- Main
- Node
- Գիտելիք, փորձ և ընկերություն․ բնագիտական ճամբարը ևս մեկ անգամ համախմբեց դպրոցականներին
July 14, 2025 | 13:23
Գիտություն
Կրթություն
Շարունակական կրթություն
Գիտելիք, փորձ և ընկերություն․ բնագիտական ճամբարը ևս մեկ անգամ համախմբեց դպրոցականներին
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց «Բնագիտությունը զվարճալի՜ է․ տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» ամառային բնագիտական ճամբարը։ Այս տարվա ճամբարի հիմնական նպատակն էր օգնել Արցախից տեղահանված և Հայաստանի տարբեր համայնքներում հաստատված դպրոցականներին ոչ միայն ձեռք բերելու նոր գիտելիքներ, այլև վերագտնելու հետաքրքրությունը գիտության նկատմամբ։

Բնագիտական ճամբարի շրջանակում երեխաները, ինքնուրույն կատարելով գործնական աշխատանքներ ու գիտափորձեր, ձեռք են բերում ուսումնական փորձառություն՝ տեսնելով, շոշափելով, փորձելով։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի աշխատակից, ճամբարի կազմակերպիչ և պատասխանատու Արմինե Կարապետյանի խոսքով՝ ճամբարն այն տեղն է, որտեղ գիտությունը լոկ տեսություն չէ․ այն դառնում է կիրառելի և ոգեշնչող։

«ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում անցկացված ճամաբարը նախատեսված էր Արցախից բռնի տեղահանված 13-16 տարեկան դպրոցականների համար, սակայն հովանավոր հիմնադրամի առաջարկով յուրաքանչյուր խմբում ընդգրկվել են նաև դպրոցականներ Հայաստանից։ Ընդհանուր առմամբ, ճամբարին մասնակցել է շուրջ 65 դպրոցական»,- նշեց Արմինե Կարապետյանը։
Ճամբարի յուրաքանչյուր օրը հագեցած էր և կառուցված այնպես, որ երեխաները մշտապես գտնվեն ստեղծագործ միջավայրում և ուսումնական «շարժման» մեջ։
«Առավոտը սկսվում էր ֆիզիկական ակտիվությամբ՝ նախավարժանքներով, ինչից հետո կազմակերպվում էր նախորդ օրվա ամփոփում․ երեխաները պատմում էին, թե ինչը իրենց դուր եկավ, ինչը՝ ոչ, ինչ կցանկանային փոխել կամ ավելացնել։ Այնուհետև սկսվում էին թեմատիկ պարապմունքները՝ «Քիմիա», «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» առարկաներից, որոնք անցկացվում էին փորձարարական մեթոդներով։ Օրինակ՝ «Օրգանական քիմիա» և «Անօրգանական քիմիա» առարկաները դասավանդողները երեխաներին ներգրավում էին իրական փորձերի մեջ՝ ապահովելով անվտանգության բոլոր պայմանները։ Երեխաները ոչ միայն տեսնում էին նյութի փոխակերպումները, այլև իրենք էին կատարում այդ փորձերը, հետևում ռեակցիաներին և վերլուծում արդյունքները»,- հավելեց կազմակերպիչը։
Բնագիտական ուղղությունից բացի՝ ճամբարում իրենց ուրույն տեղն ունեին ստեղծագործական պարապմունքները։ Ըստ կավագործության դասընթացավար Գայանե Ստեփանյանի՝ կավի հետ աշխատելը հաճախ դառնում է հոգեբանական թերապիա։ Երեխաները կավագործության դասերի ժամանակ իրենց ձեռքով պատրաստել են տարբեր իրեր։
«Կավն ունի հակասթրեսային հատկություն հատկապես այն երեխաների համար, որոնք դժվարանում են արտահայտել իրենց հույզերը։ Այս գործընթացը դառնում է ինքնաարտահայտման միջոց»,- ընդգծեց Գայանե Ստեփանյանը։

Անցկացվել են նաև հագուստի մոդելավորման, թղթի վերամշակման, կարի, ինչպես նաև տեսանկարահանման դասընթացներ։ Վերջինը հատկապես շատ է սիրվել երեխաների կողմից․ նրանք սովորել են՝ ինչպես ճիշտ տեսանկարահանել, ստեղծել վիդեոպատմություններ, իսկ վերջում պատրաստել են խմբային հոլովակներ և պաստառային սահիկաշարեր, որոնք ներկայացրել են ճամբարի ավարտին։
Ամառային ճամբարը հարուստ էր նաև մշակութային այցերով․ մասնակիցները այցելել են Կեչառիսի վանական համալիր, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, ինչպես նաև Ծաղկաձորում գտնվող հնավայրեր։ Այս ամենը նպաստեց, որ երեխաները տեսնեն և ճանաչեն նաև իրենց մշակութային և պատմական միջավայրը։
Ճամբարի կազմակերպական աշխատանքներում ակտիվորեն ներգրավված էին նաև ԵՊՀ կամավորները, որոնք ապահովում էին երեխաների երեկոյան ժամանցը, խաղերն ու միջանձնային կապերի ամրապնդումը։
«Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» աշխատարանների ծրագրի ղեկավար Մակրիտա Ավջյանն ընդգծեց․ «ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանի առաջարկած գաղափարը՝ 13-16 տարեկան երեխաների համար կազմակերպել բնագիտական աշխատարաններ, հաջողությամբ կյանքի կոչվեց։ Հիմնական նպատակն այն էր, որ ուսումնական տարվա ավարտից հետո՝ արձակուրդային շրջանում, երեխաները չկորցնեն հետաքրքրությունը ուսման հանդեպ և համախմբվեն ուսումնական նախաձեռնության շուրջ, սակայն ոչ դասարանական, դասագրքային տրամադրությամբ։ Այս նպատակով դիտարկվեց ԵՊՀ լաբորատոր ներուժը, հատկապես՝ վերջերս վերանորոգված և տեխնիկապես հագեցած լաբորատորիաները»։

Ըստ Մակրիտա Ավջյանի՝ ծրագիրը նախապես ստացել է աշխատարան անվանումը, քանի որ հիմնական գաղափարն այն էր, որ երեխաներն արձակուրդի ժամանակ դուրս լինեին դպրոցական մթնոլորտից, չունենային դասական դասարանային դասընթաց, տնային աշխատանքներ, գնահատականներ․ դրա փոխարեն՝ գիտությունն ընկալեին որպես հետաքրքիր և կիրառական երևույթ, որը կարող են տեսնել, շոշափել և փորձել։
Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցում էին օրական չորս ժամ տևողությամբ պարապմունքների ԵՊՀ լաբորատորիաներում, ինչից հետո վերադառնում էին տուն։ Մ․ Ավջյանը շեշտեց, որ առաջին տարվա փորձը հաջողված էր, սակայն հաջորդ տարում իրավիճակը կտրուկ փոխվեց։ Արցախից տասնյակ հազարավոր ընտանիքների տեղահանման հետևանքով մեծաթիվ դպրոցականներ հայտնվեցին Հայաստանի տարբեր մարզերում և, կարելի է ասել, անհնար էր նրանց ներգրավել համալսարանում անցկացվող աշխատարանում։ Խորհրդակցության արդյունքում որոշվեց ծրագրի ձևաչափը զարգացնել և կիրառել ճամբարային տարբերակով։ Նպատակը նույնն էր՝ ուսումնական աշխատարանների ձևավորում, սակայն այս անգամ՝ հնգօրյա ճամբարի ձևաչափով, ԵՊՀ ուսումնաարտադրական կենտրոններից մեկում։
«Այդպես էլ կյանքի կոչվեց նախաձեռնությունը, որը նախորդ տարի իրականացվեց Բյուրականում, իսկ այս տարի՝ Ծաղկաձորում։ Ճամբարը միաձուլեց գիտությունը, մշակութային ճանաչողությունը, թիմային աշխատանքը և սոցիալական փոխհարաբերությունների զարգացումը՝ վերածվելով ամբողջական կրթական միջավայրի»,- պատմեց Մ․ Ավջյանը։

ՀՀ Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, ճամբարի մասնակից Նարե Հայրապետյանը պատմեց, որ ճամբարի առաջին օրը, երբ իմացել են, որ պետք է հանձնեն իրենց հեռախոսները, բոլորը մի պահ շփոթվել են, նույնիսկ՝ տխրել, քանի որ պարզապես չէին պատկերացնում, թե ինչ կարելի է անել առանց սոցիալական ցանցերի։
«Բայց արդեն մի քանի ժամ անց մենք ինքնաբերաբար սկսեցին շփվել, ծիծաղել, մասնակցել խաղերին ու դասերին՝ հասկանալով, որ հեռախոսից այն կողմ ևս կյանք կա»,- ասաց Նարեն։
Նա առանձնահատուկ ոգևորությամբ է հիշում կավագործության դասընթացը, նոր ընկերներին և ճամբարի դրական մթնոլորտը՝ հավելելով, որ շատ կցանկանար նման ճամբարներ անցկացվեն նաև հետագայում։

Երևանի Վ․ Մայակովսկու անվան №7 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Սլավա Ստեփանյանն իր հերթին խոստովանեց, որ սկզբում այդքան էլ ոգևորված չէր ճամբարին մասնակցելու գաղափարով։ Նա պատկերացրել էր հերթական ուսումնական ծրագիրը՝ նման դպրոցին, լեցուն դասերով։ Սակայն իրականությունն ամբողջությամբ փոխվեց հենց առաջին օրվանից։
«Երբ եկանք այստեղ, հասկացա, որ ամեն ինչ բոլորովին այլ է։ Ամեն բան հետաքրքիր էր, ամեն ինչին ուզում էի մասնակցել։ Ձեռք եմ բերել գիտելիքներ, որոնք, վստահ եմ, պետք կգան ապագայում։ Բայց ինձ համար ամենակարևորը նոր ընկերներն էին, որոնց հետ հաստատ պահելու եմ կապը նաև ճամբարից դուրս»,- հավելեց Սլավան։