- Main
- Node
- Արժևորում, համագործակցություններ, նոր հեռանկարներ․ ամփոփվեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը
May 16, 2025 | 18:18
Գործընկերներ
Կրթություն
Շրջանավարտներ
Արժևորում, համագործակցություններ, նոր հեռանկարներ․ ամփոփվեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը
Երևանի պետական համալսարանի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն էր մայիսի 15-ին և 16-ին կայացած ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը։ Միջոցառումն ապացուցեց, որ համալսարանական ոգին հարատև է ու միավորող․ այն համախմբում է բոլորին՝ անկախ մասնագիտությունից, տարիների հեռավորությունից ու աշխարհագրական սահմաններից։ Ֆորումի երկրորդ օրվա օրակարգում էին ԵՊՀ շրջանավարտների բանախոսությունները, ֆորումի արդյունքների ամփոփումը և ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումի արդյունքում ձևավորվեցին համագործակցության նոր ուղիներ, բարձրաձայնվեցին տարաբնույթ հարցեր, և արձանագրվեցին առկա մարտահրավերներին դիմակայելու հետագա քայլերը։ Մասնակիցները վստահություն հայտնեցին, որ այս նախաձեռնությունը կդառնա ավանդույթ՝ նպաստելով ԵՊՀ-ի՝ որպես մայր բուհի առաքելության վերաիմաստավորմանն ու ամրապնդմանը։
Օրը սկսվեց ԵՊՀ շրջանավարտների բանախոսություններով, ինչից հետո ամփոփվեցին ֆորումի արդյունքները․ երկօրյա միջոցառումը հաստատեց իր կարևորությունը՝ որպես նոր համագործակցությունների, գաղափարների ու նախաձեռնությունների ստեղծման հարթակ։ Ֆորումի արդյունքների ամփոփման ընթացքում ներկայացվեցին քննարկումների հիմնական ուղերձներն ու առաջարկները, որոնք վերաբերում էին մասնագիտական խնդիրների լուծմանը, մարտահրավերների հաղթահարմանը, ինչպես նաև կրթության ու գիտության զարգացման ժամանակակից միտումներին։ Շեշտվեց ԵՊՀ շրջանավարտների ներուժի կարևորությունը՝ որպես հասարակության տարբեր ոլորտներում դրական փոփոխությունների շարժիչ ուժ։ Նշվեց, որ նման հարթակները ոչ միայն հնարավորություն են տալիս վերարժևորելու համալսարանական ավանդույթները, այլև կամուրջներ կառուցելու ապագայի նախաձեռնությունների և ռազմավարական համագործակցությունների համար։

ԵՊՀ շրջանավարտների ֆորումի արդյունքներն ամփոփվեցին փակման հանդիսավոր արարողության ժամանակ։
«Ֆիզիկական աշխարհ» սեկցիայի աշխատանքներն ամփոփեց ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը։
«Սեկցիայի բանախոսներն ու մոդերատորները կարևորեցին այսօրինակ հանդիպումների պարբերական կազմակերպումը, այդ թվում՝ ավելի նեղ մասնագիտացված ձևաչափերով։ Արդեն իսկ ներկայացվել են մի շարք առաջարկներ, և նախատեսվում է առաջիկայում՝ աշնանը, նախաձեռնել թեմատիկ քննարկումներ»,- նշեց նա։

«Տիեզերք և տեխնոլոգիաներ» սեկցիայի արդյունքները ներկայացրեց ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Միքայել Ալեքսանյանը։
ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Միքայել Ալեքսանյանը նշեց, որ առաջին սեկցիայի շրջանակում ներկայացվեցին Հայաստանում աստղաֆիզիկայի զարգացման առանձնահատկությունները, ինչին հաջորդեց ծավալուն քննարկում՝ բուհ-կրթական համակարգ-մասնավոր հատված համագործակցության վերաբերյալ։
«Երկու սեկցիաներն էլ բավականին ակտիվ և արդյունավետ ընթացան։ Եզրակացությունը միանշանակ է՝ անհրաժեշտ է շարունակել նման ձևաչափի քննարկումները՝ արդեն ավելի նեղ մասնագիտական ուղղություններով»,- ընդգծեց նա։

«Տնտեսություն և հասարակություն» սեկցիայի քննարկումներն ամփոփեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Գոռ Պետրոսյանը։
«Թեև երկու սեկցիաների թեմաները միմյանցից տարբեր էին, սակայն կարելի է նշմարել որոշակի նմանություններ, որոնցից գլխավորը մեր աշխարհագրության մեջ է, սահմանափակության և դրանից բխող հետևանքների: Քննարկումների ընթացքում հստակ արձանագրվեցին առկա խնդիրներն ու դրանցից բխող եզրահանգումները»,- ասաց նա՝ ներկայացնելով դուրս բերված խնդիրներն ու առաջարկները։

«Լեզու, պատմություն, մշակույթ և ավանդույթ» սեկցիայի աշխատանքներն ամփոփեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը։
«Կցանկանայի առանձնացնել երեք հիմնական դիտարկում։ Առաջինն այն է, որ հարցադրումներն ինքնին ոչ միայն խիստ արդիական էին, այլև մանիպուլյատիվ, ինչի ականատեսն ենք վերջին տարիներին։ Այդ իսկ պատճառով ԵՊՀ-ն, օգտագործելով իր և շրջանավարտների ներուժը, կարող է դառնալ հարթակ, որտեղ պետք է ձևավորվեն ինքնությանը և ազգային մշակույթին վերաբերող հստակ և կշռադատված մոտեցումներ։ Երկրորդ՝ բոլոր բանախոսներն ընդգծեցին նման քննարկումների անհրաժեշտությունը։ Երրորդ՝ բոլորը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու մասնակցել այսօրինակ ձևաչափով հանդիպումներին»,– նշեց նա։
Անդրադառնալով ֆորումի նշանակությանն ու արձանագրված արդյունքներին՝ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը կարևորեց ֆորումի շարունակականության և շրջանավարտների առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

«Ցանկացած բան, որն առաջին անգամ է արվում, մեծ փորձարկում է և պահանջում է նաև ընթացիկ վերլուծություն կատարելու ջանքեր։ Շրջանավարտների այս ֆորումը նախևառաջ մեկնարկային միջոցառում էր, որն ուղենշում էր նպատակային աշխատանք՝ մեր շրջանավարտներին համակարգված կերպով ներգրավելու համալսարանի կյանքում։ Նրանք կարող են ներգրավվել տարբեր ձևաչափերով՝ որպես պրոֆեսիոնալներ, որոնք մեր ուսանողների հետ կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով, կրթական ծրագրերում ընդգրկվելուց մինչև հրավիրյալ դասախոսություններ կամ այլ ձևաչափերով բանախոսություններ։ Նրանք կարող են մեր ուսանողների համար դառնալ ապագա գործատուներ, ինչպես նաև՝ ընձեռել փորձնակության հնարավորություն։ Կարծում եմ, որ այս ֆորումին պետք է հաջորդի շրջանավարտների հետ ինտենսիվ հետադարձ կապը, որ այդ համագործակցությունը դառնա շարունակական և կառուցողական»,– ընդգծեց Միքայել Հովհաննիսյանը։
Ֆորումի շրջանակում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակների հանձնման արարողությունը։ Մրցանակների արժանացան այն շրջանավարտները, որոնք ս․թ․ մայիսի 15-ին և 16-ին կայացած ԵՊՀ շրջանավարտների ֆորումի «Ֆիզիկական աշխարհ», «Տիեզերք և տեխնոլոգիաներ», «Տնտեսություն և հասարակություն», «Լեզու, պատմություն, մշակույթ և ավանդույթ» անվանակարգերում ճանաչվել են ԵՊՀ լավագույն շրջանավարտ։ Հավաստագրեր տրվեցին՝
«Ֆիզիկական աշխարհ» անվանակարգում՝
- Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանին։
«Հպարտ եմ, որ ԵՊՀ շրջանավարտ եմ։ Ցանկանում եմ, որ միշտ արև լինի մայր բուհի երկնքում, և շատ ջերմություն՝ ներսում»,- նշեց ԵՊՀ շրջանավարտ Գագիկ Սուրենյանը։
«Տիեզերք և տեխնոլոգիաներ» անվանակարգում՝
- «Կրիսպ» ընկերությանը, որի հիմնադիրները ԵՊՀ շրջանավարտներ են։ Մրցանակը ստացավ ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը։
«Շատ զգացված ու հպարտ ենք այս հաճելի անակնկալի համար։ Հրաշալի է լինել այստեղ ու մասնակցել ԵՊՀ շրջանավարտների ֆորումին։ Մեր ընկերության աշխատակիցների գերակշռող մասը հենց ԵՊՀ շրջանավարտներն են։ Ցանկանում եմ մեր կազմակերպության անունից շնորհակալություն հայտնել Երևանի պետական համալսարանին այս նախաձեռնության համար»,- հավելեց ԵՊՀ շրջանավարտը։
«Տնտեսություն և հասարակություն» անվանակարգում՝
- ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանին։
«Ինձ համար մեծագույն պատիվ է այսօր այստեղ գտնվելը։ Ուզում եմ շնորհավորել բոլորիս մայր բուհի 106-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել համալսարանին ինձ «զինելու» համար, ինչի շնորհիվ կարողացել եմ իմ ներդրումը կատարել մարդու իրավունքների պաշտպանության գործում»,- կարևորեց ԵՊՀ շրջանավարտ Լուսինե Սարգսյանը։
«Լեզու, պատմություն, մշակույթ և ավանդույթ» անվանակարգում՝
- ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի դասախոս Լևոն Սարգսյանին։
«Ինչպես ասում էր մեր դասախոսներից մեկը՝ մենք՝ դասախոսներս, այսօր այստեղ ենք երիտասարդներին ծառայություններ մատուցելու համար։ Ես վերադարձել եմ համալսարան, որ ծառայություններ մատուցեմ և հույս ունեմ, որ օգտակար կլինեմ թե՛ համալսարանին, որին շատ եմ սիրում, թե՛ մեր երկրին»,- ասաց Լևոն Սարգսյանը։
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդես եկավ ֆորումի եզրափակիչ խոսքով՝ ընդգծելով, որ բուհի ճանաչելիությունն ու տեսանելիությունը՝ շնորհիվ միասնական ջանքի, օր օրի պետք է բարձրացնել։

