- Main
- Node
- Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում
May 23, 2025 | 14:15
Կոնֆերանսներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում
ԵՊՀ-ում կայացավ «Ժամանակակից քրեական դատավարությունը. արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները» խորագրով գիտագործնական համաժողով՝ համախմբելով ոլորտի առաջատար մասնագետների՝ փաստաբանների, գիտնականների, իրավաբանական կրթական հաստատությունների ներկայացուցիչների, դասախոսների, ինչպես նաև ուսանողների։ Միջոցառումը կազմակերպվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով անդրադառնալու քրեական դատավարության ոլորտում առկա մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, բացման խոսքում կարևորելով միջոցառման նշանակությունը, ընդգծեց այն գիտակրթական հաղորդակցությունը խթանելու, մասնագիտական կապերը ամրապնդելու տեսանկյունից։

Նա նշեց, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համար այս համաժողովն արդեն ավանդույթ է դարձել, կարևոր հարթակ՝ ոլորտի մասնագետների, ակադեմիական համայնքի և ուսանողների միջև մասնագիտական հարցերի, գաղափարների քննարկման և փորձառության համար։
Համաժողովի մասնակիցները կարևորեցին ԵՊՀ-ի և մասնագիտական համայնքի միջև նման համագործակցությունների շարունակականությունը՝ ընդգծելով, որ այս հարթակը նպաստում է գիտական մտքի և գործնական փորձի համադրմանը։
Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Գագիկ Ղազինյանը արժևորեց իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությունը համաժողովին՝ նշելով, որ դա ևս փաստում է քննարկվող թեմաների արդիականությունը։

«Շատ ուրախ եմ, որ այսօր ներկա էին նաև մեր գործընկերները իրավապահ համակարգից, ինչը ցույց է տալիս, որ քննարկվող խնդիրները հետաքրքիր և կարևոր են ոչ միայն ակադեմիական, այլև գործնական շրջանակների համար։ Վերջին հաշվով, մեր հետազոտությունների արդյունքներով մենք պետք է կարողանանք ներկայացնել առաջարկություններ, որոնք կուղղվեն օրենսդրական փոփոխությունների մշակմանն ու դրանց գործնական կիրառման հիմնախնդիրների լուծմանը»,- ասաց Գագիկ Ղազինյանը՝ նշելով, որ համաժողովի շրջանակում ներկայացված թեմաները արտացոլում են այն հիմնախնդիրները, որոնք առկա են ոլորտում։
Գագիկ Ղազինյանն ու ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լուսինե Հովհաննիսյանը խոսեցին ՀՀ քրեական դատավարությունում լրացուցիչ դատալսումների նպատակների և մարտահրավերների մասին։ Բանախոս Լուսինե Հովհաննիսյանը մասնավորապես ընդգծեց լրացուցիչ դատալսումների դերը և կարևորությունը։

Համաժողովին զեկույցներով հանդես եկան Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանների իրավագիտության ֆակուլտետների և ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի պրոֆեսորներ՝ ներկայացնելով իրենց ուսումնասիրությունները և փորձագիտական մոտեցումները համաշխարհային ու տեղական քրեական դատավարական գործընթացների համատեքստում։
Բանախոսների զեկույցները ներառում էին քրեական դատավարության մի շարք արդիական թեմաներ՝ համադրելով տեսական մոտեցումները և գործնական կիրառությունները։ Մասնավորապես քննարկվեցին քրեադատավարական օրենսդրության խնդիրները և դրանց հնարավոր լուծումները ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի շրջանակում, ապացուցման հիմնահարցերը դատարանի կողմից բողոքները քննելիս նախաքննության փուլում, ինչպես նաև գաղտնի քննչական գործողությունների քրեադատավարական ծագումնաբանությունը՝ դիտարկված տեսաիրավական և գործնական դիտանկյուններից։ Բանախոսները անդրադարձան նաև այլ արդիական խնդիրների, որոնք կարևոր են դատավարական համակարգի հետագա զարգացման համար։
Միջոցառման ավարտին ընդգծվեց, որ նմանօրինակ քննարկումները պետք է ունենան պարբերական բնույթ՝ նպաստելով քրեական դատավարության ոլորտում շարունակական զարգացման ապահովմանը, գիտակրթական և գործնական հարթակների միջև համագործակցության խորացմանը, ինչպես նաև նոր գաղափարների մտահղացմանը։
Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու, ներկայացնելու իրենց տեսլականն ու վերլուծությունները քրեական դատավարության արդիականացման ուղղությամբ։