May 30, 2025 | 16:58
Science
Partners
Education
Trilateral memorandum signed to promote development and strengthening of justice system
A trilateral memorandum was signed at Yerevan State University, aiming to unite the efforts of academic and state institutions in addressing the legal and psychological challenges within the Penitentiary Service of Armenia. The parties to the cooperation are the Faculty of Law, the Faculty of Philosophy and Psychology, and the Penitentiary Service of the Ministry of Justice of the Republic of Armenia.

Հուշագրի ստորագրման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավարը ներկայացրեց իրավական, տեսական և հոգեբանական այն դժվարությունները, որոնց բախվում են ոլորտի աշխատակիցները։ Վերջիններիս մասնագիտական վերապատրաստման, հոգեբանական աջակցման, ինչպես նաև տեսական խնդիրների քննարկման անհրաժեշտությունն այսօր առավել քան արդիական է։ Բազմաթիվ դեպքերում անհրաժեշտ է լինում հոգեբանական փորձաքննություն, սակայն զգացվում է համապատասխան որակավորումով մասնագետների պակաս։

ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում գործող «Կլինիկական հոգեբանություն» մագիստրոսական ծրագիրը կարող է լուրջ ներդրում ունենալ այս խնդրի լուծման հարցում։ Հուշագրի շրջանակում նախատեսվում է ձևավորել փորձագիտական համագործակցություն՝ ներգրավելով մագիստրանտներին և դասախոսներին, կազմակերպելով փոխադարձ այցելություններ, պրակտիկաներ և ուսումնասիրելով իրական գործնական խնդիրներ։ Նույնիսկ քննարկվում է քրեակատարողական ծառայության կողմից մասնագիտացված դասընթացի մշակման հնարավորությունը։
Իրավագիտության ոլորտում համագործակցությունն արդեն իսկ ամուր հիմք ունի։ Քրեակատարողական ծառայության օրենսդրական նախաձեռնությունները մշտապես մշակվում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնագետների հետ համատեղ։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Աշոտ Պետրոսյանն ընդգծում է․ «Քրեակատարողական ծառայության հետ համագործակցությունը սոսկ փաստաթղթային չէ։ Օրենսդրական փոփոխությունների մշակմանը մասնակցելուց բացի՝ պատրաստ ենք նաև աջակցելու տեսական և կիրառական խնդիրների լուծման հարցում ևս։ Սույն հուշագիրը դառնալու է հարթակ՝ իրավագիտության և հոգեբանության համադրմամբ համակարգային բարեփոխումների համար»։
Հուշագրով նախատեսվում է նաև գիտագործնական համաժողովների անցկացում, որոնց ընթացքում կքննարկվեն ոլորտին առնչվող արդի խնդիրներ՝ ներգրավելով ինչպես ակադեմիական շրջանակների, այնպես էլ պետական համակարգի ներկայացուցիչների։
Այս նախաձեռնությունը փոխշահավետ է բոլոր կողմերի համար։ Այն ոչ միայն իրավական հարթակ է ստեղծում համագործակցության համար, այլև իրական հնարավորություն է ընձեռում՝ բարձրացնելու քրեակատարողական ծառայության արդյունավետությունն ու մասնագիտական պատրաստվածության մակարդակը՝ հենվելով գիտական ու կրթական ներուժի վրա։