«Երբ այս ֆորումի գաղափարը նոր էր ձևավորվում, այն մեզ համար կարևոր նախաձեռնություն էր, բայց միաժամանակ՝ մարտահրավեր, մեր համայնքի միավորման և ապագայի հանդեպ պատասխանատվության հրավեր։ Այսօր, երբ արդեն եզրափակում ենք ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը, կարող ենք վստահությամբ ասել՝ մենք միասին ընդունեցինք այդ մարտահրավերը՝ մեկնարկելով մի նոր՝ կարևոր ու հեռանկարային ճանապարհ»։
Նրա խոսքով՝ երկօրյա քննարկումների արդյունքում արդեն իսկ սահմանվել են առաջնահերթություններ և հավաքագրվել առաջարկներ։
«Բայց ամենակարևորը՝ մենք ձեռք ենք բերել միմյանց ճանաչելու, իրար հետ աշխատելու և ապագան համատեղ կերտելու փորձառություն։ ԵՊՀ-ն այսօր ավելի ուժեղ է ձե՛ր ներկայությամբ։ Եվ հենց այս զգացողությունն է մեզ մղում դեպի նոր ծրագրերի իրագործում»,- մատնանշեց նա։
Եզրափակելով՝ ԵՊՀ ռեկտորը շնորհավորեց համալսարանականներին ԵՊՀ հիմնադրման 106-ամյակի կապակցությամբ և հավելեց․ «Ինչպես համալսարանի հիմնադիրները տարիներ առաջ երազել են այն ԵՊՀ-ի մասին, որ ունենք այսօր, այնպես էլ մենք ենք պարտավոր երազել ու ձևավորել այն համալսարանը, որը լինելու է 200 տարի հետո»։
ԵՊՀ շրջանավարտների ֆորումը դարձավ խորհրդանշական հարթակ՝ վերաիմաստավորելու համալսարանի արժեքները, միավորելու տարբեր սերունդների շրջանավարտներին և ձևավորելու նոր հեռանկարներ կրթության, գիտության և հասարակական կյանքի համար։ Ֆորումում հնչած մտքերն ու առաջարկները հիմք են ստեղծում շարունակական համագործակցության, ապագային միտված ծրագրերի ու նախաձեռնությունների համար։ Համալսարանի շրջանավարտների ձայնը հստակ արձագանքում է ակադեմիական և հանրային դաշտում՝ վկայելով, որ ԵՊՀ-ն միայն կրթօջախ չէ․ ԵՊՀ-ն մարդիկ են։