«Յասոն» ծրագրի շրջանակում ս.թ. հունիսի 23-ից հուլիսի 18-ը կազմակերպվեցին հունարենի ինտենսիվ դասընթացներ

Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Ղազախստանի ինն առաջատար համալսարանների տասնութ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներ մասնակցեցին հունարենի հեռավար ինտենսիվ դասընթացների՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի անվան համալսարանի ժամանակակից հունարենի դպրոցում: Միաժամանակ նրանք ունեցել են հունական մշակույթին առնչվող դասախոսություններ, վիրտուալ այցելություններ Սալոնիկի և Մակեդոնիայի թանգարաններ ու հնագիտական վայրեր:
ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի երեք ուսանող` Սիլվա Խաչատրյանը, Մարգարիտա Մանվելյանը և Աննա Ավետիսյանը, մասնակցեցին «Յասոն» ծրագրի կազմակերպած դասընթացներին: Այս նախագիծն այսօր Արիստոտելի անվան համալսարանի մշակութային դիվանագիտության և գիտական համագործակցության կարևորագույն հաստատություններից մեկն է, որը միտված է կառուցելու բարեկամական, հարգալից և գիտական համագործակցային հարաբերություններ սևծովյան և հյուսիսարևելյան Եվրոպայի համալսարանների հետ:

Համագործակցության շրջանակում նախատեսվում են երկկողմ այցելություններ՝ կարիքների ճշգրիտ և լիարժեք գնահատման համար: Ծրագրի շրջանակում Սալոնիկի Արիստոտելի համալսարանը, հետազոտական անհրաժեշտ ռեսուրսներից և հարմարություններից բացի, տրամադրում է նաև կրթաթոշակներ՝ հունարեն սովորելու և Սալոնիկի Արիստոտելի համալսարանում հետագա կրթություն ստանալու նպատակով։
«Յասոն» ծրագիրը հիմնադրվել է 1994 թվականին Սալոնիկի Արիստոտելի համալսարանի ռեկտորական իշխանությունների նախաձեռնությամբ և Սենատի հաստատմամբ: Ծրագրի նպատակն է ստեղծել կամ գործնականում ամրապնդել հունագիտության կենտրոններ գործընկեր համալսարաններում։ Դրա գործադիր մարմինը Սալոնիկի Արիստոտելի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետն է։