- Գլխավոր
- Նորություններ
- Եռակողմ հուշագիր՝ հանուն արդարադատության համակարգի զարգացման և ամրապնդման
Մայիս 30, 2025 | 16:58
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
Եռակողմ հուշագիր՝ հանուն արդարադատության համակարգի զարգացման և ամրապնդման
Երևանի պետական համալսարանում կնքվեց եռակողմ հուշագիր Իրավագիտության ֆակուլտետի, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության միջև։ Հուշագիրը նպատակ ունի միավորելու ՀՀ քրեակատարողական ծառայության իրավական և հոգեբանական հիմնախնդիրների լուծմանն ուղղված ակադեմիական և պետական հաստատությունների ջանքերը։


Բացման խոսքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը ողջունելով ներկաներին նշեց․ «Իրավագիտության ոլորտում համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի։ Քրեական և քրեակատարողական քաղաքականության օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ նորամուծությունները մշտապես մշակվում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնագետների հետ համատեղ։ Բակալավրիատում և մագիստրատուրայում դասավանդվում են մի շարք դասընթացներ, որոնց գործնական աշխատանքի դասաժամերը կազմակերպվում են նաև ծառայության մարմիններում։ Քրեակատարողական ծառայության հետ համագործակցությունը սոսկ փաստաթղթային չէ: Օրենսդրական փոփոխությունների մշակմանը մասնակցելուց բացի՝ պատրաստ ենք նաև աջակցելու տեսական և կիրառական խնդիրների լուծման հարցում ևս։ Սույն հուշագիրը դառնալու է հարթակ՝ իրավագիտության և հոգեբանության համադրմամբ համակարգային բարեփոխումների համար»։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանը ներկայացրեց իրավական, տեսական և հոգեբանական այն դժվարությունները, որոնց բախվում են ոլորտի աշխատակիցները։ Վերջիններիս մասնագիտական վերապատրաստման և հոգեբանական հմտությունների կատարելագործման, ինչպես նաև տեսական խնդիրների քննարկման անհրաժեշտությունն այսօր առավել քան արդիական է։ Բազմաթիվ դեպքերում անհրաժեշտ է լինում հոգեբանական փորձաքննություն, սակայն զգացվում է համապատասխան որակավորումով մասնագետների պակաս։

ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում գործող «Կլինիկական հոգեբանություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Գայանե Շահվերդյանը ողջունեց նախաձեռնությունը և շեշտեց, որ մագիստրոսական ծրագիրը կարող է լուրջ ներդրում ունենալ այս խնդիրների լուծման հարցում։
Հուշագրի շրջանակում նախատեսվում է ձևավորել փորձագիտական համագործակցություն՝ ներգրավելով մագիստրանտներին և դասախոսներին, կազմակերպելով փոխադարձ այցելություններ, պրակտիկաներ և ուսումնասիրելով իրական գործնական խնդիրներ։ Նույնիսկ քննարկվում է քրեակատարողական ծառայության կողմից մասնագիտացված դասընթացի մշակման հնարավորությունը։
Հուշագրով նախատեսվում է նաև գիտագործնական համաժողովների անցկացում, որոնց ընթացքում կքննարկվեն ոլորտին առնչվող արդի խնդիրներ՝ ներգրավելով ինչպես ակադեմիական շրջանակների, այնպես էլ պետական համակարգի ներկայացուցիչների։
Նախաձեռնությունը փոխշահավետ է բոլոր կողմերի համար: Համագործակցության իրավական հարթակ ստեղծելուց զատ՝ այն իրական հնարավորություն է՝ բարձրացնելու քրեակատարողական ծառայության արդյունավետությունն ու մասնագիտական պատրաստվածության մակարդակը՝ կիրառելով գիտական ու կրթական ներուժը։