Երևանի պետական համալսարանն այսօր վերածվեց հնարավորությունների խաչմերուկի. բուհի տարածքում «հանդիպեցին» գիտելիքը, փորձը, կարիերան։ Արդեն ավանդույթ դարձած «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո» ցուցահանդեսն այս տարի նվիրված էր նոր ուսումնական տարվան և առաջինկուրսեցիների ընդունելությանը։
Էքսպոյի շրջանակում ստեղծվեցին արդյունավետ կապեր ակադեմիական միջավայրի և աշխատաշուկայի միջև՝ ուսանողներին կապելով իրական գործատուների, գործատուներին՝ ապագա մասնագետների, առաջինկուրսեցիներին՝ համալսարանական կյանքի հնարավորությունների հետ։

Կրթական և աշխատանքային հնարավորություններ, գործատուների, շրջանավարտների, ուսանողների և դիմորդների միջև արդյունավետ հաղորդակցություն, համապարփակ թեմատիկ քննարկումներ, բազմաթիվ հարցերի պատասխաններ. սա էր «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ի առաքելությունն ու մեծ նպատակը։
Միջոցառման պաշտոնական բացմանը ելույթ ունեցավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ արդեն ավանդույթ դարձած «ԲանՈՒԳործ» էքսպոյի անվանումն ինքնին հուշում է այն գաղափարը, որը ցանկանում են փոխանցել ուսանողներին, գործընկերներին և բիզնեսի ներկայացուցիչներին։

«Էքսպոյի միջոցով մենք ցանկանում ենք ընդգծել այն հիանալի հնարավորությունը, որ ընձեռում է լայնամասշտաբ այս միջոցառումը տարբեր խմբերի՝ միմյանց հետ հանդիպելու, շփվելու և համագործակցելու համար։ Առաջին հերթին կառանձնացնեմ աշակերտներին, որոնք այսօր այստեղ՝ ԵՊՀ-ում, հնարավորություն ունեն ծանոթանալու համալսարանի բոլոր կրթական ծրագրերին և ստորաբաժանումներին։ Այս հարթակը նրանց տալիս է իրական հնարավորություն՝ պատկերացում կազմելու իրենց ապագա մասնագիտական ուղու մասին։ Նախորդ տարիների փորձը ցույց է տվել այս միջոցառման արդյունավետությունն ու ազդեցությունը. մենք ունեցել ենք ավելի քան 20 հազար այցելուներ, որոնց մեծամասնությունը դպրոցականներ են եղել։ Ուրախությամբ նշեմ, որ նրանցից շատերը էքսպոյի ընթացքում են կայացրել իրենց որոշումը և այսօր արդեն ԵՊՀ առաջին կուրսի ուսանողներ են»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։
Նա հավելեց, որ հաջորդ կարևոր խումբը տարբեր կուրսերի ուսանողներն են՝ մատնանշելով, որ էքսպոն նրանց համար ևս յուրահատուկ հարթակ է՝ ծանոթանալու գործընկեր կազմակերպություններին, հասկանալու, թե ինչ հնարավորություններ է առաջարկում գործարար աշխարհը։

«Ցանկանում եմ առանձնացնել մեր գործընկերներին՝ բիզնեսի և պետական կառույցների ներկայացուցիչներին, որոնք այսօր այստեղ են՝ ներկայացնելու իրենց առաջարկած հնարավորությունները»,- ասաց ԵՊՀ ռեկտորը և հավելեց, որ այս տարվա էքսպոն առանձնահատուկ նշանակություն ունի մեկ առումով ևս, քանի որ այն յուրօրինակ «բարի գալուստ» է առաջինկուրսեցիների համար։
Միջոցառման բացման պաշտոնական արարողությունից հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շրջայց կատարեց տաղավարներով՝ անձամբ շփվելով համալսարանի տարբեր ֆակուլտետների, գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ցուցահանդեսն ուներ երկու հիմնական բաղադրիչ՝ կարիերայի տոնավաճառ, որտեղ ներկայացված էին ԵՊՀ գործընկերները՝ ուսանողներին ծանոթացնելու փորձնակության, աշխատանքի հնարավորություններին, աշխատաշուկայի հիմնական միտումներին, կրթության տոնավաճառ, որտեղ կրթական ստորաբաժանումների տաղավարների միջոցով դիմորդները ծանոթացան ԵՊՀ կրթական ծրագրերին և հեռանկարներին:

Կրթության տոնավաճառի շրջանակում ԵՊՀ ֆակուլտետները, ինստիտուտներն ու կենտրոնները, վարչական ստորաբաժանումները, ուսանողական կառույցները, ինչպես նաև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը ներկայացրին իրենց կրթական, փորձնակության ծրագրերը, կազմակերպեցին վիկտորինաներ, մրցույթներ։ Միջոցառմանը մասնակցեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ ներկայացնելով իր կրթական ծառայությունները և ցուցադրելով կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքները:
ԵՊՀ կրթական ստորաբաժանումները միջոցառմանը մասնակցեցին ինտերակտիվ տաղավարներով՝ ներկայացնելով իրենց մասնագիտությունները և ընձեռվող հնարավորությունները։
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը (ՀՀԻ) նույնպես մասնակցում էր այս տարվա ցուցահանդեսին: ՀՀԻ տաղավարում ներկայացված էին ոչ միայն ինստիտուտի երկարամյա գիտական ժառանգությունը, այլև վերջին տարիներին իրականացված նորագույն հետազոտությունները, կրթական ծրագրերը և գիտական մենագրությունները, ինչպես նաև պատմական քարտեզագրության ուղղությամբ իրականացված աշխատանքները։

Ներկայացված մենագրություններն ու գիտական հրապարակումներն ընդգծում էին ՀՀԻ-ի կարևոր դերը հայագիտության արդի զարգացումների մեջ՝ միաժամանակ ներկայացնելով ազգային և տարածաշրջանային խնդիրների բազմակողմանի վերլուծության արդյունքները։ Տաղավարում ցուցադրված աշխատանքները ոչ միայն փաստում էին ինստիտուտի գիտական ներուժը, այլև շեշտում դրանց կիրառական արժեքը՝ կրթական գործընթացում, վերլուծական ուսումնասիրություններում և քաղաքական ռազմավարությունների ձևավորման գործում։
Բացի գիտական ցուցադրությունից, ինստիտուտը նաև ներկայացնում էր համագործակցության և կարիերայի հնարավորություններ՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ներկայացնել իրենց ինքնակենսագրականները և քննարկել ապագա համագործակցության հեռանկարները։