երգիչների կատարումները։
«Ինձ շատ են դուր գալիս նաև Կոմիտասի երգերը, մասնավորապես ժամանակակից հայ երգչուհիներից մեկի՝ Արփիի կատարմամբ: Սկզբում ինձ դուր էր գալիս երաժշտությունը, հետո աստիճանաբար սկսեցի հասկանալ բառերը, քանի որ սովորում եմ հայերեն: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է հնչում հայերենը»,- նշում է նա՝ ընդգծելով, որ նմանություն է տեսնում հայերեն և գերմաներեն բառերի կազմության մեջ:
Յոհաննես Գերեոնսը վստահ է՝ իր ուսանողներից յուրաքանչյուրն ունենալու է պայծառ ապագա, իսկ արտերկրում ապրող իր գործընկերներին խորհուրդ է տալու թեկուզև կարճ ժամանակով այցելել Հայաստան և աշխատել ԵՊՀ-ում: