Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում ս.թ. հուլիսի 7-ին տեղի ունեցավ Ֆարմացիայի ինստիտուտի 2024–2025 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
ՀՀ ԳԱԱ նախագահ, Ֆարմացիայի ինստիտուտի հիմնադիր պրոֆեսոր Աշոտ Սաղյանը, կրթական ծրագրերի ղեկավարները ողջունելով և բարի երթ մաղթելով շրջանավարտներին, նշեցին, որ նրանք իրենց կյանքի նոր փուլը մեկնարկում են գիտելիքներով, արժեքներով ու մարդասիրական ձգտումով զինված:
Ավարտական վկայականները հանձնվեցին ըստ կրթական ուղղությունների: Շրջանավարտներն ուրախ ծափահարությունների ուղեկցությամբ բեմ բարձրացան՝ ստանալով իրենց դիպլոմները։ Մագիստրատուրայի շրջանավարտները հանդիսավորությամբ ընթերցեցին դեղագետի երդումը՝ փաստելով իրենց պատրաստակամությունը ծառայելու հանրային առողջությանը և առաջնորդվելու մասնագիտական էթիկայով, մարդասիրությամբ։ Երդման խոսքի ավարտին շրջանավարտները, ընդգծելով իրենց մասնագիտական հավատարմությունը, միասին երեք անգամ բացականչեցին «Երդվում եմ»։
Արարողությունը եզրափակվեց «Հուշերով լի գինի» խորհրդանշական միջոցառմամբ։ Մագիստրոսներն իրենց նպատակներն ու երազանքները հանձնեցին թղթին և տեղադրեցին գինու շշի մեջ, որը կբացվի տասը տարի անց՝ վերածվելով հիշողության, ինքնաճանաչման և ժամանակի արժեքային դրսևորման։
Դիպլոմների հանձնման արարողությունը միավորեց ակադեմիական հպարտությունը, հուզմունքը և մարդասիրության բարձրագույն արժեքները և նշանավորեց շրջանավարտների մասնագիտական զարգացման կարևոր մի հանգրվան: