Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Պատմության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման ընթացքում բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերն ավարտած ուսանողները ստացան իրենց ավարտական դիպլոմները:

Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը, բարի երթ մաղթելով շրջանավարտներին, նշեց․ «Հերթական հիշարժան արարողությունն է, քանի որ Պատմության ֆակուլտետի բոլոր կրթական ծրագրերի շուրջ 200 շրջանավարտ մուտք է գործելու հանրային կյանք՝ գիտական, կրթական, մշակութային միջավայր՝ համալսարանականի արդեն իսկ վավերացված կարգավիճակով։ 1919 թվականից ի վեր՝ համալսարանական լինելը պարտք և պատասխանատվություն է սեփական անձի, երկրի, հասարակության, մշակութային ժառանգության և ինքնության հանդեպ։ Պատահական չէ, որ պետական, քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ասպարեզներում համալսարանականի ներդրումն անուրանալի է»։
Մ. Գաբրիելյանը հավելեց. «Սիրելի´ ուսանողներ, առաջին հերթին մաղթում եմ, որ անկախ ձեր գտնվելու միջավայրից՝ միշտ կարողանաք պահպանել և կրել համալսարանական արժեքները։ Չեմ զլանա նշել, որ հասարակական և հումանիտար գիտությունների ջանքերից է կախված, թե որոնք են լինելու մեր վաղվա մարտահրավերները։ Խնդրում եմ այստեղից դուրս գալ՝ կրելով այդ պատասխանատվությունը։ Վստահ եմ, որ մեր շրջանավարտներն իրենց անելիքներում դնելու են սեր, հպարտություն և արժանապատվություն»։

Ս.թ. հուլիսի 3-ին տեղի ունեցած միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ փոխտնօրեն Պավել Ավետիսյանը։ Շրջանավարտներին ուղղված իր ելույթում նա ընդգծեց․ «Սիրելի´ ուսանողներ, այսօր դուք ստանում եք ոչ միայն դիպլոմ, այլև առաքելություն՝ ծառայելու մեր ժողովրդին և պետությանը։ Պատմաբանի մասնագիտական ճանապարհը հեշտ չէ։ Այն պահանջում է համբերություն, հեռատեսություն, վերլուծական միտք և ներքին անկեղծություն։ Որպես Պատմության ֆակուլտետի շրջանավարտներ՝ դուք պետք է լինեք ոչ միայն գիտելիքներով զինված, այլև առողջ մտքի կրողներ և հանրային բանավեճի ազնիվ մասնակիցներ։ Ձեր առջև բացվում են բազմաթիվ դռներ, սակայն երբեք մի հրաժարվեք մտածող, քննադատող, բայց և կառուցող հայացքից։ Ձեր գիտելիքը թող դառնա ձեր մտածողության առանցքը, ձեր քաղաքացիական դիրքորոշման ուղենիշն ու առաջնորդը։ Շնորհավորում եմ և ցանկանում ամրություն՝ դիմակայելու ժամանակի մարտահրավերներին»։
Ֆակուլտետի ինչպես շրջանավարտների, այնպես էլ դասախոսների և աշխատակիցների համար տոնական այս օրը խորհրդանշական էր կյանքի հերթական շրջափուլի թե՛ ավարտի, թե՛ նոր սկզբի տեսանկյունից: